Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ցուցադրվելու է Կենաց փայտի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը․ Հայր Ասողիկ

Հուլիս 06,2025 20:00

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիրոջ ողորմությամբ և Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաբացվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

Եվ այս առիթով, առաջին անգամը լինելով, ցուցադրվելու է նաև Կենաց փայտի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը, որի մեջ ընդելուզված է Է. (7-րդ) դարի խաչը (պատմության մեջ հայտնի Հացունյաց խաչ անվամբ):

Ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ:

1846 թ. իշխանուհու խաչն ամրացվել է Վանում պատրաստված սքանչելազարդ խաչ-մասունքարանի մեջ՝ պահվելով Լիմ անապատի Սբ Գևորգ եկեղեցում:

Հայոց Ցեղասպանությունից հրաշքով, ի շնորհիվ իմաստուն հայ հոգևորականների, փրկված գանձերից է, որն այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Շատ շուտով, սիրելիներ, դուք ևս երջանկությունը կունենաք տեսնելու և խոնարհվելու այս հրաշափառ աստվածային մասունքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031