ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 3.
Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն արհեստականորեն փորձում են մեկնաբանել Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթի «լույսի ներքո»։
Մասնավորապես, դատախազությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Միքայել Սրբազանի հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։
Իսկ քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է հետևյալը․
Կարդացեք նաև
«Միքայել Աջապահյանը վերջին հայտարարությունը կատարել է 2025 թվականի հունիսի 21-ին, հիմա մենք վերադառնանք Բագրատ Գալստանյանի վերաբերյալ քրեական վարույթին: Էս վարույթի ընթացքում, երբ, որ մենք վարույթի ընթացքում, վարույթը ամբողջությամբ գտնվել է քննչական կոմիտեի տիրույթում, նախաքննությունը մենք ենք իրականացրել, մենք տեսնում ենք, որ օրինակ, այ էն քրեական վարույթով հավաքագրման պրոցես ա ընթանում, պլանավորվում ա կատարվել ահաբեկչական գործողություններ, պլանավորում էր կատարվել իշխանության յուրացում, նման գործողություններ: (…): Եվ էս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում ա իր նախկինում կատարված հայտարարությունը և նորից դարձյալ պնդում ա կատարում, որը որ բնորոշ է հենց էս հանցակազմին: Բնականաբար մենք ինչ պտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկեինք, նախաձեռնեինք քրեական վարույթ»:
Նույն հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահը նաև հետևյալն է նշել․
«Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ, որ մենք գիտեք, որ կատարել ենք անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ընչի մասին է խոսքը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարած գործողությունները: Սկսած 2022 թվականներից, էս տվյալով և վերջացրած այս վերջին ժամանակահատվածում: Այ ընդեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց՝ ինչ հանդիպումներ տեղի ունեցան: Ինչի պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ: Այսինքն սրանց նպատակը, դրա համար ես ի սկզբանե ես շեշտեցի, որ էս գործընթացը պետք է դիտենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում: Եվ բնականաբար, մեր էդ ձեռք բերած փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, և բնականաբար միջնորդությունը բավարարվեց և Միքայել Աջապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվեց»:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այս առումով ստիպված ենք դատախազությանն ու քննչական մարմնին հիշեցնել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, իսկ Միքայել Սրբազանի կողմից նախկինում արված հայտարարության վերահաստատումը տեղի է ունեցել դրանից 4 օր անց՝ հունիսի 21-ին, ուստի անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էին դատախազությունն ու քննչական մարմինը դեռևս հունիսի 17-ին տեսնել այն «նոր տվյալը», որը պետք է տեղի ունենար ապագայում՝ հունիսի 21-ին, որպեսզի դրա հիման վրա քրեական վարույթն նախաձեռնեին։
Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի նախագահի այն դիրքորոշմանը, որ խուզարկության արդյունքում վերցրել են Միքայել Սրբազանի վարած օրագիրը և կապ են տեսել Բագրատ Սրբազանի հետ, ուստի այդ փաստական տվյալները հիմք են հանդիսացել, որ քննիչը միջնորդություն ներկայացնի դատախազին և Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, ապա այս միտքը նույնպես քննադատության չի դիմանում, քանի որ՝ Միքայել Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 26-ին, իսկ խուզարկությունը կատարվել է և օրագիրը վերցվել է հունիսի 27-ին, ուստի այդ օրագրում առկա որևէ փաստական տվյալ չէր կարող հիմք հանդիսանալ նախորդ օրը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար։
Ինչպես տեսնում ենք, վերը ներկայացված իրադարձությունների ընթացքն ու կապերը հակասում են տարածության և ժամանակի մեջ գտնվելու ֆիզիկայի օրենքներին, և եթե փաստաբանական թիմը սխալ է պատկերացնում, որ հունիսի 21-ը հունիսի 17-ից հետո է եկել, իսկ հունիսի 27-ը՝ հունիսի 26-ից հետո, ապա իրավապահ մարմիններին խնդրում ենք պաշտոնապես արձագանքել դրան։
Միքայել սրբազանի պաշտպանների թիմ