«Տեսանյութերում ակնհայտ մի կին իմ ձեռքը բռնում է, ես էլ իմ ձեռքն ազատում եմ, որովհետեւ ձեռքս բռնել էին։ Ես էլ հենց նոր ելույթ էի ունենում եւ ասում էի՝ եթե որեւէ մեկին ֆիզիկական միջամտություն եմ արել, ներողություն եմ խնդրում։ Ես նրան չեմ կպել, ինչպե՞ս է նրա ձեռքը ցավում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նշենք, որ տեսանյութ է տարածվել, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Հակոբ Արշակյանը հղի կնոջ է հրում, որն ընդդիմադիր պատգամավորներից մեկի օգնականն է։
Հակոբ Արշակյանն ասաց․ «Սուտ են տարածում, դուք էլ վերարտադրում եք այդ սուտը, որովհետեւ կադրերում շատ ակնհայտ երեւում է, թե ինչ է երեւում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հակոբ Արշակյանն անդրադարձավ նաեւ լրագրողների այն հարցին, որ այսօր նաեւ ՔՊ-ական պատգամավորների օգնականներն էին հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա, այնինչ ընդդիմադիր պատգամավորների օգնականներին բռնի ուժով հեռացնում էին։ «Պատգամավորներից մեկի օգնականն այդ իրավիճակում գալիս է եւ սկսում է ձեռքերով ու բարձր տոնով ինձ հետ խոսել, եւ ես հրահանգում եմ, որպեսզի իրեն հեռացնեն շենքից։ Այդտեղ շատերը կային, ովքեր սադրում էին, եւ ինձ պետք էր, որպեսզի այդտեղ սադրիչներ չլինեին։ Ինչ վերաբերում է իմ օգնականին, ես նայել եմ կադրերը, իմ օգնականը որեւէ պատգամավորի վրա ձայն չի բարձրացնում։ Ռուբինյանի օգնականը նույնպես, նրանք արձագանքում եմ իմ ասած այդ սադրանքին։ Եվ ես իրենց ասել եմ, որ հանգիստ լինեն»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությանը, որ ՔՊ-ական Վահե Ղալումյանը ցանկանում էր թիկունքից հարվածել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին, Հակոբ Արշակյանն ասաց․ «Ես բացառում եմ, որ Վահե Ղալումյանը թիկունքից որեւէ մեկի հարվածի, առավել եւս ընդդիմադիր գործընկերոջը։ Եվ դուք էլ հազար հատ կամերայով ընդեղ կանգնած էիք, էլ չեմ ասում՝ ընդդիմադիր խմբակցության բոլոր անդամները միանգամից դուրս են բերում կամերաները ու նկարում»։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ ԱԺ-ում գլխավոր դատախազի ելույթը եղավ, այնտեղ սահմռկեցուցիչ դրվագներ կան, թե ինչպես են ընդդիմադիր որոշ գործիչներ փորձել «ուժի միջոցով, տեռորիստական տարբեր տեսակի ներգործությունների միջոցով բռնի իշխանափոխություն իրականացնել»։ «Մենք նման բաների արդեն ականատես ենք եղել Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին եւ թույլ չենք տալու, որ նման գործողություններ տեղի ունենան»,- ասաց Արշակյանը։
Անդրադառնալով պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործին՝ Հակոբ Արշակյանն ասաց․ «Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ տեսնում եմ, որ այդտեղ տեռորիզմի հոտ է գալիս եւ ինքս կողմ եմ քվեարկելու,որ ինքը գնա կալանավորվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ