Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած դատական նիստում եզրափակիչ ելույթ ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Արուսյակ Ալեքսանյանը բավարարել էր «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ փոխելով նրա պաշտպանյալի խափանման միջոցը եւ 2,5 մլն. դրամ գրավի դիմաց ազատ արձակել կալանքից:
«Խոսելու եմ երեւույթների մասին, որ մինչ այս երբեւէ չեմ բարձրաձայնել ոչ այս դատական նիստերի դահլիճում, ոչ էլ որեւէ այլ ֆորմատով՝ չնայած այն հանգամանքին, որ միշտ էլ ունեցել եմ այդ հնարավորությունը: Ինքս լինելով իրավաբան, դատավոր՝ ցանկացել եմ, որպեսզի պրոցեսը հնարավորինս ընթանա իրավական դաշտում եւ որեւէ այլ աստառ չստանա»,-ասաց արուսյակ ալեքսանյանը եւ շարունակեց:
«Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ իմ նկատմամբ իրականացված ողջ գործընթացը վերից՝ վար, ապօրինի է, չի տեղավորվում իրավական եւ ժողովրդավարական պետությանը հատուկ տրամաբանության մեջ: Այլ կերպ ասած, իմ նկատմամբ դրսեւորվել է խտրական վերաբերմունք տարբեր հարթություններով եւ խորություններով, իրականացվել է չհիմնավորված քրեական հետապնդում եւ ընտրովի արդարադատություն»: Այնուհետեւ, Արուսյակ Ալեքսանյանը տարբեր օրինակներով փորձեց հիմնավորել իր այս պնդումը:
Կարդացեք նաև
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ սանձազերծված ապօրինությունների մեկնարկը տրվել է ԱԱԾ օպերատիվ աշխատակցի կողմից կազմված իրականությանը չհամապատասխանող, ստահոդ, կեղծ զեկուցագրով, որի համաձայն ԱԱԾ-ում, իբր, տվյալներ են ստացվել այն մասին, որ ես, զբաղեցնելով դատավորի պաշտոնը, իմ վարույթում գտնվող տարբեր դատական գործերով քննությամբ դեռեւս չպարզված անձանցից պարբերաբար պահանջում եւ ստանում եմ խոշոր չափերով՝ 2-5 միլիոն դրամ կաշառք: Ինչպես նկատում ենք, զեկուցագիրը ընդհանուր, չկոնկրետացված, աբստրակտ բնույթի է: Նույնիսկ նշված չէ, թե կոնկրետ որ գործով կամ ումից եմ ես կաշառքներ պահանջել եւ ստացել:
Բազմիցս վարույթն իրականացնող մարմնին առաջարկել եմ նշել գոնե մեկ գործի անուն, սակայն համառորեն լռել են: Չէր էլ կարող նշվել, քանի որ դա, պարզապես, տիեզերական մասշտաբի սուտ է: Ինձ միշտ հետաքրքրել է. լավ, ինչի՞ հենց, օրինակ, 2-ից 5 միլիոն: Թող ավելի շատ գրեին: Չէ՞ որ իմ կողմից կալանավորված եւ չկալանավորված անձինք բավականին վճարունակ են եղել: Ուզելուց՝ շատ կուզեի: Համ էլ՝ չարժեր 2-ից 5 միլիոն դրամ կաշառքի համար 2,5 տարի լինել անազատության մեջ:
Անկեղծ ասած, նախկինում, մինչեւ իմ նկատմամբ սկսված ապօրինությունների տեղատարափը, ես մշտապես շատ լուրջ եմ վերաբերվել օպերատիվ աշխատակիցների կատարած աշխատանքին թե որպես քննիչ, թե որպես դատավոր, թե որպես ՀՀ քաղաքացի: Համենայն դեպս՝ արժանահավատության ու հավաստիության տեսանկյունից: Մանավանդ, որ այս օպերատիվ բլոկը պատկանել է ԱԱԾ-ին: Բայց պատկերացումներս սկզբունքորեն փոխվեցին, երբ որ իմ օրինակով պարզ դարձավ, թե ինչ ծայրահեղ ապօրինության կարող են դիմել օպերատիվ աշխատակիցները համապատասխան պաշտոնատար անձանց «դաբրոների» առկայության պարագայում: Սրա մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք ես եւ իմ պաշտպանական թիմը: Խոսքս ԱԱԾ ներկայացուցչի կողմից վերաքննիչ դատարանում դատական նիստի ընթացքում նշված «դաբրոյի» մասին է»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը՝ տալով կոնկրետ անուն, որն ի պատասխան իրենց այն պնդմանը, թե այդ անձը իրականությանը չհամապատասխանող , կեղծ տեղեկություններ է զետեղել զեկուցագրում, ասել է, թե գիտե՞ք քանի վերադաս է այդ զեկուցագիրը կազմելու կապակցությամբ հավանություն տվել:
Այնուհետեւ, Արուսյակ Ալեքսանյանը հիշեցրեց, որ այդ ձայնագրությունը ներկայացվել է նաեւ այս դատարան, սակայն այն լսելու եւ այդ աշխատակցին հարցաքննության հրավիրելու իրենց միջնորդությունը մերժվել է: «Մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են հանդիսացել այն պաշտոնական անձինք, ովքեր են կեղծ, շինծու տեղեկություններ պարունակող զեկուցագիր կազմելու մասին ապօրինի հանձնարարություն տվել: Ի դեպ, նման «դաբրոների» զոհ կարող է դառնալ ՀՀ-ում ցանկացած դատավոր: Այդ թվում նաեւ դուք՝ պատվարժան դատարան: Թող որեւէ դատավոր չկարծի, թե ինձնից լավն է կամ այդ վտանգը իրեն չի սպառնում:
Ցավոք, այնպիսի տպավորություն է, որ մեր դատական համակարգում իմ վերաբերյալ բողոքների քննությունը դրված է ավտոմատ մերժելու ռեժիմի վրա: Ձեր որոշումները դարձել են անբեկանելի, պատվարժան դատարան: Ես ամբողջությամբ հանձնված եմ ձեր դատին: Էլ չեն էլ խորանում բովանդակության մեջ: Կարդում են՝ Արուսյակ Ալեքսանյան ու վերջ, միանգամից մերժվում է»,-ասաց մեղադրյալի աթոռին հայտնված դատավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ