Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էտ ա՝ կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը՝ պայքարելն է, թասիբն ու պատիվը»․ Արթուր Սարգսյան

Հուլիս 08,2025 10:30

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը։

Իր խոսքում Արթուր Սարգսյանն ասաց, որ իր համար ակնհայտ էր՝ նոյեմբերի 9-ից հետո Արցախից հետո մյուս թիրախը լինելու էր Սյունիքը։ «Եվ ես ստանձնեցի պարտավորություն՝ պայքարելու այս խայտառակ պարտվողական քաղաքականության դեմ։ Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքներից, դիվանագիտական ձախողումներից հետո մեկնարկած բոլոր փողոցային շարժումներին եւ պայքարներին մասնակցել եմ իմ ամբողջ ներուժով։ Դրա մեջ դրել եմ իմ սիրտն ու հոգին։ Ցավն այն է, որ մեր յուրաքանչյուր պայքարի պարտության առաջին ուրախացողները եղել են օրվա իշխանությունները եւ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա իրենք նույնիսկ արել են հրապարակային։

Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատի գերեզմանին գնալու հնարավորություն ունենային։ Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին։

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով շարժվում ենք դեպի Երեւան։ Սահմանազատման եւ սահմանագծման խայտառակ միակողմանի գործընթացը, դրա դեմ ընդվզումը վերածվեց համազգային Սրբազան պայքարի։ Եվ ես այդ պայքարից եւս անմասն չմնացի։ Օրվա իշխանությունները շատ լավ են հիշում՝ 2024 թվականի մայիսի 9-ի հանրահավաքը, դա հանրահավաք էր, որից իրենց վախը հերթական անգամ դարձավ անսահման։ Ես այդ օրը գիտեի, որ իրենց վախերը հաղթահարելու համար պետք է անեն այն, ինչ անում են շուրջ 7 տարի՝ քրեական գործեր, կալանքներ։ Այս անգամ իրենք սպասեցին ավելի երկար, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Նա ասաց, որ մենք աննախադեպ բռնապետության բաստիոնում ենք ապրում, այստեղ ամեն ինչ նախապես որոշված ու հաստատված է։ «Հակառակվելու դեպքում պետք է պարզապես հարցնել Հովիկ Աղազարյանին, ինքը լրիվ կասի, թե ձեր հետ ինչ կլինի։ Եկել եք, որոշել եք կալանավորեք, կալանավորեք, ձերը էտ ա, կալանավորելը, մարդուն ճնշելն ու վախեցնելը։ Մերը պայքարելն է, թասիբն ու պատիվն է»,- հայտարարեց Արթուր Սարգսյանը։

Նա անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց, որ իշխանությունները նույնիսկ նվազագույն շնորհք չունեն՝ անմեղության կանխավարկածը հարգելու․ «Մեղադրանքն իբր ահաբեկչության նախապատրաստմանն է վերաբերում, ոչ թե ահաբեկչության փորձ, այլ նախապատրաստություն։ Պաշտոնապես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, պարզ ճակատով ասում եմ՝ չկա նման բան, չի եղել նման բան եւ չի կարա լինի որեւէ ապացույց նման երեւույթի մասին։ Մենք դուրս ենք եկել այս իշխանությունների դեմ պայքարի եւ նույնիսկ ձեր մոնտաժված ձայնագրություններից էլ պարզ է, որ մենք ձեզ հեռացնելու ենք օրենքով, չարգելված միջոցներով։ Եվ վստահ եմ՝ դա լինելու է, մեր ժողովուրդը դա տեսնելու է։ Ես մեր երկրում գլուխս բարձր եմ քայլում, ոչ մեկից հայացք չեմ փախցնում, որովհետեւ ես Արցախ չեմ հանձնել, ես չեմ ճանաչել Արցախը ինչ-որ Ադրբեջանի կազմում, ես ոչ մեկի առաջ չեմ կզել, ոչ մի բան չեմ մուրացել։ Ես թասիբով հայ տղամարդ եմ, ով արդեն հասցրել է ապօրինի կալանավորվի։ Ոչինչ, թող էլի լինի, բայց դուք սաղ կյանք հիշելու եք՝ ինչքան փորձանք ու փորձություն, ինչքան ամոթ ու դժբախտություն եք բերել մեր հայրենիք»,- հայտարարեց նա։

Արթուր Սարգսյանն իր ելույթից հետո հեռացավ ամբիոնից՝ հրաժարվելով հարցերի պատասխանելուց։

Արթուր Սարգսյանի ելույթից հետո վիճաբանություն սկսվեց ընդդիմադիր եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ, նիստն ընդմիջվեց։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031