Երեւան քաղաքի քրեական դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Ս. Յուզբաշյանը Նարեկ Սարգսյանի գործով տեղեկացրեց, որ մեղադրանքի կողմն ունի երկու միջնորդություն:
2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում` իր բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա ԵՊՀ դասախոս Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով:
Ապակեպատ նիստերի դահլիճում լսելիությունն այնքան էլ լավ չէր, հաճախ պարզ չէր, թե ով ինչ է միջնորդում, առարկում, ասում: Հիշեցնեմ, որ այդ դահլիճ տեղափոխվեցինք այն բանից հետո, երբ դատարանում գտնվող անձը` Ա. Մինասյանը հայտարարեց, թե ինքն է սպանել Տաթեւիկին, ոչ թե` Նարեկը: Նախորդ երկու նիստերին այս քաղաքացին ցուցմունք տվեց, պատասխանեց կողմերի հարցերին: Նրան դատարանի որոշմամբ դատարանից տուն ուղեկցում են ոստիկանները, սակայն դեռ ձերբակալված չէ…
Քննության դրվեց ապացույցի թույլատրելիության հարցով մեղադրանքի կողմի երկու միջնորդությունները:
Կարդացեք նաև
Ըստ հանրային մեղադրողի, այդ ապացույցը դատարանի կողմից չի հետազոտվել, ներկայացվեց 8 ֆայլով երեխայի հետ ձայնագրությունները: Նարեկ Սարգսյանի երեխան տատիկին հայտնել է տեղեկություններ, որ տեսել է, որ հայրը հարվածել է կնոջը, երեխան փորձել է միջամտել…
Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանն առարկեց` ասելով, որ դա ժամկետանց միջնորդություն է: Ըստ նրա, եթե դատավարական սուբյեկտը նոր է ձեռք բերել ենթադրյալ ապացույցը, եւ ներկայացնում է ժամանակին, դա նորմալ է: Սակայն այս ապացույցը պարզվեց՝ ձեռք է բերվել 2024 թ. նոյեմբերին: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, դա միակը չի, եւ որ դատարանը պետք է այն մերժի:
Ըստ պաշտպանական կողմի, իրենց ձեռքի տակ կան ձայնագրություններ, որոնք դատարանը չի կարող գնահատել, քանի որ հստակ չէ, թե ոնց է արվել, որտեղ, ում միջոցով: Մինչդեռ վերջերս Վճռաբեկ դատարանը մի քաղգործով հստակ դիրքորոշում է արտահայտել, կապված մինչեւ 16 տարեկանների հարցաքննության հետ, ընդգծելով, որ երեխայի օրինական ներկայացուցիչը ներկա պետք է գտնվի հարցաքննություններին, սահմանվել է, որ պարտադիր պետք է լինի հոգեբան կամ մասնագետ: Աննա Ծառուկյանի առարկությունից պարզ դարձավ, որ միջնորդությանը կից նման փաստաթուղթ չկա:
Տվյալ դեպքում մորական պապը` Ավետիք Աբրահամյանը երեխայի միակ խնամակալն է: Նարեկի երեխան մինչեւ հինգ տարեկան է: Վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ տարիքի երեխաները ունեն առանձնահատկություններ, հետեւաբար, պետք է հաշվի առնվի երեխայի ինտելեկտուալ վիճակը, երեխան չի կարող վերարատադրել այն, ինչ տեսնում է: Պաշտպանը հիշեցրեց, որ դատական նիստերից մեկի ժամանակ միջնորդություն էր արել երեխայի հարցաքննության կապակցությամբ, ասել, որ երեխան հոր դեմ ցուցմունք տալու իմունիտետից պետք է օգտվի: Երեխան, երբ երկու ամիս եղել է հոր ընտանիքում, այն բովանդակությամբ, որ տեղի են ունեցել հարվածներ, չի ասել. «Այդ հարվածն արձանագրված չէ, եւ հակասության մեջ է գտնվում դիակի փորձաքննության եզրակացության հետ: Ես չեմ լսել, որ տուժողն այդ պահով համաձայն է մեզ հետ»:
Երկրորդ պաշտպանն ասաց, որ երեխան, որ չորս-հինգ տարեկան է, կարող է ցուցմունք չտալ հոր դեմ, կարող է օգտվի սահմանադրությունից: Նա հարցրեց. «Իսկ կա՞ երաշխիք, որ երեխան հետագայում չի զղջա…»:
Նարեկ Սարգսյանն ասաց. «Զարմանում եմ, չեմ ուզում ուրիշ բառերով ասել, այն, ինչ կատարվում է այստեղ: Իրավահաջորդը ներկայացնում է բաներ, որ իրականության հետ կապ չունեն: Բայց այս ամենը էս օրով վերջացա՞վ, ով որ այս ամենը սարքում է, հաստատ ինձ պատասխան է տալու, այսօր չէ, մյուս օրը»:
«Սպառնալիք է»,- արձագանքեց մեղադրանքի կողմը:
Նարեկ Սարգսյանն ասաց. «Ոչ, սպառնալիք չէ, այս գործի մեջ այնքան բացեր կան, բաց տեղեր, որ միայն ես գիտեմ: Ներկայացնում են մի վիճակ, որ այդպես չի: Երեխան երկու ամիս իմ մոտ է եղել, հազիվ եմ զսպում, որ ավելորդություն թույլ չտամ:
Առարկում եմ, բացարձակ սուտ է: Ինչը ներկայացվում է` բացարձակ սուտ է, ոնց որ ասեն Մոնակոյում ենք, բայց մենք Հայաստանում ենք»:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը հիմնավոր չլինելու պատճառով: Դատավորը հիշեցրեց, որ թեւակոխել ենք ապացույցների անթույլատրելիության հարցի փուլ, եւ որ դատարանը չի կարող հետ գնալ, հանդես գալ համապատասխան միջնորդությամբ: Փաստացի, նոր հանգամանք է դատական նիստերի դահլիճում ի հայտ եկել: Տուժող կողմին նոյեմբերին հայտնի է եղել ապացույցը, տուժող կողմը զրկված չի եղել ծավալը մեծացնելու… ապացույցի ձեռքբերման հարց քննարկելու մեղադրանքի կողմի համար:
Երկրորդ միջնորդությունը վերաբերում է փորձագետի եզրակացությանը:
Ըստ պաշտպանական կողմի. «Փորձագետի եզրակացությունն իրենից ներկայացնում է գրավոր շարադրված հետեւություններ, որտեղ փորձագետը հատուկ գիտելիքների կիրառմամբ կատարված հետազոտությունների հիման վրա պատասխանում է վարույթն իրականացնող մարմնի առաջադրած հարցերին: Փորձագետը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաեւ կողմերի պահանջով դատական նիստի ժամանակ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական ձեռնահասության եւ վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին: Պետք է ներկայացնի իր մասնագիտական ձեռնահասությունն ապացուցող տեղեկություններ: Հոգեբանական կենտրոնը տալիս է լոգոպեդիա, հոգեախտորոշում, դատահոգեբանական փորձաքննություններ… Տվյալ փորձաքննությունը անցկացրած մասնագետները թող բացահայտեն, լիազորություն ունե՞ն»:
Աննա Ծառուկյանն ասաց, դատավարությունը լիցենզավորում չի պարտադրում, իսկ դատարանն էլ չունի փորձագետի կարծիքի մասով ուղեցույց, վարույթի նյութերում առկա չէ, հանրային մեղադրողի կողմից նման միջնորդություն չի հնչել: Նա հղում կատարեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97 հոդվածին` ապացույցների թույլատրելիությունը եւ դրանց օգտագործման սահմանափակումներին, ասելով` վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, ներառյալ վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած ապացույցները համարվում են թույլատրելի, քանի դեռ պատշաճ իրավական ընթացակարգով հակառակը չի հաստատվել:
Նա դիմելով դատարանին ասաց նաեւ` «Դատարանը արդարադատության նախարարությունից կարող է պարզել, փորձագիտական եզրակացություն տվածները համապատասխան լիցենզավորում ունե՞ն, թե՝ չունեն: Կա՞ վարույթ, երբ փորձագիտական կենտրոնը լիզենզիա չունենալով ապօրինաբար նման եզրակացություններ են տալիս»: Ըստ նրա` օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաեւ դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի եւ չեն կարող օգտագործվել որպես ապացույց:
Մեղադրանքի կողմն առարկեց, ասաց, որ իրենց միջնորդության մեջ նշել էին նորմերը: Մասնագիտական ձեռնահասության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել: Իսկ դատաքննության ընթացքում սուբյեկտիվ գնահատականներ են տրվել, ինչն էլ հանգեցնում է ապացույցի անթույլատրելիությանը:
Դատավորին հետաքրքրեց` Փորձագետներին տրվել են հոգեբանության ոլորտի հարցեր: Ո՞ր հարցն է, որ մասնագետին հնարավորություն չի տրվել իր գիտելիքների սահմաններում կոնկրետ պատասխանել: Պաշտպանական կողմի կարծիքով՝ կային հարցեր, որոնց իրավասու չէր պատասխանել դատական հոգեբանը:
Դատավորն ասաց` «Ապացույցի ընդունման ժամանակ ես ձեզ հնարավորություն տվել եմ, համակարծիք էինք` դուք ասել եք` մենք կպատվիրակենք, առանձին մասնավոր ընկերությունների կողմից կարող ենք: Ներկայացվել են դիպլոմներ, դասընթացներին մասնակցելու հավաստագրեր, ինչ փաստաթուղթ ներկայացնեն, որ հոգեբան են: Ըստ ձեզ՝ պետք է պարզվի, թե այս մարդիկ ունեցե՞լ են նման լիցենզիա, թե՝ ոչ, որպեսզի անցնենք հետագա քննարկմանը»: Աննա Ծառուկյանի հարցը հետեւյան էր. «Մասնագիտական ձեռնահասությունը ընդհանրապես ՀՀ-ում ինչ իրավական կարգավորմամբ պետք է փաստվի: Եզրակացությունը նայում ենք, նշված է ստաժ, Մեհրաբյանինը 9 տարի, մյուս Լ.Գրիգորյանինը` 7 տարի, … պետք է պարտադիր գրված լինի` դատափորձագետ: Մեր ասածը մրցակցության մեջ է մտնում իրենց ասածի հետ: Ես չեմ պատրաստվում ենթաօրենսդրական ակտի մասին իրենց տեղեկացնել: Նրանք չգիտեն ենթաօրենսդրական ակտի մասին: Չլսեցինք, քրեական դատավարության օրենսդրության ո՞ր ենթաօրենսդրական ակտով կարող են բոլորը համարվել մասնագետ, փորձագետ: Փորձագետի եզրակացությունը ուսումնասիրել ենք:
Փորձագետը նրա համար է, որ գնահատի վարույթի նյութերը: Իսկ ներկայացվածը կարող եք արտավարութային փաստաթուղթ համարել»:
Դատարանը տեղեկացրեց, որ հարցում կկատարվի արդարադատության նախարարությանը, պատասխանը ստանալուց հետո քննության կառնվի ներկայացված միջնորդությունը, մի գրություն էլ կհասցեագրվի երեխայի մանկապարտեզներից մեկի տնօրենին…
Նարեկ Սարգսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը լրանում էր: Հանրային մեղադրողը պահանջեց եւս երեք ամսով կալանք, ըստ մեղադրանքի կողմի, շարունակում են առկա լինել մեղադրյալի կողմից փախուստի դիմելու վտանգը, նշեց դատաքննության ժամանակ միջադեպը, վկա Արսեն Մինասյանի նկատմամբ անվտանգության միջոցը: Պաշտպանական կողմն առարկեց, հարցրեց. «Որտեղ է փախչելու հիմքը: Պաշտպանական կողմը խոշտանգվում է, մենք չգիտենք ոնց անենք, միտինգներ գեներացնենք, ասուլիսներ անենք, սա մեր ոճը չի, առաջին օրվանից աղաղակում ենք, ոչ մեկի խնդիրը չի:
Ապացուցեք, որ կալանավայրում գտնվողի փախուստի հիմքը կա, մեկի, ով ամենօրյա ռեժիմով ապացուցում է իր անմեղությունը: Բաց թողեցիք, նա գնաց տնային կալանքի: Դատի էր գալիս, մասնակցում իր դատավարությանը, փախուստի հիմք չի կարող լինել առանց հիմքերի: Ինչին խոչընդոտի: Կա՞ օպերատիվ մի տվյալ, որ Նարեկ Սարգսյանը կատարել է գործողություն, դրա համար է վկան եկել: Մենք կամկիկաձե չենք, գիտենք, ինչպիսի օպերատիվ գործողություններ կան… Կալանքի իմաստը որն է, որ պիտի խցից դուրս գա, խոչընդոտի: Այս փուլում տնային կալանքը լավագույնն է, որը դատարանների կողմից կիրառվում է: Պաշտպանական կողմը պատրաստ է վճարել քսան միլիոն կանխիկ դրամ` գրավի համար, տուն, որը գնահատվել է երկու հարյուր հազար դոլար»:
«Փախնելու մտադություն չունեմ, ես եմ ավելի շատ շահագրգռված, որ բացահայտվի այս գործը, որեւէ մեկին խոչընդոտելու, փախնելու կարիք բացարձակապես չունեմ»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Դատարանը կհրապարակի որոշումը հուլիսի 14-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.07.2025