«Հետքը» հաղորդում է. «Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։
Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։
Այս արտահայտությունները Ս. Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, հետևաբար փոխհատուցումից բացի` Ա. Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։
Զրպարտության մասով գործարարը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում արտահայտած տվյալները։ Այն, որ ՖՍԲ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն-խմբ.) կողմից Սամվել Կարապետյանին հրահանգվել է անել news.am-ի հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) համար։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է պատգամավոր Հայկ Կոնջորյանի դեմ ներկայացրած հայցին, ապա գործարարը վիրավորական է համարել պատգամավորի հետևյալ արտահայտությունները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք… վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։
Իսկ զրպարտության մասով, Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն։
Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով»:
Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այս տեղեկությանը. «Ինչպիսի մեծ պատիվ 🙂 🤦♂️ Գիտեն թե փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ։
#ԽելքներիդՁյունԳա»:
Հայկ Կոնջորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դոլարային միլիարդատեր Տաշիր Սամոն դատի է տվել ինձ և պահանջում է 9 միլիոն դրամ` այս ելույթում իմ հնչեցրած մտքերի համար: Մեծն «ֆիլանտրոպին» երևի թվում է, թե կարող է լռեցնել ինձ` դատի տալով ԱԺ ամբիոնից հնչեցրած իմ քաղաքական խոսքի համար: Ախորժակիդ քացախ:)
Խնդրում եմ տարածել տեսանյութը»: