Երեւանում անցկացվող «Արվեստի ձայնը» երկօրյա համաժողովի պանելային քննարկումների «իրավական ձայն» բաժնում անդրադարձ եղավ արվեստի ոլորտի իրավական կարգավորումներին: «Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Բլեյանը, որը նաեւ պանելային քննարկման մոդերատորն էր, հարցրեց՝ պետության առաջարկած օրենսդրական կարգավորումներն արվեստագետներին, նաեւ արցախցի արվեստագետներին, որոնք արդեն նույն օրենսդրական դաշտում են գործում, ի՞նչ են տալիս, ինչո՞վ են օգնում կամ խանգարում, եւ արդյոք այդ օրենքները կա՞ն իրական դաշտում:
Լիլիթ Բլեյանն անդրադարձավ հատկապես Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքին, որտեղ մտցվել են արվեստագետների համար ոչ այնքան ընկալելի հասկացություններ: «Օրենքում կա ստեղծագործական աշխատող՝ մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ հասկացություն, օրենքում ավելացվել է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող, մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ: Կա նաեւ երրորդ հասկացությունը՝ մշակութային գործունեությամբ զբաղվող անձ, ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչով է տարբերվում ինքնազբաղ անկախ ստեղծագործողը ստեղծագործական աշխատողից, ովքեր ենք մենք՝ այստեղ նստածներս»,-ասաց Լիլիթ Բլեյանը
Մշակութային գործիչ Կարեն Արիստակեսյանը, որը Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի հեղինակն է, հետեւյալը նշեց. «Կարծում եմ՝ այս հանդիպումը նաեւ գործնական նշանակություն կունենա՝ եւ իրավունքների եւ պարտավորությունների տեսանկյունից: Օրենքը մշակութային օրենսդրության հիմունքներ է կոչվում, որովհետեւ հիմք է դրել, մշակութային գործունեությունը կարգավորող մյուս օրենքների հիմքերն է սահմանել եւ ժամանակին փորձաքննվել է ԵԽ փորձագետների կողմից ու արժանացել հավանության»:
Արիստակեսյանը փորձեց պարզաբանել շփոթ առաջացնող հասկացությունները. «Ինքնազբաղ ստեղծագործող հասկացությունը նոր չէ, այն միջազգայնորեն ընդունված հասկացություն է, մասնավորապես ռուսական օրենսդրության մեջ գործում է 2019 թվականից, միջազգային օրենսդրության մեջ՝ ավելի վաղ: Սրանով ընդամենը հարկային ռեժիմի խնդիր են փորձել լուծել: Քանի որ օրենքը հիմնադրույթների մասին է, իրավակարգավորումների առումով խնդիրները պետք է լուծվեն համապատասխան այլ օրենքներում, ոչ թե այս օրենքում:
Կարդացեք նաև
Ստեղծագործող անձինք, անկախ նրանից քաղաքացիաիրավական պայմանագրով են աշխատում, թե ստեղծագործական աշխատողների միության անդամ են, նրանք հավասար են, եւ ինքնազբաղ ստեղծագործողն էլ նույն ստեղծագործական աշխատողն է կամ ստեղծագործող անձը»,- ասաց Կարեն Արիստակեսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Հայաքվեի»