-Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քաղաքական վերջը մոտ է, բռնաճնշումները սաստկացնում են՝ փորձելով վախի մթնոլորտ տարածել: Այդ վախի մթնոլորտը չի անցնում: Մեզ պատահած ամեն երկրորդ մարդն ասում է ՝ այս իշխանությունները օր առաջ պետք է հեռացվեն -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորը նկատեց, որ բռնաճնշումները հասնում են նրան, որ իրենց գույքն են վնասում, հասնում են իրենց բարեկամներին, ընտանիքի անդամներին, բայց. «Որեւէ բան մեզ հետ չի պահում: Մենք ամուր այս պայքարը տանելու ենք մինչեւ վերջ, մեր խնդրանքն է՝ ժողովուրդը հավատով լցվեն, կանգնեն մեր պայքարի կողքին… իշխանությունները վախենում են հայի միասնությունից: Պատահական չէ այս ամենը, Մեծ Թուրանի ծրագիրն է իրականացվում, իսկ այդ ծրագիրն իրականացնելիս գալիս են այն մարդկանց հետեւից, որոնք դիմադրություն են ցույց տալիս» :
Անդրադառնալով ԱԱԾ մեկուսարանից Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությանը, որում խոսվում էր նոր ուժի ձեւավորման մասին, պարոն Դանիելյանն այսպես արձագանքեց. « Ողջունում եմ այդ հայտարարությունը, դրան ավելացնելու բան չունեմ: Եթե կձեւավորի ուժ ու քաղաքական հայտ կներկայացնի, ես միայն կողջունեմ: Սամվել Կարապետյանն ունի հնարավորություն, ներուժ, խարիզմա, իրեն հավատացող հազարավոր մարդիկ: Քաղաքական հարց այստեղ չկա, մեր երկրի լինելիության հարցն է:Ամենայն պատասխանատվությամբ իմ ու իմ գործընկերների անունից ասում եմ, մենք որեւէ մեկին, որը ազնիվ կմտնի այս պայքարի մեջ, մենք քարկոծելու ու վատաբանելու խնդիր չունենք»:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ այսօր պատգամավորից հետաքրքրվեցին, արդյոք Սրբազան պայքարի շրջանակում երբեւէ քննարկե՞լ են գործարար Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի պայքարին միանալու հարցը, քանի որ նրանց անունները «հեղափոխության պլանին» շրջանակում նշված էր, թե նշված անձինք քանի մարդ պետք է ներգրավեն:
«Մոռացեք այդ պլանի մասին, դա թղթի կտոր է: Այդ պլանը գցել են ինչ-որ մեկի բանը…իսկ ակնկալիք, ո՞ր մի հայ մարդը չի ակնկալի, որ այս պայքարին միանան թե՛ գործարարները, թե՛ հասարակ պարզ մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա զգում են զրկանքները»,- հարցին այսպես արձագանքեց Դանիելյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ