Լրահոս
Օրվա լրահոսը

«Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը ՀՀ-ի կողմից կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հարգումն ապահովելու հանձնառության հզոր քաղաքական ցուցիչ է»․ Լորանս Լվոֆֆ

Հուլիս 07,2025 10:37

Aravot.am-ը զրուցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության վարչության պետ Լորանս Լվոֆֆի հետ։

 

-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագիրը կենտրոնացած է երկու հիմնասյուների վրա՝ աջակցել ՀՀ իշխանություններին կենսաբժշկության ոլորտում իրավական նորմերը եւ իրավապահ պրակտիկան ավելի մոտեցնել մարդու իրավունքների եւ էթիկական եվրոպական չափանիշներին և երկրորդը՝ ուժեղացնել առողջապահության ոլորի մասնագետների և իրավաբանների կարողությունները կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար: Քանի որ ծրագրի արդյունքներն արդեն ամփոփվել են՝ ի՞նչ եք կարծում՝ հայ բուժաշխատողները մոտեցե՞լ են եվրոպական չափանիշներին։

– Նախ, կարծում եմ՝ կարևոր է գնահատել առողջապահության ոլորտի մասնագետների, որոնց հետ մենք աշխատում ենք Հայաստանում, ներգրավվածությունն ու նվիրվածությունը։ 2020-ից մենք սկսել ենք համատեղ գործողություններ ՀՀ-ում և տեսնում ենք աճող հետաքրքրություն և պահանջ առողջապահության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման հարցում կենսաբժշկության տարբեր ոլորտներում, որն ուղեկցվում է օրենսդրության բարելավմամբ՝ հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական չափանիշները։ Կարող եմ հղում կատարել հատկապես բժշկական գաղտնիությանը, օրգանների փոխպատվաստմանը, ինչպես նաև հոգեկան առողջությանը։

Այս տարի մենք կկազմակերպենք առողջապահության մասնագետների համար նոր ուսումնական այց Ֆրանսիայի հյուսիսում գտնվող հոգեբուժական հիվանդանոցի բաժանմունք, որը որդեգրել է հիվանդների ինքնավարության խթանման վրա կենտրոնացած գործելակերպ։ Առողջապահության մասնագետներն առաջնագծում են՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Նրանց փորձը, հաջողությունները, նաև նրանց հանդիպած դժվարությունները մեզ օգնում են հարմարեցնել առաջարկվող միջոցառումները՝ նրանց սպասելիքներն ավելի լավ բավարարելու և աջակցելու հիվանդակենտրոն առողջապահական համակարգի խթանման գործում:

– Երևանում անցկացված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի փակման միջոցառման ժամանակ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հայտարարեց՝ ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագիրը։ Արդյոք այսպիսի որոշում է կայացվել, որովհետև ՀՀ-ում այս ոլորտում կան հրատապ լուծումներ պահանջող խնդիրնե՞ր։

-Պատճառը հիմնականում ՀՀ իշխանությունների և հաստատությունների, մասնավորապես՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պատրաստակամությունն ու ներգրավվածությունն է, որը մեծապես աջակցել է նախագծին։ Ավելին, Covid-19 համավարակը հանգեցրել է հանրային առողջապահության ճգնաժամի ամբողջ աշխարհում, ինչը բարձրացրել է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների կարևորության մասին իրազեկվածությունը։ Այդ ժամանակվանից ի վեր նմանատիպ նախագծեր նախատեսված են ԵԽ գործողությունների ծրագրերում տարբեր անդամ պետությունների համար (Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա)։ Այս համագործակցությունը Հայաստանում ոչ միայն փորձնական նախագիծ է, այլև ցուցադրական. այն կարող է ծառայել որպես հաջողված օրինակ՝ հիմնվելով ՀՀ բոլոր իշխանությունների, հաստատությունների և շահագրգիռ կողմերի հետ տարիների ընթացքում ձևավորված իրական գործընկերության շնորհիվ ձեռք բերված արդյունքների վրա։

-ՀՀ-ն ձգտում է միանալ Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիային՝ Օվիեդոյի կոնվենցիային։ Ի՞նչ օգուտ կարող է ստանալ երկիրը։

-Դա արդեն մտադրություն չէ, այլ իրականություն է, քանի որ կոնվենցիայի ընդունմանն ու վավերացմանը ՀՀ խորհրդարանը միաձայն «կողմ» է քվեարկել։ Սա նշանակում է, որ մենք սպասում ենք Ստրասբուրգում՝ ԵԽ-ում, վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան։ Կոնվենցիան ապահովում է մարդու իրավունքների շրջանակ, և ՀՀ-ն կարող է զարգացնել իր օրենսդրությունը՝ հարգելով մարդու իրավունքների եվրոպական չափանիշները: Վավերացումը միջազգային մակարդակով ՀՀ-ի կողմից կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հարգումն ապահովելու հանձնառության հզոր քաղաքական ցուցիչ է:

-Ի՞նչ դերակատարում է ունեցել ԵԽ-ն Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացմանը նպաստելու գործում։ Ի՞նչ քայլեր են սպասվում։

– Առաջին քայլը գործող ազգային օրենսդրության վերլուծությունն էր՝ Օվիեդոյի կոնվենցիայի հետ հնարավոր անհամատեղելիությունը բացահայտելու համար: Նշվել է միայն մեկ նման դժվարություն՝ կապված նախածննդյան փուլում երեխայի սեռի ընտրության հնարավորության հետ, որն արգելված է Օվիեդոյի կոնվենցիայով: Նման հնարավորությունը ՀՀ-ում վերականգնվել է 2021-ին, բայց մենք հասկանում ենք, որ այս հարցում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում:

Այնուհետև իրականացվեցին իրազեկման, կարողությունների զարգացման գործողություններ՝ Կոնվենցիայի հետ կապված, ինչպես նաև ճանաչողական այցեր՝ ներկայացնելու ԵԽ-ի աշխատանքը կենսաբժշկության ոլորտում, թե գործնականում ինչպես է աշխատում Կոնվենցիան։ Մենք սերտորեն համագործակցել ենք ՀՀ առողջապահության նախարարության, խորհրդարանի հետ՝ հանձին՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի։ Իրականացվել են առողջապահության, իրավունքի ոլորտի մասնագետների, հանրային ծառայողների և լրագրողների վերապատրաստումներ, ինչպես նաև պատգամավորներն են իրենց ներգրավվածությունն ունեցել Կոնվենցիայի դրույթների մասին իրազեկման աշխատանքներում։

Վավերացումը մեծ նվաճում է, բայց դրան հասնելու համար բազմաթիվ քայլեր են կատարվել՝ օրինակ՝ առաջին ազգային էթիկայի կոմիտեի ստեղծումը։ Վավերացումից հետո մենք կշարունակենք աջակցել Հայաստանի իշխանություններին Օվիեդոյի կոնվենցիայի դրույթների իրականացման և, հնարավոր է, դրա լրացուցիչ արձանագրությունների վավերացման գործում, որոնք վերաբերում են, մասնավորապես՝ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը, մարդու կլոնավորման արգելքին և կենսաբժշկական հետազոտություններին։

Հայաստանում իրականացված համատեղ ծրագիրն իսկապես կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության լավ օրինակ է, և կրկնելով ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի՝ 2025-ի հունիսի 11-12-ը ՀՀ-ում ասված խոսքերը, մենք ընդգծում ենք «ԵԽ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»։

– Բացի ընթացակարգային համագործակցությունից ՀՀ իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք մտադրություն և քաղաքական կամք՝ մոտենալու մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին, քանի որ որոշ դեպքերում հայկական իրականությունը բավականին տարբերվում է երկրի ստանձնած պարտավորություններից։

-Ես արդեն ընդգծել եմ Հայաստանի իշխանությունների, հաստատությունների և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ու հանձնառությունը: Խորհրդարանի միաձայն որոշումը մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների և էթիկական արժեքների կարևորության ընդհանուր ճանաչման վառ օրինակ է: Այնուամենայնիվ, պրակտիկայում ազդեցությունը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել: Օրենսդրությունը զարգանում է: Համապատասխան կրթությունը, վերապատրաստումը, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակումը, այդ թվում՝ ԵԽ-ի այլ անդամ պետությունների մասնագետների հետ, կշարունակեն փոփոխություններ բերել պրակտիկայում:

Ոլորտի պաշտոնյաները վստահեցնում են, որ ՀՀ-ում հետազոտությունների ​​էթիկայի կոմիտեներն արդյունավետ են աշխատում: Ինչպե՞ս կգնահատեք հետազոտությունների ​​էթիկայի կոմիտեների դերը ՀՀ առողջապահության մասնագետների կողմից էթիկական նորմերի խախտումների հետաքննության գործում:

-Դուք հավանաբար նկատի ունեք առողջապահության մասնագետների ազգային էթիկայի կոմիտեն, որը վերջերս է ստեղծվել: Սա ԵԽ-ի ծրագրի աջակցությամբ իրականացված փոփոխությունների մի բաղադրիչ է, որտեղ կիրառվել է նաև այլ անդամ պետությունների փորձագետների փորձը: Դրա դերն իսկապես կարևոր է ավելի հիվանդակենտրոն առողջապահական համակարգի զարգացման համար: Էթիկայի կանոնագրքի չհարգման դեպքում կարող են կիրառվել պատժամիջոցներ, դրա գործողությունները կարող են բացասաբար ընկալվել առողջապահության որոշ մասնագետների կողմից: Այնուամենայնիվ, դրա հիմնական դերը կրթական է, այն նախատեսված է առողջապահության մասնագետներին ուղեկցելու պրակտիկայի զարգացման գործընթացում և բարձրացնելու առողջապահության մասնագետների պատասխանատվության մասին իրազեկվածությունը՝ մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար:

Ցավոք, մենք ունենք դեպքեր, երբ բժշկական աշխատողները բռնության են ենթարկվել Հայաստանում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ցանկացած անձի, այդ թվում՝ առողջապահության ոլորտի մասնագետների նկատմամբ բռնությունն անընդունելի է, պետք է դատապարտվի։ Կան աշխատողների պաշտպանության օրենքներ, որոնք վերաբերում են նաև առողջապահության ոլորտին։ Նպատակը պացիենտների և առողջապահության ոլորտի մասնագետների իրավունքները հակադրելը չէ։ Յուրաքանչյուր անձի իրավունքների իրականացումը կապված է պատասխանատվության և ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031