Մադոննայի, Լեդի Գագայի, Քանյե Ուեսթի, Ռիհաննայի, Էմինեմի եւ այլ աստղերի հետ համագործակցած հնչյունային ռեժիսոր, ամերիկյան Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Էդգարդո Վերթանեսյանն առաջին անգամ Հայաստան է ժամանել՝ հայ դասական երիտասարդ կատարողների համար անվճար ձայնագրություններ անելու եւ դրանք հանրահռչակելու նպատակով:
Լրագրողի հարցին՝ աստղերի հետ համագործակցած հնչյունային ռեժիսորի համար որքանո՞վ է հետաքրքիր սկսնակների հետ աշխատելը, տեսե՞լ է հայ կատարողների մեջ տաղանդների, Էդգարդո Վերթանեսյանն այսպես արձագանքեց. «Ունեցել ենք 16 մասնակից, նրանցից ընտրվել է 6-ը, որոնք այս օրերին պետք է ձայնագրվեն: Մեր արտիստները շատ տաղանդավոր են, ինչը նշանակում է, որ կրթական համակարգը շատ լավ է աշխատում, իհարկե ծնողներն ու ընտանիքը նույնպես իրենց դերակատարությունն ունեն: Որպեսզի մարդիկ որպես սոլո արտիստ ինչ-որ բանի հասնեն, պետք է սկսեն 4-6 տարեկանից, ավելի ուշ սկսելու դեպքում՝ հնարավոր է ոչինչ չստացվի: Մեր արտիստները բավականին տաղանդավոր են, պոտենցյալ ունեն հանդես գալու ավելի մեծ բեմերում եւ ունենալու հրաշալի կարիերա»:
Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիրն ընդգծեց. «Մեր սկզբնական նպատակը նախ տաղանդավոր արտիստների գտնելն է, ինչի կարեւոր պայմանն է ձայնագրվելը, ինչը մենք փորձում ենք իրականացնել: Ձայնագրվելը բավական թանկ է, դրա համար մենք այդ բեռը հիմնադրամի հետ միասին վերցնում ենք մեզ վրա, որպեսզի արտիստին տանք ձայնագրվել սկսելու ազդակը, ինչը հետագայում իրենք կարող են ամենուրեք ցույց տալ, գտնել միջազգային արտիստ-մենեջերների, կամ ագենտների, այսինքն՝ ցանկանում ենք ձայնագրություններով իրենց օգնել հետագա կարիերայի համար»:
Կարդացեք նաև
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ելենա Յակովլեւան ասաց, որ հայկական կողմի հետ աշխատում է 2019 թվականից եւ ի սկզբանե 2 գործընկեր է ունեցել, որոնցից մեկը Առնո Բաբաջանյան համերգասրահն էր: Ինչ վերաբերվում է Էդգարդո Վերթանեսյանի հետ համագործակցությանը, հավելեց, որ նրան ճանաչում է արդեն 2 տարի, համատեղ նախագիծ են իրականացրել, որը Հայաստանի ու հայերի հետ կապ չուներ:
«Երբ արդեն հաստատվեցի Հայաստանում, ասացի՝ Էդգարդո, չէ՞ որ դու Վերթանեսյան ես, դա ինչ-որ բան հուշում է ինձ… Էդգարդոն ասաց՝ այո, իհարկե: Ի դեպ, Էդգարդո Վերթանեսյանի ընտանիքն Արեւմտյան Հայաստանից է, ինքը Սփյուռքի ներկայացուցիչ է, եւ երբ ես նրան առաջարկեցի նախագիծ անել հայ երաժիշտների մասնակցությամբ, նա միանգամից համաձայնեց: Մենք հիմա իրականացնում ենք երիտասարդ հայ կատարողների համար անվճար ձայնագրությունների նախագիծը:
Նրանք մինչեւ 29 տարեկան են, եւ հիմնական ասպեկտն այն է, որ այդ երիտասարդները չեն հեռացել Հայաստանից:
Մենք հասկանում են, որ ովքեր արդեն գնացել են, այլ հնարավորություններ են ձեռք բերել: Իսկ նրանք, որոնք չեն հեռացել, սովորում են կոնսերվատորիայում կամ վերջերս են ավարտել կոնսերվատորիան ու ապրում են Հայաստանում, մեր նախագծի շնորհիվ նույնպես ստանում են այնպիսի հնարավորություններ, ինչպես Եվրոպա գնացածները: Սա բաց հայտ է, ցանկացած երաժիշտ կարող է հայտ ներկայացնել ու ծրագիր առաջարկել: Բայց կա նաեւ երկրորդ ասպեկտը՝ բացի ներկայացվող երաժշտական կոմպոզիցիաներից, երաժշտությունից, պետք է արտիստը գաղափար ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում այդ երաժշտության միջոցով Հայաստանը համաշխարհային հանրությանը ներկայացնելը: Միջազգային ժյուրին կատարողներին գնահատելիս հաշվի է առնում երկու գործոնները՝ եւ երաժշտական բաղադրիչը, եւ Հայաստանը աշխարհին ներկայացնելու գաղափարը»,-տեղեկացրեց Primavera Foundation of Armenia-ի համահիմնադիրը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Մարինե Ալավերդյանը նշեց, որ Ֆիլհարմոնիան ամբողջովին աջակցում է Primavera Foundation of Armenia հիմնադրամին բոլոր հնարավորություններով՝ շենքային, տեխնիկական եւ այլն: Նա հավելեց, որ Ֆիլհարմոնիայի եւ Primavera Foundation of Armenia-ի միջեւ կապը զուտ ստեղծագործական չէ, այն ինստիտուցիոնալ կապ է, որը նպաստում է ոլորտի կայուն զարգացմանը:
Էդգարդո Վերթանեսյանը նախագծի մասին նշում է. «Հայերը կարեւոր դեր են ունեցել եվրոպական եւ քրիստոնեական ավանդույթների ձեւավորման մեջ՝ բերելով այդ մշակույթը դարերի խորքից, անցնելով անհավանական դժվարությունների միջով, որոնց հետևանքները շատ ցցուն կերպով զգացվում նաև այսօր: Կարեւոր է, որ հայի ձայնը, այս դեպքում երաժշտական ձայնը, լսելի լինի ողջ աշխարհում, եւ մենք պետք է օգնենք հայ ժողովրդին իր գեղարվեստական դրսեւորումներում շարունակել ձգտել կատարելության»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Դալլաքյանը: