«Չեմ ընդունում այդ հանցանքը, քանի որ նման բան չեմ կատարել․ ոչ գումար եմ խոստացել, ոչ այլ բան, ուղղակի տիկին Կիմային օգնել եմ՝ մարդկային վերաբերմունք եմ ցուցաբերել, դիմել եմ ջրմուղ, ջրմուղում բացատրելու։ Ուրիշ ոչ մի բան»,- «տատիկների գործով» դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ Անահիտ Խալաթյանը։
Հիշեցնենք՝ 71-ամյա Անահիտ Խալաթյանի եւ 75-ամյա Կիմա Հայրապետյանի քրեական գործը Հակակոռուպցիան քրեական դատարանում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա. Խալաթյանը հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:
Կիմա Հայրապետյանը հուզվեց դատարանի դահլիճում, նկարագրեց, թե ինչ ծանր վիճակում է ապրում․ «Փողի բան չի եղել, Անահիտն ինձ հետ ոչ փողի հարցով է խոսել, ոչ ուտելիքի։ Իմ վիճակը շատ վատ է։ Շնորհակալ եմ իրենից, որ ինքն իր ծանոթին՝ ինժեներ է, թե ինչ, ասել է՝ այս մարդը միայնական է, փող չունի, արեք գոնե էս կնոջ ջուրը քաշեք։ Երկու տարի ուլիցներն ընկած ջուր կհավաքեմ․ ոչ գազ ունիմ, ոչ ջուր։ 37 մանեթ ես փող կառնիմ, լույսի փող տա՞մ, թե՝ ուտեմ։ Ցավազրկող եմ խմում, չեմ կարողանում մազերս սանրել, ոսկորներս են ցավում, հազիվ եմ եկել ես, շորերս չեմ կարողանում հագնեմ»։
Կարդացեք նաև
Կիմա տատիկը դատարանի դահլիճում արտասվելով ասում էր՝ ի՞նչ փող, ի՞նչ բան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ