«ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիս ամսին հետաձգված քաղաքացիների ընդունելության շրջանակներում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանի ընդունելությունը կայացավ այսօր:
Ընդունելությունից հետո Էդգար Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Հանձնաժողովի կողմից ներկա էր «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմինե Խերանյանը: Ընդունելությանը ներկայացրած իմ միակ հարցը վերաբերում էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: Ես ներկայացրի իմ մոտեցումները, հիմնավորումները, որոնք, ըստ էության, նա կիսում է: Ավելին, ինքն էլ իր անհանգստությունն էր հայտնում: Բայց նա առանձին որեւէ դիրքորոշում չներկայացրեց, բացի այն հայտարարությունը, որով հանդես է եկել «Հայաստան» խմբակցությունը 2025 թվականի մայիսի 2-ին: Այսինքն, մենք գործ ունենք խմբակցության ընդհանուր դիրքորոշումից պատգամավորների տարբերվող կարծիք չունենալու փաստի հետ, չնայած ԱԺ կանոնակարգը թույլ տալիս է, որ ցանկացած հարցի վերաբերյալ պատգամավորն ունենա խմբակցությունից տարբերվող դիրքորոշում:
Արմինե Խերանյանն ասաց, որ իրենք նույնպես անհրաժեշտություն են համարում այս իշխանության փոփոխությունը, վարչապետի հեռացումը, բայց իրատեսական չեն համարում: Ինձ համար, իհարկե, համոզիչ չէ այս մոտեցումը: Ես ներկայացրի, որ դա կարող է իրատեսական լինել նաեւ իր եւ մյուս պատգամավորների ջանքերի, աշխատանքի արդյունքում: Այսինքն, որեւէ հարցում հնարավոր է հաջողության հասնել, որբ որ դժվարությունները հաղթահարվում են, երբ որ նախաձեռնությանը միանում են, եւ ջանքեր են գործադրվում: Այդ իմաստով, ցավոք, որեւէ հաջողություն չեղավ:
Ես տիկին Խերանյանին խնդրեցի, որ հաջորդ ընդունելության ժամանակ՝ սեպտեմբերին, իսկ ես բոլորին գրանցվելու եմ, որ մասնակցեմ, ինձ օգնի, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները ինձ ընդունելության արժանացնեն, որպես հանձնաժողովի անդամ ինքն էլ ներկայանա եւ պահանջի ՔՊ խմբակցության պատգամավորից, որ ես կարողանամ իմ մոտեցումները ներկայացնել այդ խմբակցության պատգամավորին: Տիկին Խերանյանն ասաց, որ այդ կապակցությամբ կմտածի եւ ինձ լրացուցիչ կպատասխանի: Դա ասաց այն իմաստով, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ առհասարակ շփումներ եւ կոնտակտներ չունի:
Կարդացեք նաև
Սա, իհարկե, տարօրինակ է, որովհետեւ մենք չենք ակնկալում, որ նրանք պետք է մարդկային, բարեկամական, ընկերական շփումներ, հարաբերություններ ունենան: Խոսքը վերաբերում է քաղաքական քննարկումներին: Եվ եթե կան օրակարգային հարցեր, որ ակնկալվում է՝ նրանց դիրքորոշումը պետք է վերանայվի կամ քննարկվի, ապա դա պետք է լինի միայն հանդիպումների, քննարկումների, շփումների միջոցով, ինչքան էլ դրանք տհաճ լինեն: Իրենք չեն եկել միայն կոմֆորտ միջավայրում գտնվելու համար: Պետք է նաեւ անցանկալի շփումներ ունենան: Կարեւորն այստեղ գործն է, ոչ թե իրենց զգացողությունները, ընկալումները: Ես հույս ունեմ, որ այս շփումները որոշակի փոփոխություններ կարող են մտցնել այս հարցում»:
Մեր հարցին՝ հետաքրքրվե՞ց, թե «Հայաստան» խմբակցությունը իմպիչմենտի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը միանալուց եւ ինչ-որ սեյֆում ստորագրություններ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորների հետ աշխատո՞ւմ է, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ասաց, որ կոնկրետ ինքը ՔՊ-ական որեւէ պատգամավորի հետ չի շփվում: Նույն մոտեցումն է, այդ իմաստով որեւէ փոփոխություն չկա: Հայտարարել են, որ ստորագրությունները պատրաստ են, ցանկացած պահի կարող են դնել, բայց իրենք պատրաստ չեն ջանքեր գործադրել այդ նախաձեռնությունը առաջ մղելու համար:
Այս իմաստով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների դիրքորոշումն էլ միանշանակ չէ, որովհետեւ արդեն մոտավորապես մեկ ամիս առաջ իրենք հայտարարել են, որ անվստահության գործընթաց են սկսում, բայց մեկ ամսվա ընթացքում ես դեռ չեմ տեսել վեց պատգամավորների որեւէ ջանք, քայլ չեմ տեսել, որ միտված լինի իրենց նախաձեռնությունը կյանքի կոչելու, առաջ մղելու, զարգացնելու ուղղությամբ: Ստորագրել ու նստել են: Բա ո՞վ պետք է զբաղվի իրենց նախաձեռնությունը առաջ մղելով, եթե ոչ իրենք: Ես «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից էլ որեւէ ակտիվություն չեմ տեսնում, թեեւ իրենք «Հայաստան» խմբակցությունից տարբերվում են, որ նախաձեռնություն են ցուցաբերել:
Նույնը, ի դեպ, վերաբերում է Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին: Իրենք էլ իրենց նախաձեռնությունն ունեն, բայց որեւէ ջանք չեն գործադրում կյանքի կոչելու համար: Այդ երկուսը ՔՊ խմբակցության պատգամավոր են եղել, շատերին անձնապես ճանաչում են, կարող է նաեւ մտերիմ հարաբերություններ, շփումներ ունեն: Բա, պետք է հետներն աշխատեն, քննարկումներ կազմակերպեն, հրավիրեն, նրանց կարծիքը դարձնեն հանրային: Բայց որեւէ տեղաշարժ այդ իմաստով չկա, ինչը, իհարկե, շատ վատ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ