«Դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում եւ հերթական անգամ կատարում է նրա ապօրինի հրահանգը»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ դատախազի միջնորդությանը։
«Սա հերթական փուչիկ քրեական գործերից մեկն է»,- հավելեց նա։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գլխավոր դատախազը ոչ թե պետք է մեղադրանք առաջադրեր պատգամավոր Արծվիկ Մինասյանին, այլ պետք է ընթացք տար Արծվիկ Մինասյանի հաղորդմանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ պետական դավաճանության հանցանք կատարելու գործով։
Անդրադառնալով Բագրատ սրբազանին եւ ընդդիմադիրներին ահաբեկչության նախապատրաստության մեջ մեղադրելուն եւ հարցին, որ հայտնի ձայնագրության մեջ նաեւ իր անունն էր շրջանառվում, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Այդ ձայնագրությունների մեջ կարող էր լինել նաեւ ձեզանից յուրաքանչյուրի անունը, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ ես նաեւ «Սրբազան շարժման» ակտիվ աջակիցներից, մասնակիցներից եմ եղել։ Ես վստահաբար կարող եմ նշել, որ Արթուր Սարգսյանը, Բագրատ սրբազանը եւ բոլոր նրանք, ովքեր կալանավորված են, օրենքից դուրս որեւէ քայլ չեն արել։
Արթուր Սարգսյանը քիչ հետո կկալանավորվի, բայց պատասխանատվությամբ ասում եմ, որ օրենքից դուրս որեւէ քայլ նախապատրաստված չի եղել։ Այս շոուն կազմակերպել են, որպեսզի դիմադրության օջախները, պայքարող մարդկանց կարողանան կեղծ մեղադրանքներով լցնեն բանտերը։
Կարդացեք նաև
Ես սրբազանի հետ պարբերաբար հանդիպել եմ, խոսել եմ, ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդություն կազմակերպելու համար անհրաժեշտ էր պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ, շրջափակել նաեւ պետական շենքերը։ Դա ոչ միայն ասել ենք, այլ նաեւ արել ենք ու ոչ թե մի անգամ, այլ վերջին չորս տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ»,- նշեց Սաղաթելյանը։
Նա ասաց, որ կգա մի օր, բոլոր նրանք, ովքեր այս ապօրինության հետեւում կանգնած են, պատասխան կտան։
«Չորս տարի փողոցում ենք, բազմաթիվ շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, մենք մի մեքենայի հայելի չենք կոտրել։ Բայց էս իշխանությունը մի քանի անգամ կրակել է ժողովրդի վրա»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային