Ի կատարումը դատական ակտերի հարկադիր կատարման 2025թ. ապրիլի 17-ի որոշման՝ «Պարտավորեցնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանին 20-օրյա ժամկետում Վահե Մովսիսյանին վերականգնել նախկին աշխատանքում: Որոշման պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման միջոցներ», գործատուն արձագանքել է գրավոր բացատրությամբ. «…որպես հաշտության տարբերակ, առաջարկում եմ աշխատանքում չվերականգնելու անհնարինության պատճառով դրա դիմաց վճարել դրամական հատուցում»: Թուհուբոհի միջով անցած Մայր թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետը նույն գրությանը պատասխանելուն զուգահեռ կարեւորել է «Բաց նամակի» տարբերակով բացել ներկայացման վարագույրը:
«Պարոն տնօրեն, հասկանալով դրսեւորվող ճարահատյալությունը՝ ավելորդ եմ համարում Ձեր տեղեկացումը ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված հասանելի գումարների ստացման եւ նախկին աշխատանքում չվերականգնվելու մասին: Միեւնույն է, երկու դեպքում էլ ցավ ունեք: Առաջինը՝ բարոյական, երկրորդը՝ ֆինանսական:
Դուք արդեն սեւ բիծ եք թողել պետության վարկանիշի վրա, դուք բյուջեին վնասել եք 4950 եվրո եւ 4 միլիոն ՀՀ դրամի չափով, չհաշված նոր առաջարկը:
Շահեկան կլիներ, եթե Ձեր նախաձեռնած պատմությունից յոթ տարի անց գոնե հյուլեաչափ նվազեցնեիք ինքնագնահատման սիրահարվածությունը, եւ նույն չափ էլ ավելացնեիք ճշմարտության ու զղջումի կարողությունը:
Կարդացեք նաև
Ձեր տարիքից ավելի իմ աշխատանքային փորձը եւ դաստիարակությունը թույլ է տալիս նկատել, որ Հայաստանի Հանրապետության դատական երեք ատյանների վճիռներից, այնուհետեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից եզրակացության չեք հանգել, եւ համառորեն շարունակում եք ինքնաարդարացման փնտրտուքները:
Ինչպես ինձ հասեագրված շարադրանքն է, իմաստաոճային ինչպիսի նմանություն, վերաքննիչ դատարանի մերժած ձեր ստվարածավալ 61 թերթ -բողոքի հետ: Այն ոչ միայն զուրկ էր իրավական հիմնավորումներից, այլեւ միջազգային փորձի պատառիկային հղումնախեղդությամբ փորձել էիք ժխտել ՀՀ Սահմանադրությանը համահունչ դատական ակտը:
Օգտագործելով Մկրտչյանական բառապաշարից մի կտոր. «Հարկ եմ համարում շեշտել», որ Ձեր պաշտոնավարության առաջին ամիսներից սկսած թատրոնում խիստ խաթարվեց մթնոլորտը, մարդկային հարաբերությունները դարձան գաղջ, վախածին, պարզ ու թափանցիկ աշխատանքը՝ խորթ: Տիրող իրավիճակի եւ ձեր քմահաճ դրսեւումների մասին ժամանակին տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարին, մտահոգ քննադատություններով քանիցս հանդես եկել մամուլով: Զրո արձագանք, քանզի փաստերն ու փաստարկներն անժխտելի էին: Ու հիմա իբրեւ անշառ, անբասիր գործատու, պաշտոնական գրությամբ տպավորություն եք ստեղծել, որ աշխատանքից ազատվածները… բեռ էին. «Կազմակերպության գործունեությունն առավել օպտիմալ դարձնելու հանգամանքով պայմանավորված 27.12.2018 թվականին սահմանվել է կազմակերպության 01.01.2019թ. կառուցվածքը: Կրճատվել էր թվով 16 հաստիք, որոնց թվում էր նաեւ անձնակազմի կառավարման բաժնի պետի հաստիքը: Հարկ եմ համարում շեշտել, որ կազմակերպությունը չի ունեցել անձնակազմի կառավարման բաժին, այլ՝ տվյալ բաժնի միակ աշխատակիցը եղել եք դուք, որպես Անձնակազմի կառավարման բաժնի պետ»: Հետին ամսաթվով ում եք սխալ հանում, եթե ոչ ինքներդ ձեզ:
Հիշողությունը վերականգնելու եւ ճշմարտության դաշտ բերելու համար, ինչպես չարձանագրեմ, որ տնօրեն եք նշանակվել 2017 թվականի հուլիսին, իսկ տարեվերջին ինքներդ եք կազմել եւ հաստատել 01.01.2018թ.-ի հաստիքացուցակը:
Մեր համատեղ աշխատանքային 10 ամիսների ընթացքում չնկատեցի՞ք, որ բաժնի միակ աշխատողն եմ: Ամիսներով Ձեր սեղանին դրված թատրոնի կառուցվածքը, գծային տարբերակը, 70 մասնագիտությունների գծով մեկ առ մեկ պաշտոնի անձնագրերն ու յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը՝ ըստ սահմանված չափանիշների, դա՞ էլ ոչինչ չհուշեց, թե՞ ընկալումներն էին այլ: Ինչո՞ւ չհամալրեցիք հաստիքային մեկ միավոր կամ՝ անպետքության դեպքում ժամանակին չկրճատեցիք: Նկատեցիք միայն այն բանից հետո, երբ մեր կադրային տարաձայնությունները տարածում ստացան մարտի կեսերին, իսկ ապրիլին գործի դրեցիք ինձանից ազատվելու տարբերակներ: 21 աշխատանքային օրվա ընթացքում տարաբնույթ տասներկու հրամաններ եք տվել, կատարման համար սահմանելով կոնկրետ օր ու ժամ, որպեսզի հաջողեիք ծունկի բերել: Այնպես որ, օպտիմալացումը գոնե իմ մասով սնամեջ է, շղարշածին: Ձեր հասկացողությամբ, եթե բաժին կոչվածում չկա մեկից ավելի աշխատող, ուրեմն բաժնի վարիչ կամ բաժնի պետ լինել չի կարող: Ընդունենք այդպես է: Այդ դեպքում, ինչո՞ւ չեք սկզբունքորեն նույն տրամաբանությամբ «վարուցանք» արել: Ի՞նչն է խանգարել, օրինակ, նաեւ ցրիչ- առաքիչ միավորների համատեղումը, երբ արդեն օրինակելի տարբերակն ունեիք. «Հարկավոր էր եւ այժմ էլ հարկավոր է, միայն իրավաբան, ով իրավաբանի գործառույթներից բացի, կազմակերպում եւ իրականացնում է նաեւ անձնակազմի կառավարման ընթացիկ աշխատանքները»:
Սա էլ ընդունենք: Իսկ ինչ ձեռագիր եք ունեցել աշխատանքից ազատվածների՝ գլխավոր հաշվապահի, տնտեսագետի, փոխտնօրենի, պահակապետի, փորձառու, սկսնակ երեք դերասանների, պարետի, բեմադրական մասի վարիչի, շուրջօրյա պահակներից մեկի, թատերախմբի վարիչի, ընդհանուր բաժնի պետի, գլխավոր ադմինիստրատորի եւ այլոց հարցերում՝ բարոյահոգեբանական հնարքների՞, թե՞ մի մարդու պես խոսքները մեկ արած՝ կամովին ազատման դիմումներ են գրել: Իմ դեպքում նահանջի ճանապարհ շուտվանից չունեիք: Պարզապես ամեն անգամ, պատեհ-անպատեհ առիթներով, երբ փորձում եք օգտագործել խեղաթյուրման պահը, ենթարկվում եք բումերանգի օրենքին: Ինքներդ էլ գիտեք, որ ես ոչ թե թատրոնի շահերից բխող օպտիմալացման զոհ եմ, այլ՝ վրեժխնդրության: Այն էլ այնպիսի, որ մտավախությունն է դրդում ամեն գնով չկատարել դատական ակտը: Կարճ ասած, աշխատանքում վերականգնելու անհնարիունությունն ամենեւին էլ անհնար չէ: Մի դեպքում անհնարինությունը փաթեթավորում եք հաստիքի չգոյության հանգամանքով, գոհանում նաեւ աշխատանքից ազատվածների թվաքանակով, մեկ այլ դեպքում՝ խրոխտ հպարտությամբ լռում: Իսկ ո՞վ չգիտի, որ կրճատվածների փոխարեն նորանոր հաստիքներ եք ներմուծել: Եվ որպես հաշվարկների գիտակ, կարո՞ղ եք ասել, թե որքան է նրանց օգտակար գործողության գործակիցը ի շահ թատրոնի:
Առնվազն տարօրինակ է, որ իմ զբաղեցրած հաստիքի կրճատման անհրաժեշտության եւ մանավանդ հիմնավորման մասին ճիշտ հուշում տված չլինեին թատրոնի իրավաբանական բաժնի պետ Կարեն Զադոյանը, իրավաբաններ Մարիամ Զադոյանը, Սյուզի Սիմոնյանը եւ իրավաբանական հարցերի գծով տնօրենի խորհրդական Քրիստինե Նաղդալյանը (նրանց դուք մեզ այդպես եք ներկայացրել):
Որպես անձնավորվածության հերթական ապացույց, բառացի ցիտեմ դատարանի հնչեցրած հարցի ձեր՝ պատասխանող կողմի ազնիվ կամ միամիտ պատասխանը. «Մենք միասին չենք աշխատելու, որովհետեւ Մովսիսյանը շարունակում է մեր թատրոնի եւ մեր տնօրենի մասին վատ-վատ բաներ գրել թերթերում» («Իրատես», 19-21, 2019թ.):
Հետեւությունը մեկն է՝ հաստիքի կրճատման քողի տակ ինքնախաբեությունն է, երկրորդը՝ ինքնաբավությունը, այլ բան չես մտածի, որովհետեւ իմ հեռացումից ութ ամիս անց է տեղի ունեցել հաստիքափոխությունը՝ համաձայն պլանավորածի, հիմքում՝ քանի ես կամ, մոռացիր թատրոնը:
Հակառակ իմ սպասումների, իսկ դա նույն ոգով աշխատելն էր, ցավոք, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից առաջ ընկավ, եւ ստեղծված անցանկալի վիճակը պարտադրեց, որ սկզբունքայնությունը ստորադասվի կարեւորագույնին՝ առողջությանը, այլապես ընթացքն այլ կլիներ:
7 տարվա պայքարն այլեւս ավարտված է. մեկը հաջողեց իր վերջնական հաղթանակը, մյուսը՝ երկրի հեղինակությունը ստվերելու եւ 9,5 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջեն վնասելու գնով դիրքերն անսասան պահեց: Ա՜յ քեզ օրենք եւ իրականություն:
Իրավունքի հետ կապված հիշեցի Նապոլեոնին: Երբ նրան հարցրել են՝ Տեր, ինչպես գրենք Մայր օրենքը, պատասխանել է՝ «Կարճ եւ խրթին»: Եվ Ֆրանսիայի սահմանադրությունը գրվել է ռեկորդային ժամկետում. 45 րոպեների ընթացքում: Մեզ մոտ փոքր-ինչ այլ է. ով ասես, երբ ուզի սահմանադրություն կփոխի, մի տարբերությամբ, որ լրացումները երբեմն կատարվում են ոչ կարճ ժամկետներում, բայց փոփոխվում եւ հաստատվում են հապճեպորեն, իշխանությունների թելադրանքով: Արդյունքում, օրենքների այնպիսի ճկունություն, որ յուրաքանչյուրն իրեն ծառայեցնի: Մեր դեպքում վճիռը գնաց- հասավ Եվրոպական դատարան, ու վերադարձավ, որ ի կատար ածվի ամբողջությամբ, բայց… փայլատակեց հայոց միտքը: Կեցցե՛ արդարադատությունը, կեցցե՛ խելքի ուժը»:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.07.2025