Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն» իշխանության մեջ տեսնում է իր արտապատկերը

Հուլիս 05,2025 10:00

Եթե 30, 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ Հայաստանի իշխանությունը մի կողմից հանձներ Արցախը եւ մյուս կողմից՝ իրականացներ մասշտաբային քաղաքական ռեպրեսիաներ հոգեւորականների, գործարարների եւ ընդդիմադիր պատգամավորների դեմ, հայաստանյան հասարակությունը, եթե ոտքի չկանգներ, ապա հաստատ կընդվզեր դրա դեմ: Հիմա (եկեք ինքներս մեզ չխաբենք) չի ընդվզում. մի մասը, իհարկե, վրդովված է այդ իրավիճակով, մյուսը՝ ոգեւորված է Փաշինյանի գործողություններով, բայց մեծամասնությունն այդ ամենի նկատմամբ խորապես անտարբեր է:

Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են: Բայց հիմնականն, իմ կարծիքով, այն է, որ այս իշխանությունն իսկապես համապատասխանում է մեր քաղաքացիների մեծամասնության բարոյական եւ մտավոր մակարդակին: Խնդիրը ոչ թե «ժողովրդավարությունն» է կամ «ընտրությունները», ինչպես որ դրանք սովորաբար հասկացվում են արեւմտյան կառույցներում: Այստեղ ամեն ինչ պարզ է. այդ կառույցների ձեռքում է «ժողովրդավարության» եւ «ազատ ընտրությունների», այսպես ասած, franchise-ը՝ ում, որ պետք է, կտան այդ «արտոնագիրը», ում պետք չէ, չեն տա: Եթե Փաշինյանը 10 հատ «մարտի 1» սարքի, նրանք, միեւնույն է՝ կողջունեն «ժողովրդավարություն հաստատելու» ջանքերը:

Խոսքն ավելի նուրբ, գուցե դժվար ըմբռնելի խնդրի մասին է: «Ժողովուրդն արժանի է իր իշխանությանը» ոչ թե այն պատճառով, որ այդ իշխանությունն «ընտրվել է», այլ՝ որովհետեւ այդ «ժողովուրդն» իշխանավորների մեջ տեսնում է իր արտապատկերը՝ սուտասան, հայհոյող, անհանդուրժող, անգրագետ: (Հասկանում եմ, որ ոչ մի քաղաքական գործիչ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր նման բան չի ասի, այլ, հակառակը՝ «կխոնարհվեմ ժողովրդական իմաստության առաջ»):

Այն «ժողովուրդը», որին սիրում են վկայակոչել ՔՊ-ականները, իրականում զանգվածային սպառող է եւ ապրում է այդ սպառողական հոգեբանությամբ: Դա երեւում է նույն եկեղեցու օրինակով: Նստել բազմոցին եւ պահանջել՝ «բերեք ինձ առաքինի հոգեւորականներ, սրանք թաղված են մեղքերի մեջ», նշանակում է՝ չհասկանալ, թե ինչ է նշանակում «եկեղեցի»: Եկեղեցին իրականում մենք ենք, եւ ծառայություն իրականացնողները թաղված են մեղքերի մեջ այն չափով, որքան թաղված ենք մենք: Եթե ես ստորություններ չանեմ, եթե ես մաքրեմ իմ «էկոհամակարգը» եւ այդպես վարվեն հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ապա դրանով աստիճանաբար կփոխվի նաեւ աշխարհիկ ու հոգեւոր իշխանության որակը:

Բայց քանի որ մենք, մեր ընդհանրության մեջ, գնում ենք ճիշտ հակառակ ուղղությամբ, իշխանությունն էլ գնում է մեզ համաքայլ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իսկ ո՞՛վ ժողովրդին պետք է կրթի, որ նա էլ չգնա անգրագետ իշխանություն ընտրի, դա ազգի սերուցքը պետք է լինի՝ ազգի մտավորական ու հոգեւոր խավը: Եթե ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, ապա ամեն մտավորական հոգեւորականի հետ միասին արժանի են իրենց ժողովրդին: Հիմա երեխա՞ն է մեղավոր, որ անգրագետ է, թե ընտանիքի սերուցքը՝ ծնողները: Ով իրեն մտավորական ու հոգեւոր խավ է ընկալում, պետք է ուղղակի շփվի ժողովրդի՝ իր զավակի հետ, նա պետք է հաղթի հեռուստացույցին, որով քարոզվում է սուտասանությունը, անգրագիտությունը, հայհոյանքի ու անհանդուրժողականության ոչհայկական հակամշակույթը:
    Ով կմտածեր, որ `խաղալիք` դրոնները կարող են լուրջ դեր ունենալ ժամանակակից պատերազմում, վաղն արդեն բոլոր տեսակի զենքերը լիովին լինելու են արհեստական բանականությամբ ինքնակառավարվող զենքեր, դրանք բարձր տեխնոլոգիաներ են: Եթե մեր ժողովրդին լավագույն ապագա ենք ցանկանում, սկսած մանկապարտեզից, սովորեցնում ենք օգտագործել արհեստական բանականությունը: Մեզ ինչ տեխնիկա որ շրջապատում է, պետք է հագեցված լինի արհեստական բանականությամբ, այն ժողովուրդը, ով այս մշակույթը իրենով դարձրեց, նա էլ վաղը աշխարհում լինելու է կառավարող ազգ, որովհետեւ վաղվա պատերազմները այսօրվա ՝խաղալիք՝ արհեստական բանականության վրա են հիմնվելու: Ես օրինակ չեմ կասկածում, որ եթե մեր մտավորականությունն ու հոգեւորականությունը գործեն ինքնուրույն, ինքնագլուխ, հայերեն, ապա ժողովուրդն էլ կգործի ինքնուրույն, ինքնագլուխ, հայերեն, այդ ժամանակ էլ ի հայտ կգա մեր ժողովրդի աստվածային շնորհքը: Փառք մեր հայ մտավորականությանը: Փառք մեր հայ հոգեւորականությանը: Փառք մեր հայ ժողովրդին: Փառք մեր հայ իշխանությանը, ով սիրում է իր ժողովրդին, կրթում եւ դաստիարակում է իր ժողովրդին ազգային մշակույթով եւ բարձր տեխնոլոգիաներով եւ դեմ կլինի սուտասանությանը, հայհոյախոսությանը, անհանդուրժողականությանը:

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Լավատեսը շատ լավ և տրամաբանական սկսեց, բայց հետո իր սովորույթի համաձայն անցավ “փառք”-երին, այդ թվում փառք տվեց մեր հայ իշխանությանն ու հայ մտավորականությանը, որոնք այսօրվա “բարդաք”-ի թիվ 1 պատասխանատուն են։
    Էհ Լավատես, Լավատես, իսկը որ լավատես։

  3. Aha says:

    The main problem with Lavades is that he can never write in 2-3 sentences, it’s always long and convoluted. I respect his opinion of course but god it’s unnecessarily long.

  4. Հայ մարդ says:

    Իհարկե այդպես էլ պետք է լիներ, քանի որ ինչպես ասում են․ «նմանը զնմանին գտանե»։
    Հայաստանի անկախացումից հետո ընթացող տասնամյակներում նախագահական ընտրությունների ժամանակ մեր ժողովրդին հատուկ տեխնոլոգիաների միջոցով պարտադրեցին ընտրություն կատարել վատի ու վատթարի միջև (կարծում եմ, որ այս հարցում արտաքին ուժերը և նրանց հատուկ ծառայությունները լուրջ ջանքեր են գործադրել)։ Առաջին երեք նախագահների ընտրությունների ժամանակ ժողովուրդը վատից կամ վատթարից ընտրեց գոնե վատը։ Անկախացմանը հաջորդող տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին մատուցեցին նայելու ցածրակարգ հեռուստասերիալներ, բռնություններ պարունակող ու գողականների մասին ժարգոնային ֆիլմեր և դրան զուգահեռ՝ քանդուքարափ արեցին ու փչացրին մեր կրթական ծրագրերն ու դպրոցները։ Ընտրությունների ժամանակ կազմակերպվեցին ընտրակեղծարարություններ, ընտրական «կառուսելներ», ընտրակաշառքներ, թաղային հեղինակությունների-«տասովշչիկների» ներգրավումներ և դրանց արդյունքում իշխանություններն անընդհատ վերարտադրվեցին։
    Երկար տարիների ընթացքում, բնականաբար, ժողովուրդն այդ ամենից հոգնեց ու զզվեց և նա որոշեց հաջորդ անգամ ընտրել իր սրտի ուզածին՝ աղմկարարին, սրան-նրան ծաղրողին, արագաչափ փակողին, գործից թեկուզ անընդունակին, բայց ճարտար խոսողին՝ այսինքն ընտրեց վատթարին։
    Եվ դրա հետևանքով ունեցանք այն, ինչ՝ ունեցանք ․․․

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031