Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա տրանսպորտում չվճարելու համար տուգանքը եղել է տոմսի արժեքի կրկնակին՝ 300 դրամ, իսկ հիմա դառնում է 60-70 անգամ ավելի». Սամվել Հակոբյան

Հուլիս 03,2025 23:23

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում քաղաքացուն տուգանելու մասին օրենքի նախագծին:

«Երկրորդ անգամ էր, որ տվյալ նախագիծը բերվեց օրակարգ: Առաջին անգամ իրենք հենց ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելով բերեցին եւ մուտք արեցին օրակարգ: Մենք այդ խնդիրը բարձրաձայնեցինք, իրենք ձեւական պատճառաբանություն գտան, իբրեւ զեկուցողը չի կարող գալ, դրա համար հանեցին օրակարգից: Երեկ կրկին բերեցին օրակարգ այս արտահերթ նիստում: Նրանք միանգամից անում են երկու բան՝ ապօրինություն եւ պայքար բոյկոտի դեմ:

Առաջինն այն է, որ կսկսեն տուգանել մեր քաղաքացիներին, որոնք իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը եւ պայքարում են ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ: Երկրորդը, մենք իբրեւ ընդդիմադիր քաղաքային սուբյեկտ մեր ճանապարհային քարտեզը ներկայացրել էինք եւ ի տարբերություն քպ-ի, մենք չենք սիրում մեր քաղաքացիներին անակնկալի բերել: Մենք միշտ մեր քայլերի հաջորդականությունը ներկայացնում ենք ազնվորեն, թե որի դեպքում որ գործիքակազմից ենք օգտվելու:

Եթե հիշում եք, մենք հավաքել էինք 17 հազար երեւանցու ստորագրություն, որով պետք է արդեն որպես քաղաքացիական նախաձեռնություն տրանսպորտի թանկացման նախագծի դեմ կոնտրնախագիծը մուտք արվեր ավագանու օրակարգ: Մուտք արվեց, սակայն եղավ քաղաքական նոնսենս: Քաղաքային իշխանությունը ավագանու նիստերի դահլիճը լքեց: Իրենց խոսքով՝ բոյկոտեցին եւ փաստորեն անտեսեցին 17 հազար երեւանցու նախաձեռնությունը: Սա նոնսենս է, քանի որ բոյկոտը սովորաբար ընդդիմության գործիքակազմն է: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը բովանդակային բանավեճի պատրաստ չէ եւ փորձում է ճողոպրել դահլիճից, որպեսզի երկրորդ անգամ պատասխանատվություն չվերցնես ստելու եւ արդարանալու, թե ինչու ես փորձում մարդկանց թալանել»,- ասաց բանախոսը ու մեկ անգամ եւս հիշեցրեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման ոդիսականը եւ թվարկեց, թե որ դեպքում ինչ չափի գումար է սահմանվում, որի չափերը վարչարարության առումով չունեն համաչափություն:

«Մինչեւ այս փոփոխությունը տուգանքը եղել է տոմսի արժեքի կրկնակին՝ 300 դրամ: Հիմա այդ կրկնակին դառնում է 60-70 անգամ ավելի:

Երկրորդը՝ մենք հայտարարել էինք, որ եթե մեր հավաքած 17 հազար ստորագրություններն անտեսվեն, ապա օգտվելու ենք օրենքով նախատեսված մեկ այլ գործիքակազմից, որը Հայաստանում երբեւէ չեն օգտագործել: Դա տեղական հանրաքվեն է: Այսինքն, պետությունը պարտավորվում է վարչական շենքերում տեղ տրամադրել, որ մարդիկ գան, ստորագրեն, որ դեմ են: Բայց այս դեպքում արդեն ոչ թե մեկ տոկոսն էր պետք, այլ 10 տոկոս՝ մոտ 82 հազար քաղաքացու ստորագրություն:

Մենք վստահ ենք, որ մարդիկ կստորագրեն: Բայց սրանք օրենսդրական փաթեթի փոփոխության մեջ բերում են փոփոխություն՝ տրանսպորտից օգտվելու ծառայության վճարը դարձնում են տեղական վճար: Դա անում են, որպեսզի «Մայր Հայաստանը» չկարողանա օգտվել իր իսկ ընտրած գործիքակազմից, որն ամենաիրատեսականն էր այս պարագայում պայքարը շարունակելու համար:

Սրանով կրկին քաղաքացուն սարքում են «տուգանքի մատերիալ», անտեսում են ժողովրդավարությունը այս երկրում»,-ասաց ավագանու անդամը:

Սակայն Սամվել Հակոբյանը նաեւ լավ լուր ուներ. «Մեկ ժամ առաջ ստացա շատ լավ լուր: «Կարմիր գծերի» դատական գործընթացի մեր հաղթանակը քպ-ն երկար ժամանակ բողոքարկում էր: Սկզբում բերեցին վերաքննիչ: Վերաքննիչը վերադարձրեց բողոքը, նաեւ արձանագրեց, որ գործադիրը իրավունք չունի ներկայացնել օրենսդրին դատարանում: Դրանից հետո իրենք այդ նույն բողոքը ներկայացրել են վճռաբեկ դատարան: Եվ վճռաբեկ դատարանն այսօր տվեց վճիռ, որ վերաքննիչի վճիռը թողնում է անփոփոխ ու քննության չի առնում»,-տեղեկացրեց ավագանու անդամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031