Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները կվայելեն Մարթա Արգերիխի 3 համերգները, ուսանողները անվանիների հետ հանդես կգան նույն բեմում

Հուլիս 03,2025 18:02

Հուլիսի 4-ին բացվում է Կապան միջազգային երաժշտական փառատոնը՝ Kapan Fest-ը, որը հյուրընկալելու է աշխարհահռչակ երաժիշտների, այդ թվում՝ բոլոր ժամանակների ամենահայտնի 5 երաժիշտներից Մարթա Արգերիխին: Նա 3 համերգ կունենա Կապանում:

Այս հրաշալի փառատոնին, որ կտեւի մինչեւ հուլիսի 15-ը, սպասվում են համերգային յուրահատուկ ծրագրեր, վարպետության դասեր, հյուրերի հետ հանդիպումներ ու հետաքրքիր քննարկումներ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Կապան միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բելգիաբնակ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սեւակ Ավանեսյանը, փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ, եւ կարեւոր դերակատարները տաղանդավոր ուսանողներն են:

Նրա խոսքով, այս տարի փառատոնին մասնակցում են ուսանողներ՝ ոչ միայն Հայաստանից, այլ Պորտուգալիայից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից: «Մեր երեխաները տարեցտարի ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում, ինչը նշանակում է, որ ճիշտ ուղու վրա ենք, փորձում ենք նրանց կարիերայում մեր ներդրումն ունենալ, շատ երեխաների կյանքն արդեն փոխել է փառատոնը: Kapan Fest-ի շնորհիվ Կապանի երիտասարդներին հակում ենք դեպի դասական երաժշտություն, ցույց ենք տալիս, որ համաշխարհային մեծության երաժշտները նվագելու են իրենց համար, աշխատելու են իրենց հետ, իրենց հետ հավասար՝ հանդես են գալու նույն բեմում»,-ասաց Սեւակ Ավանեսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի ցանկացած անկյուն թանկ է իր համար, նախկինում էլ պարբերաբար Արցախ էր այցելում, իսկ փառատոնը Կապանում անցկացնելը մի քանի պատճառ ունի. «Պատճառներից ամենաառաջինը Կապանի արվեստի պետական քոլեջի հանրահայտ երգեհոնային դահլիճն է, որը, կարելի է ասել, Հայաստանի եւ աշխարհի՝ լավագույն ակուստիկա ունեցող դահլիճներից մեկն է: Վերջին 40 տարում այս դահլիճն անտեսված է: Ես արմատներով Կապանից եմ, այս դահլիճի մասին մանրամասն եմ լեգենդներ լսել, ցանկություն ունեի այդ դահլիճում նվագել, նվագեցի ու սիրահարվեցի երգեհոնային դահլիճին: Նաեւ նույն կարծիքն ու զգացողությունն են ունեցել բոլոր այն երաժիշտները, որոնք նվագել են այդ դահլիճում: Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի սերն ու նվիրվածությունը մշակույթին եւ քաղաքին եւս նպաստեցին, որ մեր փառատոնը կայանա, որովհետեւ եթե այդ ամենը չլիներ, մենք կլինեինք խորթ հյուր, սակայն Կապանում բոլորս մեզ զգում ենք ինչպես մեր տանը»:

85-ամյա Մարթա Արգերի՝ Հայաստան ժամանելը մեր զրուցակիցը երեւույթ է որակում, ասում է՝ նա հատուկ Կապան գալու համար մի քանի համերգ է չեղարկել: Սեւակ Ավանեսյանը Kapan Fest-ի մասնակից այլ հայտնի անուններ էլ նշեց՝ Ֆրանցիսկո Վիլա, Արթուրո Սոլար, Մարիան Պետրեսկու եւ այլք:

Փառատոնի հիմնադիրը նշեց, որ Kapan Fest-ն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի քաղաքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Հավելեց նաեւ, որ Կապանի երեխաներին իրենք նվիրում են շուրջ 50 լարային գործիքներ, վերանորոգում 10 դաշնամուր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031