«Այդ կարգի հայտարարություններ ես՝ որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի 10 տարվա նախագահ, լսել եմ 2008 թվականից, երբ մշտապես հայտարարվում էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն երբեւէ այսքան սերտ ու այսքան մոտ չեն եղել։ Երբ մենք բացում ենք ՍԵՊԱ-ն, տեսնում ենք, որ այս պուճուրիկ թղթի կտորները, որոնք ստորագրվում են հիմա ԵՄ հետ, բովանդակային եւ քաղաքական առումով զրո են եւ ոչինչ են 2017-ին ՍԵՊԱ-ի դիմաց, որի ընդամենը 40 տոկոսն է կատարել այս իշխանությունը»,- Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցին Հայաստան ու արված հայտարարություններին։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ «Տաշիր» ընկերությունում տեղի ունեցող գործընթացներին։ «Մենք քիչ առաջ տեսանք, որ գրոհ է սկսվել Տաշիր ընկերության գլխամասի հանդեպ։ Առավոտ շուտ Նիկոլ Փաշինյանն իր գործերը թողած՝ շտապեց գրառում անել։ Վերջին շրջանում նա դարձել է հանրապետության գլխավոր գինեկոլոգը ու լծված է տարբեր հոգեւորականների կուսակրոնության ուսումնասիրությանը։ Ըստ էության՝ սպառնալից գրություն արեց, որ՝ ով ամսի 4-ին մասնակցի ի սատարումն Սամվել Կարապետյանի երթի, աշխատանքից կհեռացվի։ Խոսքը հենց աշխատողների մասին է, իսկ կազմակերպիչները կկալանավորվեն։ Հիմա եկեք մի թեթեւ պատկերացնենք, որ նման տեռորային հայտարարություն աներ նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ, որեւէ նախագահ, վարչապետ, երեք վայրկյան հետո Հայաստանի վզից կբռնեին ու դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից՝ ասելով, որ այս հայտարարությամբ դուք ոտնահարում եք մարդու իրավունքը, ազատ կամարտահայտությունը՝ ցույցերի, երթերի մասնակցելու սահմանադրական իրավունքը, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը՝ այն որակելով խայտառակ։ Ըստ Զոհրաբյանի՝ 2 տարի, մեկ ամիս է՝ ընթանում է Հայաստանի պատմության մեջ երեւի թե ամենաամոթալի ու ամենաքաղաքական հետապնդումներից մեկը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ