Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնաբերվածը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ»․ Արսեն Բաբայանը՝ դատախազի ներկայացրած՝ Անահիտ Խալաթյանի մոտից գտնված անդորրագրերի մասին

Հուլիս 03,2025 18:55

«Սույն դատական գործով մինչդատական վարույթի ընթացքում որոշում է կայացվել Անահիտ Խալաթյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել  այն բանի համար, որ նա, հանդիսանալով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի թեկնածու, ընտրական իրավունք ունեցող բնակչի կողմից ընտրության մասնակցելու, իր ներկայացրած կուսակցության, դաշինքի ընտրողների հավաքագրման ապահովման դիմաց Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15․000 դրամ, և նա ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը»,- «տատիկների գործով» դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազը՝ ներկայացնելով մեղադրանքը։ 

 

Հիշեցնենք՝ 71-ամյա Անահիտ Խալաթյանի եւ 75-ամյա Կիմա Հայրապետյանի քրեական գործը Հակակոռուպցիան քրեական դատարանում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա. Խալաթյանը հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա Հայրապետյանին խոստացել է տալ 15.000 դրամ գումար, իսկ վերջինս ընդունել է ընտրակաշառք ստանալու խոստումը:

Դատախազը մեղադրանքից մեջբերումներ արեց․ «Անահիտ Խալաթյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ընտրելու իրավունք ունեցող Կիմա Հայրապետյանի հետ նրա կողմից ընտրությանը մասնակցելու, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև նույն դաշինքին քվեարկելու համար Կիմա Հայրապետյանի կողմից ընտրողների ապահովման համար, որի դիմաց խոստացել է ընտրություններից հետո տալ նրա բնակարանի ջրագծի համար անհրաժեշտ 15․000 դրամը։ Կիմա Հայրապետյանը, ընդունելով ընտրակաշառքի խոստումը, դիմել է իր շրջապատում գտնվող, ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց մասնակցելու ընտրություններին, ընտրելու «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին ու այդ կապակցությամբ ձևավորված տվյալները փոխանցել Անահիտ Խալաթյանին և միջոցներ է ձեռնարկել նրանց՝ ընտրությունների մասնակցելու ուղղությամբ»։

Նաև ներկայացրեց, թե ըստ գործի նյութերի՝ Անահիտ Խալաթյանի խուզարկության ժամանակ ինչ նյութեր են հայտնաբերվել՝ վճարման անդորրագրեր, նոթատետր, ցուցակներ։

Այս առիթով փաստաբան Արսեն Բաբայանը պարզաբանեց․ «Վստահորդս տրանսպորտային ընկերության տնօրեն է, և իր աշխատանքով պայմանավորված՝ ամենատարբեր վճարումներ կան։ Հայտնաբերված վճարման անդորրագրերը, երբ հետազոտենք, պարզ կդառնա, որ որևէ առնչություն չունեն այս մեղադրանքի հետ։ Այդ թղթադրամներն էլ, որ հայտնաբերվել են, իր անձնական գումարն է եղել։ Հայտնաբերվածը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ։ Ցուցակն էլ ընտրական հանձնաժողովի կայքից հանված ցուցակ է։ Հաշվի առնելով, որ Անահիտ Խալաթյանը ավագանու թեկնածու է եղել, իր ընտրողներին պատկերացնելու համար է եղել, ընտրական գործընթացները, աշխատանքները կատարելու համար են եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031