Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը․ Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում․ Բագրատ Սրբազանի նամակը

Հուլիս 06,2025 19:50

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս)

«Աշխարհն, այո, շուռ է եկել»,- կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկեսնագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել Սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։

Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում, իրական և բուն պատճառը այն է՝ վերացնել դիմադրության հնարավոր օջախները։

Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարը անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։

Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է ի վերջո համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը։

Պատկերը առավել քան հստակ է, սակայն անելիքներն անորոշ։

Զգուշացնում էի, որ այս վերջնական աղետալի գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի նույնիսկ նկատելի չլինի «խավարի քողի տակ», ինչպես եղավ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը, 2022թ. հոկտեմբերի 6-ը, 2023 թ. սեպտեմբերի 19-24 Արցախի հանձնումը, 2024թ. ապրիլի 19-ի գիշերը, Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պարագան և այլն։
Իսկ հիշու՞մ եք, թե ինչ դեպք է տեղի ունեցել գիշերվա քողի տակ… Հունդան խաղաղության համբույրով մատնեց Հիսուսին։ Հիմա նույն

«խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը։

Սիրելիներ,

Այժմ այլևս վաղուց ժամանակը չէ վերլուծությունների, փորձագիտական մեկնաբանությունների, քաղաքական և այլ տարբերությունների։ Մեկ կողմ թողեք ամեն բան և միավորվեք հանուն Հայաստանի, հանուն պատվի և արժանապատվության, հանուն մեր նահատակների, հանուն մեր տառապանքների, հանուն մեր երազների և իղձերի, որոնք ավելի մեծ են քան մեր ժամանակավոր կյանքի սահմանափակ օրերը։
Հաղթանակն այլընտրանք չունի…

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031