Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը»․ Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին

Հուլիս 04,2025 12:26

«Համակարգային կոռուպցիան հենց այս տեսքը ունի, բայց մարմինդ փշաքաղվում է, երբ լսում ես, որ նախարարը՝ իր ենթակա կապիտալ շինարարության վարչության պետին, որը պատասխանատու է զորանոցներ սարքելու, խրամատներ փորելու, ճաշարաններ սարքելու եւ այլ ենթակառուցվածքներ մեր զինվորների համար․․․ գրադարաններ, ժամանցի վայրեր եւ այլն․․․ »,- իր ելույթը խորհրդարանում այսպես զգացմունքային սկսեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ դատախազի միջնորդության հարցի քննարկման ժամանակ միակ ելույթ ունեցող պատգամավորն էր։

Հետզհետե նա իր խոսքը համեմեց ավելի հուզիչ համեմատականներով՝ հիշելով նաեւ սեփական ծառայության տարիները, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարար։

«Այն ժամանակ ես, որ ծառայել եմ, զարմանքով հայտնաբերել եմ, որ գրադարան չկա։ Գոմից ոչ մի բանով չի տարբերվում զինվորների զուգարանը»,- հայտարարեց նա։

Իսկ ելույթի եզրափակիչ մասում արդեն Սեյրան Օհանյանին դիմեց․ «Բասեինն ու շոգեբաղնիքը թուլափայ են շպրտել, որովհետեւ դու մարտի 1-ին ժողովրդին սպառնում էիր։ Քոչարյանի գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը»։

Ապա օպերատորներին խնդրելով ցույց տալ դահլիճում ընդդիմադիրների ազատ տեղերն՝ ասաց․ «Դուք զբաղված եք ձեր շեֆերի ունեցվածքը պաշտպանելով, դրա համար էլ ասելիք չունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նիստին Սեյրան Օհանյանը չի մասնակցում՝ առողջական խնդիրների պատճառով։

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031