Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի զինծառայող Արթուր Ղազարբեկյանը: Նա հրդեհի օրը տանն է եղել, արձակուրդի մեջ:
Վկան նախ պատմեց, որ դեպքից մի քանի ամիս առաջ էլ էր հրդեհ եղել կացարանում՝ որտեղ վառարանն էր դրված, հատակը կպել էր, ջուր են լցրել, հանգցրել: Անդրադառնալով արդեն մեծ զոհեր տված հայտնի հրդեհին՝ Ղազարբեկյանը պատմեց, որ իրեն վաղ առավոտյան զանգել են Վարդենիսում ծառայող ընկերները, հետաքրքրվել ոնց է, ուր է ու տեղեկանալով՝ արձակուրդում է, տանն է, հայտնել են, որ իրենց կացարանն այրվել է, տղերքն էլ չկան:
Վկան պատմեց, որ միանգամից անջատել է ընկերոջ զանգն ու զանգել համածառայակիցներին, բոլորի հեռախոսները անհասանելի են եղել:
Զանգել է Լեւոն Խառատյանին, զանգին պատասխանել է շտապ օգնության աշխատակիցը, հայտնել, որ հրդեհ է, առաջին օգնություն են ցուցաբերում:
Կարդացեք նաև
Ինչից հետո ինքը համազգեստով գնացել է Դավթաշենի այրվածքաբանական հիվանդանոց, կռիվ տվել, որ բարձրանա վերեւ ընկերներին տեսակցելու:
«Հիվանդանոցում Գարուշին եմ տեսել՝ ոտքերը կապած: Դեպքի մասին պատմել է ուղղակի, որ Եղիշը տունը վառել է: Մանրամասն չէր ասում, լացելով գոռում էր վրես: Ասաց՝ բոցը տակից տվել է, ոտքերը վառել, հետո տղերքի ձայնը լսել է, գնացել է պատուհանի մոտ, էնտեղից իրեն քաշել, հանել են»,- պատմեց վկան:
Այս վկան զինծառայողներից Գարուշի՝ կացարանից դուրս գալու մասին զինվորներից մեկի հորը՝ Ռոբերտ Ավագյանին լրիվ այլ տեղեկություն էր հայտնել: Մասնավորապես ասել էր, որ Գարուշը, երբ տեսել է բռնկվող հրդեհը, բուշլատը գցել է գլխին ու կացարանի մուտքից դուրս եկել: Իսկ ահա դատարանում այսօր պնդում էր, որ Գարուշը պատուհանի ճաղավանդակից է դուրս եկել: Այս հակասության վերաբերյալ տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հարցեր ուղղեց վկային:
Ի պատասխան նա ասաց. «Ես սխալ տեղեկատվություն եմ տվել, որովհետեւ դեպքից հետո եղել եմ շոկի մեջ ու եղել են որոշ բաներ, որ մտքիցս թռել են: Որովհետեւ հեշտ բան չէ, երբ իմանում ես ՝ ընկերներդ մահանում են ու փորձում դետալ առ դետալ հիշել: Ես Ռոբերտին հայտնել էի, որ Գարուշը բուշլատը գցել վրեն, դուրս է եկել, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Որովհետեւ Գարուշն ինձ ասել էր, որ դուրս է եկել պատուհանից, տղերքը քաշել, հանել են»:
Փաստաբան Նորիկյանը հետաքրքրվեց, թե որտեղից գտավ ճիշտ տեղեկություն ու համադրեց իր ունեցածի հետ եւ հասկացավ, որ իր ասածը սխալ է եղել: Վկան պատմեց, որ երբ Ռոբերտ Ավագյանն իրեն ասել է՝ դե արի գնանք, ցուցմունք տանք, ինքը զանգել է իր հորը, հայտնել, որ գնում է ցուցմունք տա. «Պապան ասաց չէ, տղես էդպես չէ, սխալ ես հիշում: Ասաց՝ էդպես չէ, ես էլ եմ էնտեղ եղել, Գարուշն ասել է, որ պատուհանից են քաշել, հանել, ոչ թե բուշլատով դուրս է եկել կացարանի մուտքից» :
Վկան պնդեց, որ շոկի մեջ է եղել, դրա համար այլ բան է հիշել,իսկ հայրը ճիշտն է լսել: Ի դեպ, Նորիկ Նորիկյանը հրապարակեց այս վկայի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վկան պատմում էր Գարուշին տեսակցության գնալուն, ու այդ ընթացքում որեւէ դրվագ չկա, որ ինքը հիվանդանոց է գնացել հոր հետ:
Նիստը ընթացավ լարված, որովհետեւ վկայի ցուցմունքից պարբերաբար զոհվածների ծնողները լարվում էին, զայրանում ու ռեպլիկներով արձագանքում: Վեճ արձանագրվեց նաեւ ծնողների ու նիստը նախագահողի հետ:
-Ժամանակ չունե՞ք հարցերը լսելու,- ծնողներից մեկը վրդովված հարցրեց նիստը նախագահողին, որը դատավարական կողմերին հորդորում էր հարց ուղղել, ոչ թե զրույց ծավալել դատարանում:
-Ժամանակ շատ ունեմ, հարցերի ձեւ կա պարզապես, դու չեք որոշում,- արձագանքեց նիստը նախագահողը ծնողներից մեկին, որը պնդում էր, որ ճիշտ ձեւով են հարցերը ձեւակերպում:
Նիստը նախագահողն ու զոհվածի հարազատները վիճեցին, ծնողներից մեկին նույնիսկ դատարանը հեռացրեց նիստեր դահլիճից մինչեւ այս դատական նիստի ավարտը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ