«Քրեական վարույթի նյութերից ակնհայտ է դառնում, որ իմ պաշտպանյալի կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել, որևէ ընտրական խոստում չի տրվել»,- «տատիկների գործով» դատական նիստի ժամանակ հայտարարեց այս գործով մեղադրյալ Անահիտ Խալաթյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ 71-ամյա Անահիտ Խալաթյանի եւ 75-ամյա Կիմա Հայրապետյանի քրեական գործը Հակակոռուպցիան քրեական դատարանում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա. Խալաթյանը հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:
Արսեն Բաբայանը վստահեցրեց՝ այս քրեական վարույթն ունի շատ ծանր քաղաքական նպատակներ․ «Հանրահայտ փաստ կա, որ այս քրեական վարույթը սկսվեց այն ժամանակ, երբ Գյումրիում տեղի էին ունենում ՏԻՄ ընտրություններ։ Նպատակն ակնհայտ էր, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ճնշում գործադրվեր»։
Կարդացեք նաև
Գործով մեղադրյալ Կիմա Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ «Մենք նույնպես մեր մեղքը չենք ընդունում, պնդում ենք, որ չի եղել որևէ գումարային բովանդակություն ունեցող կամ որևէ այլ օրենքով արգելված խոստում, որ կապ ունի ընտրական գործընթացի հետ։ Մենք գործ ունենք օրինական ընտրական գործընթացի հետ։ Իմ պաշտպանյալը մասնակցել է այդ գործընթացին՝ որպես ակտիվ ընտրող, որոշակի զրույցներ է ունեցել իր հարևանների հետ, ցուցակներ կարող է կազմած լինել այն մարդկանց, որոնք կարող են իր ծանոթ անձի խնդրանքով այս կամ այն ուժի ընտրել կամ՝ ոչ։ Դա ոչ մի կերպ արգելված չէ։ Այս ամենը միջնորդավորված չի եղել օրենքով արգելված որևէ միջոցով, ինչպես մեղադրականով է նշված՝ խոստմամբ»։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ անգամ մեղադրանքի կողմը չի պնդում, որ գումար է տրվել․ «Այն մարդիկ, որոնք ընտրական գործընթացներում մասնակցություն են ունեցել, թող ողջամտություն ունենան։ Ողջամտության սահմաններո՞ւմ է գտնվում արդյոք, որ 15․000 դրամ ջրագծի կամ ջրի հետ կապված այլ ծառայությունների դիմաց մարդն իրականացնի այսպիսի աշխատանք։ Ողջամիտ լինել չի կարող։ Գյումրին, ինչպես ՀՀ ցանկացած այլ տարածք, մարդկային հարաբերությունների վրա հիմնված է։ Մարդկային հարաբերություններ կան իմ պաշտպանյալի և հարգելի Անահիտի միջև։ Նրանք անձնապես իրար ճանաչել են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ