Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Առուշանյանը՝ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած հարաբերությունների ու նրա՝ մարզխորհրդի նիստին չներկայանալու մասին

Հուլիս 08,2025 22:25

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որին, սակայն, մարզի վեց համայնքապետերից չէր մասնակցում միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա Գյումրու քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չէր էլ ուղարկել։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզի վեց համայնքի ղեկավարները Շիրակի մարզի մարզխորհրդի անդամներ են, և բոլորին պատշաճ ձևով ծանուցել ու հրավիրել են մարզխորհրդի նիստի։

Մարզխորհրդի նիստի ներկայանալը, ըստ Դավիթ Առուշանյանի, նրանց պարտականությունն է, քանի որ քննարկվում է Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնքում արված ու արվելիք աշխատանքները, նոր առաջադրանքներ են տրվում։

«Վարդան Ղուկասյանի չներկայանալը չեմ կարող մեկնաբանել, ամեն դեպքում մենք պատշաճ հրավիրել ենք, ծանուցել ենք բոլոր համայնքների ղեկավարներին»,-ասաց մարզպետը։

Մեր հարցին՝ նման աշխատաոճը շարունակելու դեպքում կա՞ լծակ համայնքապետերին պատժելու, Շիրակի մարզպետը պատասխանեց․ «Չեմ կարծում նման աշխատաոճը լծակներով պատժելու կարիք ունի, այստեղ փոխադարձ հարգանքի մասին է խոսքը։ Մարզպետարանը՝ որպես վերադաս մարմին, կառավարության ներկայացուցիչ, բնականաբար ունի իր հնարավորությունները՝ հարգանքին պատասխանել հարգանքով, անարգանքին պատասխանել անարգանքով»։

Դիտարկմանը, թե Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, թե ինքը պահպանելու է սուբորդինացիան․ ի պաշտոնե շփվելու է՝ իրեն պատշաճ հրավիրելու դեպքում, Շիրակի մարզպետ չցանկացավ խախտել անմեղության կանխավարկածը ու ասաց՝ գուցե այլ միջոցառումներ կային, դա՞ է պատճառը, որ Վարդան Ղուկասյանը չի եկել, ամեն դեպքում պատշաճ ծանուցվել է, համայնքապետերի ներկայությունն էլ՝ որպես մարզխորհրդի անդամների, կարևոր է ու պարտադիր։

Մեր դիտարկմանը՝ դրսում շփվո՞ւմ եք պարոն Ղուկասյանի հետ, որ տեսնվում եք, բարևում եք, չէ՞, Դավիթ Առուշանյանն ասաց․ «Ես Գյումրի քաղաքում ու Շիրակի մարզում որևիցե մեկի հետ խնդիր չունեմ, բարևն Աստծուն է, մեկս մյուսիս, բոլորս բարևում ենք։

Չկա գեթ մեկ հոգի, որի հետ ես շփման խնդիր ունեմ։ Ու վստահ եմ, որ հետագայում էլ չեմ ունենալու, ես լեննականցի եմ, գյումրեցի եմ, շփվում եմ բոլորի հետ անխտիր»։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը իր քաղաքապետ ընտրվելու օրը, Դավիթ Առուշանյանի մասին գովեստով էր խոսել․ հայտարարել էր, որ Առուշանյանները շնորհքով մարդիկ են։

«Մարզպետի հայրը, ինքը իրեն միշտ շնորհքով են պահել, մարզպետի հայրը ինձ հետ մոտ է, ինքն էլ մշտական շնորհքով է միշտ պահել։ Ինքը ջահել, երիտասարդ տղա է, շատ հարցերում ասել են՝ ուզում ենք նմանվել, կապրենք, կտեսնենք էլի, տեսնենք իրենց ոնց են պահելու, բոլորի գնահատականը կտանք։ Ասենք մի քանի տարի Նիկոլը պտի մնա, դրանից հետո ինչ պտի էղնի, կապրենք, կտեսնենք՝ ով ինչպես կպահի իրեն»,-ասել էր Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031