Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ ազգայնացում է եւ ոչ էլ պետականացում, սա  պարզ ռեկետ է՝ պետական մակարդակով, սա անգամ 50-50 չէ, սա ամբողջական ռեկետ է»

Հուլիս 05,2025 12:00

«Չէի ասի, ընդդիմադիր դաշտը լուռ է, որոշները լավ էլ աղմկում են, ու կրկին՝ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ։ Երեւի այդպես էլ ոմանց հոգու մաղձը  չանցավ, այդպես էլ իրենց նեղ անձնական  չարությունը չկարողացան հաղթահարել, չուզեցին հասկանալ, թե ո՞վ է իրենց հակառակորդը, ո՞ւմ դեմ է պետք պայքարել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը։

– Խորհրդարանն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց ռեպրեսիաների նոր ալիքի մասին. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»։ Եթե այս ամենը մեկ ամբողջության մեջ դիտարկենք, ապա ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ գործընթացի մեջ ենք մտել եւ ո՞ւր ենք գնում այսպես։

– Սա նոր գործընթաց չէ, սա ամենասովորական նիկոլական շանտաժ է, որի լեզվով նա արդեն տարիներ շարունակ խոսում է մեր ժողովրդի հետ։ Իր կյանքի բոլոր փուլերում, տվյալ ժամանակին համահունչ, նա հենց այդ շանտաժով էր իր ընթերցողին խաբում, թե վայ-աման հասեք, թալանում են, հասեք՝ քանդում են, հասեք՝ Արցախը հանձնում են։ Հետո եկավ ինքը եւ այդ ամենը արեց անձամբ, իր քպ-ական խմբակով: Այն ամենը, ինչի մեջ նա տարիներ շարունակ մեղադրում էր նախկիններին, անցած յոթ տարիներին ինքը անում է հազարապատիկը. հիմա ինքը ամենաթալանչին է, ամենառեկետչին, ամենա Արցախ հանձնածը եւ ամենաշատ զոհերի մեղավորը։ Եվ սա իրականություն է։ Հիշեք, թե 2018-ին այդ շանտաժի լեզուն ինչպես լկտիացավ, ոսկե ձկնիկի պառավի պես, երբ հրապարակում հայտարարեց, թե կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ձեռագիրը նույնն է, բառապաշարը՝ նույն եղկելին եւ նկրտումները՝ նույնը ու նույնը։ Այս մարդը հայրենիքի, պատվախնդրության, ազգային արժանապատվության, հավատքի մասին ոչ մի պատկերացում չունի։ Նա միայն մեկ բանի է ձգտում, բավարարել իրեն առայժմ պահող մեր հարեւան երկրին, կատարել թշնամու հանձնարարությունները, որպեսզի դրանք օգնեն, հետույքը դեռ մնա վարչապետի աթոռին։

Իսկ ՀԷՑ-ի, այսպես կոչված, պետականացման դրանց սկսած այս «կարդաբալետը» կրկին նույն սցենարի մեկ արար է. ես չեմ զարմանա, որ մեկ էլ պարզվի, որ մեր ազգային ՀԷՑ-ի տնօրինությունը հանձնվում է թուրքի կամ ադրբեջանցու։ Իսկ քպ-ականների քեռի-մորքուրները լցվեն այդ նույն ՀԷՑ։ Սա ոչ ազգայնացում է եւ ոչ էլ պետականացում, սա պարզ ռեկետ է, պետական մակարդակով, սա անգամ 50-50 չէ, սա ամբողջական ռեկետ է։ Ձեր հարցում հիշատակված նրա այդ կոչերը սովորական «գործ տվողի» կոչեր են, սա ամբողջ ժողովրդին տարիներ շարունակ փորձում է դարձնել «գործ տվողներ» եւ «վասակներ»։ Փորձում է դառնալ սովորական բռնապետ։ Ինքը օժտված է վախկոտ բռնապետիկի տվայտանքներով։ Բայց հասել է պահը. ով-ով, ինքը հաստատ գիտի, որ սկսվել է եւ շուտով «կերգի» իր կարապի երգը։ Հուլիսի 4-ին պետք է անպայման մասնակցել ի սատարում Սամվել Կարապետյանի երթին, որովհետեւ ուժն է ծնում իրավունք։ Իսկ ժողովուրդը ուժ է, եթե կուզեք, միակ ուժը հենց համախմբված եւ պայքարի պատրաստ ժողովուրդն է։ Եթե, իրոք, 99 տոկոս մեր քաղաքացիները ուզում են ազատվել ազգակործան այս պատուհասից, ուրեմն, պետք է ոտքի ելնել։

– Երկու սրբազան հայրերը կալանավորված են. Բագրատ սրբազանին իշխանությունն ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ է մեղադրում, Միքայել սրբազանին, ըստ էության, խոսքի ազատության համար է կալանավորել։ Բայց ամենաողբերգականն այս ամենում այն էր, որ ԱԱԾ-ն Վեհարանում գործողություն էր իրականացնում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում՝ Կապույտ մզկիթում խոնարհվում էր եւ ողջագուրվում։

– Ձեր հարցում նաեւ, մասամբ, պատասխանը կա, այո, նա հոգեպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր չէ, հակառակ դեպքում իրեն չէր պահի այսպես անհավատ եւ թշնամաբար։ Նա գիտի եւ նրա տերերը գիտեն, որ մեր եկեղեցին այն հզոր հենասյունն է, որ կարող է եւ կպաշտպանի ժողովրդին։ Ուստի, դրանք սկսել են այս զազրելի կռիվը ընդդեմ սրբազան հայրերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Բոլոր համակարգերը, հայկական- արժեհամակարգը, ժողովրդի բոլոր հենասյուները սա քանդում է. հետեւաբար, սա թշնամու պահվածք է, ուստի, դրա պատասխանը պետք է լինի համարժեք, պարտավոր ենք դրան համարժեք պատասխանել։

– Այս իրավիճակում ընդդիմադիր քաղաքական դաշտը լուռ սպասման մեջ է. մի մասը սպասում է, որ ինչ-որ հրաշքով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի, մյուս մասը սպասում է 2026-ի ընտրություններին։

– Չէի ասի, ընդդիմադիր դաշտը լուռ է, որոշները լավ էլ աղմկում են, ու կրկին՝ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ։ Երեւի այդպես էլ ոմանց հոգու մաղձը չանցավ, այդպես էլ իրենց նեղ անձնական չարությունը չկարողացան հաղթահարել, չուզեցին հասկանալ, թե ո՞վ է իրենց հակառակորդը, ո՞ւմ դեմ է պետք պայքարել։ Որոշները այնքան ջանասիրաբար են կրկին հարձակվում ՀՀԿ-ի վրա, որ ակամա մտածում ես՝ իրո՞ք մենք ընկերներ ենք եղել, իրո՞ք տարիներ շարունակ նրանք աշխատել են ՀՀԿ-ի հետ, իրո՞ք նրանց ուզածը Նիկոլին հեռացնելն է։

Փորձեմ լավատես լինել եւ հավատալ, որ որոշները հասկանում են՝ ոչ իրենք առանց ՀՀԿ-ի եւ ոչ էլ ՀՀԿ-ն առանց իրենց, միայնակ չեն կարող այս գործը գլուխ բերել։ Ուստի, պետք է հարցնել, որքանո՞վ են ազնիվ իրենց ընդդիմադիր մղումներով։ Արդյո՞ք ընդդիմադիր են իրենց մղումներում։ Եթե իրոք, ուզում են հեռացնել այս չարորակներին, ուրեմն պետք է գործել եւ ոչ ճառել, պետք է գործել եւ ոչ դրանց հարցեր տալ՝ սպասելով 2026-ին։ Իսկ 2026-ը գալու է։ ՀՀԿ-ի միակ նպատակը մինչ այդ այս չարորակներից երկիրն ազատագրելն է, մինչեւ 2026-ը երկրում իրավիճակ փոխելը, սա է միակ ճիշտ եւ արդյունավետ ճանապարհն այս պահին։ Հիշո՞ւմ եք, երբ տարիներ շարունակ մարդիկ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում էին դնել մանդատները, եւ ԱԺ-ում գործիք չդառնալ դրանց առաջ, ի պատասխան ի՞նչ էր ասվում, ասվում էր, որ օրը կգա եւ մանդատները ինչպես հարկն է կօգտագործվեն, անվստահություն հայտնելու մասին էր խոսվում։ Հիմա, երբ կա դրա հնարավորությունը, եկել է պահը, ուրեմն՝ «զադերժկան» ինչո՞ւմն է։

– Իսկ ի՞նչ անեն մարդիկ, ովքեր անհաշտ են թե իշխանության գործողությունների հետ, թե ընդդիմության սպասումների։

– Մարդիկ պետք է համախմբվեն, պահանջեն, որ ընդդիմությունը գործի, պահանջեն, որ ի վերջո քայլ անեն, պահանջեն, որ 2021-ին ընդդիմությանը տված իրենց ձայները ոչ ոք չհամարձակվի անգործության մատնել եւ, զուտ որպես տրամպլին օգտագործել, կրկին Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու համար։ Սա ամոթալի է, շատ ամոթալի, անթույլատերի եւ վտանգավոր։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031