-Յուրաքանչյուր գործողություն անել հնարավոր է: Բայց եթե խոսում ենք օրինական գործողությունների մասին՝ չեմ պատկերացնում,- ասաց ՀԷՑ տնօրենի ժ/Պ Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է պատկերացնում՝ իրավաբանորեն ինչպե՞ս է իրականացվելու ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, երբ սեփականատեր Սամվել Կարապետյանը համաձայն չէ, ՀԷՑ-ը հակընդդեմ ի՞նչ քայլեր է նախատեսում:
-Սպասենք, տեսնենք: Այս պահի դրությամբ դեռեւս ունենք վերջնական ուժի մեջ չմտած օրենք, որը երկու ընթերցմամբ անցել է , բայց չունենք նախագահի ստորագրությամբ հրապարակված: Այդ օրենքը այս պահին, որպես այդպիսին, չկա: Թող լինի՝ տեսնենք,- Aravot.am-ի հարցին շարունակեց այսպես պատասխանել պրն Ղազինյանը:
Նա հավելեց, որ այս պահին իրենք չեն բացահայտելու իրենց գործողությունների պլանը, հավաստիացրեց, որ ունեն գործողությունների բոլոր տարբերակները:
Կարդացեք նաև
«Առավոտի» դիտարկմանը, թե փաստորեն պետության դեմ եք կռիվ տալու, դա հաշվի առե՞լ եք, պարոն Ղազինյանը շարունակեց. «Մենք պետության դեմ պայքարելու ոչ մի բան չունենք: Սա իմ կարծիքն է ու վստահ եմ՝ պարոն Կարապետյանի կարծիքն էլ է»:
«Առավոտի» հաջորդ դիտարկմանը, թե բայց այս պահին իշխանությունն ու պետությունը նույնականացված են, պարոն Ղազինյանը չհամաձայնեց. «Ինձ համար նույնականացված չեն»:
Դավիթ Ղազինյանի խոսքով, կապ չունի, որ պետական լծակներն իշխանության ձեռքին են: Ըստ նրա՝ փորձում են կարծիքներ գեներացնել, թե իշխանությունը պետական լծակներով ու կոշտ մեթոդներով է գործելու Կարապետյանների դեմ. «Այդպիսի կարծիքներ փորձում են գեներացնել որոշ մարդիկ կամ խմբեր, բայց Սամվել Կարապետյանը պետության դեմ կռիվ չունի: Ինչպես նաեւ մենք՝ այստեղ կանգնած մարդիկ, որոնք իրենց անբասիր աշխատանքի շնորհիվ ապահովում են մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունը, որի մասին այդքան խոսում ենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ