Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ ԱԲ վիրտուալ ինստիտուտն արդեն իրականություն է

Հուլիս 08,2025 18:20

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  համաշխարհային տեխնոլոգիական հսկաներից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության և Եվրոպայում արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի առաջատար Mistral AI ընկերության հետ ընդլայնված համագործակցության շրջանակում հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկում։

Կյանքի է կոչվում ԲՏԱՆ ռազմավարական նախաձեռնությունը՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը,   որը բաց հարթակ է նորարարության համար՝ նախատեսված միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին՝ խթանելով առաջատար հետազոտությունները, նորարարությունն ու արտադրանքի զարգացումը։

Համագործակցության շրջանակում AWS-ը կաջակցի ԱԲ վիրտուալ ինստիտուտին՝ տրամադրելով AWS լուծումների ճարտարապետների տեխնիկական փորձագիտական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ և առաջատար փորձառություն՝ խթանելով արհեստական բանականության առավել լայն կիրառումը Հայաստանում՝ ամպային տեխնոլոգիաների միջոցով։

Mistral AI-ն իր հերթին կտրամադրի փորձագիտական աջակցություն, հասանելիություն առանձնահատուկ պայմաններով իր առաջադեմ ԱԲ հարթակին և բաց կշռային մոդելներին, ինչպես նաև՝ անվճար API (ծրագրային հավելվածների ինտերֆեյս) հասանելիություն՝ հատուկ ընտրված դափնեկիրների համար, ինչը հնարավորություն կընձեռի հետազոտողներին և ստարտափներին աշխատելու ներկայիս հզորագույն ԱԲ գործիքներով։

Չնայած այս նախաձեռնության հիմքը դրվել էր դեռևս ամիսներ առաջ, սակայն երկարաժամկետ ազդեցություն ապահովելու համար գործարկումն իրականացվել է այն պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը, էկոհամակարգի հասունությունն ու ռազմավարական ներդաշնակությունն առավելագույնս համադրված են։

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը պարզապես հարթակ չէ, այն հստակ առաքելությամբ ձևավորված էկոհամակարգ է, որտեղ հեղափոխական գաղափարները բացահայտվում և կյանքի են կոչվում, նորարարությունը հանդիպում է կապիտալին, մենթորությանը և իրականացման հեռանկարին։

Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցներին աջակցելու համար  նախարարությունն ակտիվորեն կներգրավի բարձրակարգ մենթորների և տեխնիկական ասպարեզի խորհրդատուների։ Ընտրած ստարտափներն ու հետազոտողները ԱԲ marketplace-ի միջոցով կստանան ճանաչում, անհատական աջակցություն՝ իրենց լուծումները տեղական և միջազգային շուկաներում ներկայացնելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ծրագրին։ Շուտով կհայտարարվի դիմումների ընդունման մասին։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031