Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաեւ ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 65 «կողմ», 30 «դեմ» ձայներով․ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ովքեր բացակայում էին, գրություններ էին թողել իրենց քվեարկության մասին։ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջական ընդունելու համար քվեարկությունը տեղի կունենա 3 ժամից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ ամբիոնից իր շնորհակալությունները հղեց Նիկոլ Փաշինյանին, Արփինե Սարգսյանին՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» նախագծում փոփոխությունների համար։ Հարցն անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ է քննարկվել եւ հավանության արժանացել։ Նախագծի երկրորդ կետի համաձայն, ՀՀ քաղաքացի, այդ թվում երկքաղաքացի հանդիսացող՝ այլ երկրներում ստացած եւ Վիեննայի 1968 թվականի ճանապարհային երթեւեկության կոնվենցիայով սահմանված վարորդական վկայականներին համապատասխանող վկայականները ՀՀ-ի տարածքում համարվում են գործող՝ այդ անձանց ՀՀ-ի տարածք գործելուց երեք ամիս ժամկետով։
Շիրակ Թորոսյանը պարզաբանեց՝ դա նշանակում է, որ այն ջավախքցիները, ովքեր ունեն երկքաղաքացիություն, բայց երթեւեկում են վրացական վարորդական իրավունքներով, քանի որ ապրում են Վրաստանում, այլեւս չեն ստուգվելու․ «Մենք այսօր հրատապ ընդունում ենք օրենք, որի գլխավոր շահառուն ջավախքցին է։ Այլեւս որեւէ ջավախքցի ՀՀ-ում վրացական վարորդական իրավունքով երթեւեկելու համար չի տուգանվելու։ Երեք ամիսը մեկ սահմանը հատելով՝ նա իրավունք ունի երթեւեկել։ Պրակտիկորեն ջավախցիներն այլեւս չեն տուգանվելու»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ