Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի վաղը։
Մասիս Մելքոնյանն իր խոսքում մեջբերեց Եվրոպական դատավորների խորհրդատվական Խորհրդի խորհրդատվական կարծիքը, ըստ որի 60-րդ կետի՝ ճիշտ չէ պատշաճ մասնագիտական չափանիշների խախտումները կապել զանցանքի հետ, որի արդյունքում կարող են մասնագիտական տույժեր կիրառվել։ Ըստ այդմ, կարգապահական վարույթը հիմնավորելու համար իրավախախտումը պետք է լինի լուրջ եւ չափազանց մեծ, այնպիսինը, որ հնարավոր չլինի դրանք հակափաստարկել․ ըստ Մասիս Մելքոնյանի, այս դեպքն այդ դեպքերից չէ։ Ավելին, իր դիտարկմամբ, հայտնաբերված խախտումը չի խոչընդոտել արդարադատությանը, քանի որ գործի քննությունը շարունակվել է, այն այժմ գտնվում է եզրափակիչ ելույթների փուլում եւ չի հարուցել իրավունքների խախտման այնպիսի իրավիճակը, որը զրկել է մեղադրյալին՝ դրանք հետագայում, նույն վարույթի շրջանակներում իրացնելուց։ Ավելին, նա հայտարարեց, որ ինքն ինքնակամ ընդունել է խախտման փաստը եւ վերացրել է այն, ուստի կարգապահական վարույթ հարուցելու հարց չի առաջանում։ Իր կարծիքով նաեւ, այս դատական վարույթը մեծ ռիսկեր է պարունակում դատավորի անկախության եւ ներքին ինքնուրույնության առումով։
Հիշեցնենք, Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կայացվել է մարտի 24-ին։ Հաղորդում ներկայացրած անձը դատավորի վարույթում գտնվող քրեական գործերից մեկով ունի մեղադրյալի կարգավիճակ։ 2024 թվականի ապրիլի 23-ի կայացած դատական նիստում, որտեղ վերջինս հարցաքննվել է՝ Մասիս Մելքոնյանը նրան զգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, սակայն չի պարզաբանվել լռելու իրավունքի մասին նորմը, չի բացատրել ցուցմունք տալու հետ կապված օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, նաեւ չեն պարզաբանվել այդ ցուցմունքը իբրեւ ապացույց օգտագործելու հնարավորության մասին գրավոր տեղեկացվելու իրավունքները։
Կարդացեք նաև
Միջնորդություն ներկայացնող կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ մեղադրյալը շատ հարցերի չի ցանկացել պատասխանել, բայց 2025 թվականի ապրիլի 17-ին կայացված որոշմամբ, դատարանը մեղադրյալի այդ հարցաքննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի ապացույց եւ պահել վարույթի նյութերում։
ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանի հարցինի պատասխան՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Շահնազարյանն ասաց, որ իրենք բացատրություն են պահանջել, դատավորը դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով երկարաձգել բացատրություն ներկայացնելու ժամկետը՝ լրացուցիչ ուսումնասիրման հիմքով։ Միջնորդությունը բավարարվել է, ժամկետ սահմանելով ապրիլի 18-ը։ Հետո արդեն պարզվել է, որ ապրիլի 17-ին կայացվել է անթույլատրելի ճանաչելու որոշումը․ «Հանձնաժողովն արձանագրել է, որ ոչ միայն այդ խախտումները վերացվել են վարույթ հարուցելուց հետո, այլեւ հենց դատավորի կողմից պահանջած լրացուցիչ ժամկետի ավարտից մեկ օր առաջ»։
Միջնորդության վերաբերյալ Մասիս Մելքոնյանը նաեւ հավելեց, որ ապացույցն անթույլատրելի որոշման իրավաչափությունը կարող է եւ իրավունք ունի գնահատել միմիայն վերադաս ատյանը, Էթիկայի հանձնաժողովը չունի նման լիազորություն․ «Հանձնաժողովի բերած հիմնավորումները, թե դատավորն իրավունք չուներ ապացույց անթույլատրելի ճանաչել, չեն բխում օրենքի կարգավորումներից, քանի որ Քրեական դատավարության 335-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ վարույթ իրականացնող դատավորն իրավունք ունի անթույլատրելի ճանաչել ցանկացած ապացույց, եթե կան բավարար հիմքեր»։
Նա նաեւ հավելեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ստացել է այն ժամանակ, երբ գործը գտնվում էր հետազոտման ենթակա ապացույցների թույլատրելիության փուլում․ «Զարմանալին այն է, որ մեղադրյալը, մեղադրյալի փաստաբանը՝ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, բողոքում են հանձնաժողովին, որ իրենց իրավունքները խախտվել են, բայց էդ ժամանակ չեն միջնորդում այդ ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Սակայն, ինձ մոտ, օրվա նիստերի ցուցակում, ես անգամ նշում եմ արել, որ այդ արձանագրությունն ամեն դեպքում խախտումով տեղի ունեցավ եւ հետագայում պիտի քննարկեմ։ Ես իմ նախաձեռնությամբ քննարկել եմ, քանի որ գտել եմ, որ ամեն դեպքում պետք է նախազգուշացվեր, ամեն դեպքում խախտումը եղել է եւ ճանաչել եմ անթույլատրելի ապացույց։ Իսկ վկայի հարցաքննությունը չի ավարտվել, հետեւաբար, դատարանը դա չի համարել վերջնականապես ձեւավորված փաստաթուղթ, որի հիման վրա կարելի է հետեւություններ անել։ Հարցաքննության կեսից վկան վիճեց կողմի հետ եւ հեռախոսն անջատեց ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին»։
Ավելի ուշ մեղադրյալը նորից է հարցաքննվել եւ ձայնագրությունն ամբողջությամբ տրամադրվել է Էթիկայի հանձնաժողովին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ