Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի պետականացում ասենք, թե պարզապես սեփականության իրավունքի կոպտագույն խախտում, ամեն դեպքում իրավական հետեւանքներ ունենալու է. փաստաբան

Հուլիս 08,2025 13:25

-Վաղ առավոտից տեղի են ունենում մի շարք խուզարկություններ, որոնք առնչվում են Կարապետյանների ընտանիքին՝ հատկապես Նարեկ Կարապետյանի մասով են գործողություններ կատարվում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանների ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Ըստ նրա՝ թեեւ այլեւս որեւէ մեկը չի զարմանում խուզարկություն բառից, բայց պետք է արձանագրել, որ խուզարկությունը չափազանց ինտենսիվ միջամտություն է իրավունքներին. «Այն պետք է լինի համաչափ, անհրաժեշտ եւ, իհարկե, իրավաչափ: Այս պարագայում, թե ինչ են փնտրում, շատ դժվար է ասելը: Կարծես թե, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ շատ առավել մեծ վտանգ ներկայացնող երկու առարկա կամ իր առգրավվել է խուզարկության շրջանակում: Վստահ եմ, որ հանրային մեծ պահանջ կար դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է: Ես հասկանում եմ՝ իսկապես դրա անհրաժեշտությունը կար, երեւի թե նույնը, օրինակ, դատական վերահսկողության շրջանակներում, երբ որոշվել էր, որ պետք է խուզարկություն կատարվեր, որոնվում էին այդ գլխարկները: Ենթադրում եմ՝ հանրահավաքի հետ կապ ունի, երեւի թե հանրահավաքի ամենավտանգավոր գործիքներից մեկը գլխարկն է հանդիսանում»:

Վարդեւանյանի խոսքով՝ իրականացվող գործողությունները բնորոշ են իրավական տեռորին: Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են խուզարկություններն իրականացվում, փաստաբանը դժվարացավ ասել. «Այս փուլում դժվար է ասել, քանի որ խուզարկության շրջանակում ներկայացվում է դատարանի որոշում, բայց որեւէ հստակություն, որ կարողանամ ասել, թե ինչ քրեական վարույթի հստակ ելակետային տվյալների շրջանակում է, չկա: Կարծում եմ՝ հուլիսի 4-ի հանրահավաքը եթե լիներ ավելի սակավաթիվ, այսօր այստեղ չէինք զրուցի»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե գնալով ավելի ռեպրեսիվ են դառնում գործողությունները, իսկ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը նախագահի կողմից վավերացվելուց հետո կմտնի իրականացման փուլ, պատկերացնո՞ւմ եք պետության դեմ ոնց եք կռիվ տալու: Ի պատասխան փաստաբանն ասաց. «Ես այդ պետականացման օրենսդրական նախագծի շուրջ չեմ տեսնում ո՛չ հանրային աջակցություն, ո՛չ միջազգային աջակցություն, ո՛չ էլ իրավական հիմքը կա: Սա, դասական իմաստով, մեղմ ասած՝ հակասահմանադրական գործողություն է, որ կատարվում է: Արդյոք հաջողությամբ կպսակվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց առնվազն կարող եմ ասել՝ միջազգային իրավական բոլոր հիմքերով, դեռեւս չեմ խոսում ներպետական իրավական հիմքերի տեսանկյունից, նշված գործընթացը՝ պետականացում ասենք, թե պարզապես սեփականության իրավունքի կոպտագույն խախտում, իրավական հետեւանքներ ունենալու է: Այդ թվում՝ փոխհատուցման տեսանկյունից եւ Հայաստանի՝ միջազգային հեղինակության ու վարկանիշի տեսանկյունից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031