Վաշինգտոն, 2025 թ. հուլիսի 7 — Բարձր մակարդակի պատվիրակությունը՝ կազմված Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելի (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանի (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբների, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, այս շաբաթ այցելում է Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ արդարության և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։
2025 թ. մարտին Շվեյցարիայի խորհրդարանը պատմական բանաձև ընդունեց, որով պարտավորեցրեց Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է միջազգային վերահսկողությամբ ուղիղ երկխոսության նախաձեռնում Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ ուղղված կամավոր, հավաքական և արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցություններին։
Հուլիսի 7-ի, երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալների օգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։
Պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակելու է հանդիպումները Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն Շվեյցարական նախաձեռնությանը և պահպանել տեղահանված բնակչության շարունակվող ճգնաժամը միջազգային օրակարգում։
Կարդացեք նաև
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ