Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում բուժաշխատողների էթիկայի կանոնների ընդունումը պետք է համարել շատ կարեւոր եւ դրական քայլ»

Հունվար 26,2023 14:30

«Առավոտը» զրուցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության վարչության պետ Լորանս Լվոֆֆի հետ։

– Տիկին Լվոֆֆ, խնդրեմ ներկայացրեք այն նախագիծը, որն իրականացրել է Եվրոպայի խորհուրդը Հայաստանում կենսաէթիկայի ոլորտում։ Տեղյակ եմ, որ ՀՀ-ում Կենսաէթիկայի եւ առողջապահական իրավունքի եվրոպական չափանիշների վերաբերյալ դասընթաց է իրականացվել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների համար։

– «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» առաջին համատեղ ծրագիրն է կենսաբժշկության ոլորտում, որն իրականացվում է ԵԽ անդամ երկրում։ Այն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նպատակաուղղված է կենսաբժշկության ոլորտում եվրոպական ստանդարտների իրազեկման բարձրացմանն ու իրականացման մատչելիությանը, ինչպիսիք են տեղեկացված համաձայնությունը, բժշկական գաղտնիությունը, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ ֆինանսական շահի արգելումը եւ այլն: Ծրագրի վերջնական նպատակն էր օգնել Հայաստանին նախապատրաստվել Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիային՝ Օվիեդոյի կոնվենցիային միանալուն: Ծրագիրը կենտրոնացած է երկու հիմնասյուների վրա՝ աջակցել ՀՀ իշխանություններին կենսաբժշկության ոլորտում իրավական նորմերը եւ իրավապահ պրակտիկան ավելի մոտեցնել մարդու իրավունքների եւ էթիկական եվրոպական չափանիշներին, եւ, երկրորդը, ուժեղացնել առողջապահության եւ իրավաբանների կարողությունները կենսաբժշկության  ոլորտում մարդու իրավունքների չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների համար իրականացված դասընթացն իրականացվեց երկրորդ կարեւոր ուղղության շրջանակում, որի նպատակն էր ուժեղացնել հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների անդամների կարողությունները՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Դրանք ներառում են, մասնավորապես, Օվիեդոյի կոնվենցիայի եւ կենսաբժշկական հետազոտությունների վերաբերյալ նրա լրացուցիչ արձանագրության համապատասխան դրույթները: Դասընթացը կազմակերպվել էր Հետազոտությունների էթիկայի եվրոպական ցանցի հանձնաժողովի եւ փորձագետների հետ սերտ համագործակցությամբ, ովքեր մասնակցել են ԵԽ «Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների ուղեցույցի» մշակմանը:

– ՀՀ-ում մինչեւ վերջերս հետազոտությունների էթիկայի հանձնաժողովները չէին գործում։ Դրանք գործում էին Բժշկական համալսարանի եւ գենետիկայի կենտրոնի կազմում, ունեին տեղային բնույթ։ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի էթիկայի հանձնաժողովները նոր են ստեղծվել։ Արդյոք Հայաստանն այս ոլորտում շա՞տ է հետ մնում այլ եվրոպական երկրներից։

– Եթե չեմ սխալվում, բոլոր հանձնաժողովները ստեղծվել են միեւնույն ժամանակ։ Կարողությունների զարգացման ծրագրեր մշակելիս մենք ընդունեցինք վերապատրաստման առաջարկը՝ առանց որեւէ տարբերություն դնելու։ Հետազոտությունների  էթիկայի հանձնաժողովների համար վերապատրաստումն անցկացնելու խնդրանքն արվել է հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների գործունեության կանոնադրությունն ու իրավական բազան ոլորտում եվրոպական չափանիշներին մոտեցնելու, ինչպես նաեւ հանձնաժողովների նորանշանակ անդամների կարողությունների հզորացման նպատակով՝ հիմնված վերոնշյալ իրավական փաստաթղթերի եւ Ուղեցույցի վրա։ Կան մի քանի կարեւոր հարցեր՝ շահերի բախում, հետազոտությունների ֆինանսական հարցեր, ինչպես նաեւ հետազոտությունների առաջարկների գնահատումը։

Եվրոպայում հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների աշխատանքը տարբեր է։ Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների եվրոպական ցանցի (EUREC) փորձագետների մասնակցությունը սեմինարին այս համատեքստում շատ օգտակար է։ Հանդիպումների ընթացքում փորձի փոխանակումը օգտակար էր, եւ հույս ունենք, որ այն կնպաստի սերտ հարաբերությունների հաստատմանը հայկական հետազոտական ինստիտուտների եւ Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների եվրոպական ցանցի միջեւ, ինչպես նաեւ եվրոպական տարբեր երկրների էթիկական հանձնաժողովների միջեւ։

-ՀՀ-ում բուժաշխատողների էթիկայի կանոնները նոր են ընդունվել՝ անցյալ տարվա փետրվարին։ Չե՞ք կարծում, որ այս որոշումը պետք է ընդունված լիներ տարիներ առաջ, չե՞ք կարծում, որ նաեւ սա է պատճառը, որ ամիսներ առաջ ՀՀ-ում կրկին գրանցվեց բուժաշխատողի նկատմամբ բռնության դեպք։

– ՀՀ իշխանությունների կամքը՝ ընդունել էթիկական կանոններ, գնահատելի է եւ էթիկայի կանոնների ընդունումը պետք է համարել շատ կարեւոր եւ դրական քայլ։ Առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների ընդունումը եւ առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի հանձնաժողովների ստեղծումը սահմանվում են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով: Բուժաշխատողների էթիկայի կանոնների ընդունումը ՀՀ կառավարության ՝ 2022-ի փետրվարի 17-ի որոշմամբ կանոնակարգում է բժիշկ-պացիենտ, բժիշկ-բժիշկ, բժիշկ-երրորդ կողմ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է որոշ էթիկական ասպեկտներ հանրային առողջության արտակարգ իրավիճակների համար։ Ընդհանուր առմամբ այս կարգավորումների նպատակն է բարձրացնել հանրությանը տրամադրված բժշկական ծառայությունների որակը։ Միեւնույն ժամանակ բուժաշխատողների նկատմամբ բռնությունները պացիենտների կամ նրանց հարազատների կողմից այս որոշումների առարկան չեն, այստեղ  քրեական օրենսդրությունն ավելի արդիական է։

– ՀՀ Նոր քրեական օրենսգրքով չի գործում բուժաշխատողների մասնագիտական գործունեության խոչընդոտման համար նախատեսված պատասխանատվությունը, մինչդեռ 2017-ին այն նախատեսված էր Քրեական օրենսգրքով։ Սա ի՞նչ ռիսկեր է պարունակում։

– Մենք այս հարցն առանձին կերպով չենք ուսումնասիրել մեր աշխատանքի ընթացքում։ Եթե ես ճիշտ եմ տեղեկացված, Քրեական օրենսգիրքը նախատեսում է կոնկրետ պատժամիջոցներ՝ ըստ պատճառված վնասի ծանրության։ Սա կկիրառվի նաեւ, եթե տուժողը բուժաշխատող է:

– Հայաստանը դեռ չի ընդունել Օվիեդոյի կոնվենցիան, ինչպես գիտեք, այն պարունակում է միջազգային չափանիշներ՝ կապված բժշկական գաղտնիքի հետ եւ այլն։ Արդյոք սա հրատա՞պ հարց է ՀՀ-ի համար։

– Բժշկական գաղտնիքի հետ կապված ՀՀ օրենսդրությունը եվրոպական մոտեցումների հետ մեկ գծի վրա է՝ հատկապես Օվիեդոյի կոնվենցիայի պահանջներին բավարար։ Մեծ թվով փոփոխություններ կատարվեցին 2020-ին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, եւ այն կարգավորում է ոլորտը որքան հնարավոր, միեւնույն ժամանակ, կան հարցեր, որոնք պահանջում են հետագա բարելավում։ Օրինակ՝ մահացած անձանց գաղտնի բժշկական տվյալների մշակման հետ կապված առանձնահատկություններ, բժշկական գաղտնիքի պահպանումն այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը կարող է ազդել այլոց վրա, օրինակ՝ տեղեկատվություն գենետիկական բնութագրերի մասին, որոնք կարող են վերաբերել տվյալ անձի կենսաբանական ընտանիքի մյուս անդամներին։ Անձին իր առողջական վիճակի մասին տեղեկատվության տրամադրումը, երբ իրավիճակը կրիտիկական է, եւ այդ տեղեկատվությունը կարող է վատթարացնել հիվանդի վիճակը:

– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը ՀՀ-ում, որո՞նք են հրատապ խնդիրները, որոնք ՀՀ-ն պետք է հաղթահարի եվրոպական երկրների հետ հավասար քայլեր անելու համար։

– Քովիդ-19-ը արթնացման կոչ էր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների կարեւորությանը առողջապահության ոլորտում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում եւ դրանից դուրս։ Այս ճգնաժամից պետք է դասեր քաղել։ Կարեւոր է, սակայն, ընդունել, որ ՀՀ իշխանությունների կողմից կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը առաջնահերթություն տրվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում՝ անգամ մինչեւ Քովիդ-19 ճգնաժամը։ Ավելին, Հայաստանը ստիպված էր դիմակայել ե՛ւ համաճարակին, ե՛ւ շարունակվող հակամարտությանը, որը ծանր ազդեցություն է թողել ընդհանուր իրավիճակի վրա։ Բոլոր շահառուների կողմից ցուցաբերվել է բարձր եւ աճող հետաքրքրություն, որոնց հետ համագործակցության ծրագրի շրջանակում համագործակցել ենք։ Եվ կենսաբժշկության մի շարք ոլորտներում (օրինակ՝ հոգեկան առողջություն, հետազոտություններ, հանրային երկխոսություն առողջության հետ կապված հարցերի շուրջ) ավելի շատ գործունեություն ծավալելու խնդրանքը ցույց է տալիս հանդիպող խնդիրների մասին իրազեկվածությունը եւ դրանք լուծելու պատրաստակամությունը: Սա ներառում է հասարակության հետ վստահության ձեւավորումը, որը մեծ թվով երկրներում կարեւորագույն խնդիր է։ Հայաստանը բացառություն չէ եւ առաջին համագործակցության ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքները կարող են օգտակար լինել այլ երկրների համար։

Մենք շարունակելու ենք այս աշխատանքը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նոր գործողությունների ծրագրի համատեքստում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031