Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ դատարանի վճիռ անհրաժեշտ չէ՞ վերջնական պնդումներ անելու համար ահաբեկչության և ահաբեկիչների մասին․ հարց Վահագն Ալեքսանյանին

Հուլիս 08,2025 16:29

«Արթուր Սարգսյանը լո՞ւռ էր գնում, խոսելով էր գնում, և նենց չի, որ հաճելի բաներ էր ասում։ Էլ չեմ ասում՝ ամբիոնից ինչեր էր ասում՝ էլ պատիվ, նամուս։ ԱԺ-ի ամբիոնից չի կարելի ինչ ուզել, ասել»,- լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ն ԱԺ-ում սադրանքների գնաց, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

Հարցին՝ ՔՊ-ականների հարցադրումները գլխավոր դատախազին, թե չեն պատրաստվո՞ւմ գնալ Գառնիկ Դանիելյանի, Իշխան Զաքարյանի հետևից, ուղիղ ցուցում չէ՞, պատգամավորն այսպես պատասխանեց․ «Ցանկացած բանական մարդ, որն այդ 77 էջը կարդացել է, կտեսնի, որ այնտեղ այդ անունները կան։ Դա հարց է, որն ունի իրավունք գոյություն ունենալ։ Այդ խոսակցության ժամանակ Արթուր Սարգսյանը մանրամասն իր հետ խոսակցությանը մասնակցողների հետ պլանավորում է, ասում է՝ կարո՞ղ է պետք լինի այդ աստղիկներից ավելի մեծը սարքենք։ Մի հատ էլ ասում են՝ գնանք, մեր մեքենաների վրա փորձարկենք»։

Լրագրողների փաստմանը՝ Աննա Վարդապետյանի ելույթից պարզ չդարձավ, թե այդ գործողությունները երբ են պլանավորված, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Գնացեք, այդ տեռորիստներին հարցրեք, թե երբ էին պլանավորել»։ Լրագրողներն ասացին՝ գուցե ձայնագրությունը մոնտաժված է, պատգամավորը վստահեցրեց՝ հնարավոր չէ․ «Այդ հատվածները, որոնք ամբողջական ներկայացված են, որտեղ մեքենաների ակերը ծակելն էին քննարկում, դա մոնտաժված չէ։ Հիմա սեպտեմբերին էին պլանավորել անմեղ մարդկանց սպանել, թե այլ օր, ի՞նչ կապ ունի»։

Հարցին՝ Ձեզ դատարանի վճիռ անհրաժեշտ չէ՞ վերջնական պնդումներ անելու համար ահաբեկչության և ահաբեկիչների մասին, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Իհարկե, անհրաժեշտ է, դրա համար ասում եմ՝ պլանավորում էին անել՝ ըստ էս խոսակցությունների։ Ինքնին այդ խոսակցություններն ունենալը մեզ համար բավական է ասել, որ դա սրբապղծություն է»։

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ իրավապահներն այսօր պետք է գործողություններ իրականացնեն Մայր աթոռում, նաև Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքյան գրառում արել, որտեղ նշում է, թե ինքը պետք է գլխավորի ազատագրական պայքարը և հարցին՝ տեղեկություններ ունի՞, որ իրավապահները պետք է մուտք գործեն Մայր աթոռ և արդյոք այդ տեղեկության և Նիկոլ Փաշինյանի գրառումների միջև կապ չի՞ տեսնում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես կապը չեմ տեսնում։ Եթե կա հանցագործության քննության անհրաժեշտություն, բնականաբար, պետք է, որ լինեն իրավապահների գործողություններ։ Մայր աթոռը ՀՀ տարածքի մեջ է։ ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»։

Հարցին՝ իսկ ի՞նչ շարժում է լինելու, որն առաջնորդելու է Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Դրա մասին լրացուցիչ կհայտարարվի»։

Հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը խորտակվող նավի մեջ է գցել ՔՊ-ականներին, Վահագն Ալեքսանյանն այսպես արձագանքեց․ «Միակ խորտակվող նավը, որ տեսնում եմ, ընդդիմությունն է։ Արդեն տեսնելն էլ է դժվար, քանի որ նրանք ակնհայտորեն արդեն ծովի մակերևույթից ցածր են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031