Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ ստեղծագործելու ընթացքը սկսվում է այն պահից, երբ հրաժարվում ես հարմարավետությունից՝ հանուն ճշմարիտի ու նորի»

Հուլիս 07,2025 16:45

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հերթական մշակութային նախաձեռնությունը՝ «Կոնսերվատորիան հրավիրում է…», ամփոփվեց վերջերս, Ծաղկաձորի Գրողների միության տանը տեղի ունեցած եզրափակիչ փուլով՝ «Ամառային դպրոցի» ձևաչափով։ Այս եզակի միջավայրում միավորվեցին արվեստի տարբեր ոլորտների ուսանողներ՝ գաղափարների, փորձի և ստեղծագործական փոխանակման հարթակում։

«Ամառային դպրոցին» մասնակցում էին Կոնսերվատորիայի (ԵՊԿ) ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿԻ) ուսանողներ, որոնք ներկայացնում էին երաժշտության, թատրոնի, կինոյի և տեսական արվեստագիտության ուղղությունները։ Ծրագիրը կյանքի կոչվեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ։ Հեղինակն ու կազմակերպիչն էր ԵՊԿ որակի ապահովման բաժնի վարիչ՝ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Նարինե Ավետիսյանը։ Իսկ կարևոր առանցքներից էր ուսանողակենտրոն ու ինտերակտիվ մոտեցումը։ Հնչեցին մի շարք բանախոսություններ, որոնք ուղեկցվում էին բաց քննարկումներով։ Ինտերակտիվ ելույթով և բանախոսությամբ հանդես եկան ԵԹԿԻ պրոռեկտոր, թատերագետ, արվեստագիտության թեկնածու Արմեն Հարությունյանը, ԵՊԿ-ի շրջանավարտ՝ երաժիշտ, նկարիչ Զոյա Սարգսյանը։ Ներկաները մասնակցեցին նաև նրա performance-ին։ Արվեստի խնդիրներին նվիրված քննարկումներով հանդես եկան ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Ծովինար Մովսիսյանը և ԵԹԿԻ հումանիտար ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։

Զոյա Սարգսյան

Անչափ հետաքրքիր էին աբսուրդ արվեստի ու վերջինիս դրսևորումների մասին երաժիշտ, նկարիչ Զոյա Սարգսյանի դիտարկումները, մի թեմա, որը ոչ թե տարիներին, այլ տասնամյակներ շարունակ տարաբնույթ խոսակցությունների, նույնիսկ բանավեճերի առիթ է հանդիսանում, ընդ որում` նաև մասնագետների շրջանում։ Արվեստագետին խնդրեցինք այդ դիտարկումները հայտնել նաեւ Aravot.am-ի ընթերցողներին:

«Ծաղկաձորի ամառային դպրոցում ներկայացրեցի այդ թեման, որն ինձ նույնպես վաղուց էր հետաքրքրում»,- հայտնեց մասնագետն ու մանրամասնեց. «Պետք է խոստովանեմ, որ ելույթս միաժամանակ փորձ էր՝ դիտարկելու այս երևույթը պատմական, գեղագիտական և հոգևոր տեսանկյուններից։ Ես անդրադարձա աբստրակտ մտածողության ձևավորմանը, իբրև ներքին պահանջ՝ ազատվելու արտաքին պատկերի սահմանափակումներից և վերածվելու զգայական կամ փիլիսոփայական շփման միջոցի։

Բանախոսության կարևոր հատվածներից մեկն էր երաժշտության և աբստրակտ մտածողության կապը՝ մասնավորապես ամերիկյան կոմպոզիտոր Ջոն Քեյջի գործերի միջոցով։ Քեյջի ալեատորիկ մոտեցումը, պատահականության դերը, լռության հետ աշխատելու նրա փորձերը կարևոր օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է խուսափել կարծրատիպերից՝ նոր ընկալումներ արթնացնելու համար։ Հաճախ մարդը գիտակցաբար խուսափում է ընդունել արվեստի նոր ձևերը, որովհետև պարզապես դրանք չեն տեղավորվում հարմարավետության այն սահմաններում, որոնք սովոր է տեսնել, լսել ու զգալ։ Ու սա բավականին դժվար հարց է թե՛ աբստրակտցիոնիստ նկարչի համար, թե՛ դիտողի համար, քանի որ մարդու ուղեղը շատ յուրահատուկ է ընկալում վիզուալ պատկերները։

Մեզ ավելի հարմար է, երբ ծանոթ բան ենք տեսնում ու լսում։ Ուղեղը, կարծես, ինքնապաշտպանական ռեակցիայով խուսափում է անհասկանալի կամ անհարմար երևույթներից։ Այլ կերպ ասած, դառնում ես քո ուղեղի ու մտքի գերին։ Սահմանափակվում ես հենց այն պատկերացումներով, որոնք ինքդ ես ստեղծել կամ ընդունել։ Բայց եթե իսկապես ուզում ես ստեղծագործել, եթե ցանկանում ես լինել բացարձակ ու ազատ, պետք է ներսից պայթեցնես այդ միտքը։ Պետք է քանդես քո ներքին սահմանները, որոնք ուղղորդում են քեզ դեպի արդեն ծանոթը։ Ազատ ստեղծագործելու ընթացքը սկսվում է այն պահից, երբ հրաժարվում ես հարմարավետությունից՝ հանուն ճշմարիտի ու նորի։ Այո՛, պետք է հրաժարվես, որովհետև աբստրակցիան դա մի տեղ է, որտեղ շատ դժվար է հասնելը»։

Զոյա Սարգսյանի հավաստմամբ`վերացարկվելն առանձին մի երևույթ է։ Դա միայն նկարչություն չէ, դա փիլիսոփայություն է։ Դու գիտակցաբար վերացարկում ես ինքդ քեզ, քո արվեստը։ Դու չես ստեղծում սիրուն մի բան, դու հերքում ես շատ ու շատ սիրուն բաներ՝ դուրս բերելով «սիրուն» ասվածը քո իսկ արվեստից։

Դիտարկմանը` քանի որ արվեստի բոլոր ճյուղերն իրենց դրսևորումներով առաջին հերթին հանդիսատեսին են ուղղված, հաճախ ենք լսում, թե ներկայացված արվեստը պետք է սիրուն լինի, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ո՞վ է ասել, որ արվեստը պետք է լինի սիրուն, պետք է միայն դրական զգացմունքներ առաջացնի։ Իսկ ի՞նչ կլինի մեր ներսում եղած մյուս զգացմունքների հետ, որոնք սպասում են արտահայտվելու։ Աբստրակտ արվեստը, ու առհասարակ արվեստը, պետք է ամբողջությամբ տակնուվրա անի, վեր հանի մեր մեջ գտնվող ցանկացած զգացողություն, և այո’, նաև պետք է անի հակառակը՝ այսինքն չանի ոչինչ, առանց որևէ «պետք է»-ների։ Որպեսզի զգաք պարզապես այդ ոչինչը, այդ լռությունը, այդ չկան, որովհետև երբեմն այդ չկայում ավելին կա։ Երբեմն այդ լռությունը ավելի հնչեղ է, քան շատ ու շատ խոսքեր, թվացյալ աղմուկներ, որոնցում իրական աղմուկ էլ չկա»։

Արվեստագետի հայտնած այս մտքերի շարունակությունն էր պերֆորմանսը, որի արդյունքում պրոցեսը իսկապես դարձավ ստեղծագործություն, իսկ ինքը՝ նկարը, կտավ, որը արդյունքն է հենց այդ պրոցեսի: Ավելին, ստեղծագործությունը վերածվեց իսկական կենդանի արվեստի, և ներկաները կարողացան տեսնել, թե ինչպես է արարվում նոր աշխարհ, նոր իրականություն։ Մեր զրուցակիցը հայտնեց. «Այո, չկա կոմպոզիցիա, չկա ձև։ Թվում է, թե ստեղծվում է անսահմանության մի հատված։ Անգամ հատված չէ՝ հենց անսահմանություն։ Այսինքն՝ ոչ թե ստեղծվում է կտավի մեջ փոքրիկ իրականություն, այլ ահռելի իրականության մեջ մի փոքրիկ հատված»։

Հետո էլ անկեղծացավ. «Ի սկզբանե ես ցանկանում էի, որ բանախոսությանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը խոսքերիս միջոցով զգա այն, ինչ ես իրականում ապրում եմ ստեղծագործելիս։ Դա բոլորովին այլ ոգի է՝ խորապես անձնական, երբեմն նույնիսկ անբացատրելի։ Ես փորձել եմ փոխանցել ոչ միայն մտքերը, այլ հենց ներշնչման այն ներքին շարժումը, որը ուղեկցում է ինձ ստեղծագործական գործընթացում։ Ինձ համար ստեղծագործելն այլընտրանք չէ, այլ երկխոսություն՝ ոչ միայն աշխարհի, այլ ամենից առաջ՝ սեփական ներաշխարհի հետ։ Եվ երբ հանդիսատեսը դառնում է այդ երկխոսության մասնակից, նույնիսկ՝ լուռ ունկնդիր, ծնվում է մի տարածք, որտեղ իրական արվեստը սկսում է շնչել։ Հուսով եմ, որ ամառային դպրոցի ընթացքում ինձ հաջողվեց ստեղծել հենց այդպիսի տարածք՝ մի հարթակ, որն անգամ մի պահ կարող էր դառնալ ոգեշնչման աղբյուր բոլոր ուսանողների համար՝ դեպի նոր ստեղծագործություններ, ինքնաճանաչում ու ազատ մտքի փորձարկում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031