Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարեւոր համարեց չանտեսել արցախցիների վերադարձի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը

Հուլիս 09,2025 10:38

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում կայացած քաղաքական բրիֆինգին բանախոսներ, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Դոկտոր Ջոն Էյբների, Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիկ Վոնտոբելի եւ Լուկաս Ռեյմաննի եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթներին հաջորդած ազատ քննարկմանը խոսք ուներ ասելու 2004-2006 թթ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը (լուսանկարում), որը նախագահ Բուշի կողմից վաղաժամ հետ էր կանչվել «Հայոց ցեղասպանություն» եզրույթն արտաբերելուց հետո։

Հիշեցնենք՝ բրիֆինգը նվիրված էր «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը», որի նպատակն է բանակցային հարթակ տրամադրել Ադրբեջանին եւ ԼՂ հայերին՝ վերջինների տունդարձի իրավունքի իրացումն ապահովելու համար։

Դիվանագետ Ջոն Էվանսը կարեւոր համարեց չանտեսել արցախցիների վերադարձի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը։

«Ինձ թվում է, որ կարիք կլինի ձեր (բանախոսների – Ա․Ա․) խոսքից հեռացնել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ընդլայնման մասին կետը։ Հիմա ռուսները չեն ցանկանա այդ մասին լսել, եւ ես վստահ չեմ, որ այն լավ կլինի տարածաշրջանում երկարատեւ կայունության համար», – ասաց Էվանսը։

Որպես դիվանագետ երախտագիտություն հայտնելով բանախոսներին Վաշինգտոն այցի համար՝ նա կարծիք հայտնեց, որ կարիք կա նաեւ Մոսկվա այցելելու եւ արցախցիների վերադարձի մասին այնտեղ խոսելու։

«Լրահոսից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր լարվածություն է ձեւավորվել։ Ինձ թվում է՝ իմաստուն քայլ կլինի Մոսկվա այցելությունը,՝ օգտագործելով հայտնի եւ հարգանքի արժանացող շվեյցարական չեզոքությունը։ Չեմ ասում՝ երբ, որովհետեւ ճիշտ ժամանակին քայլ անելը միշտ էլ կարեւոր է, բայց միգուցե դա կարելի է անել [ԵԱՀԿ-ում] շվեյցարական նախագահության ժամանակահատվածում», – նշել է ամերիկացի դիվանագետը, ավելացրել՝ «Ցանկացած պարագայում, Շվեյցարիան կարիք կունենա այցելել Մոսկվա, եւ միգուցե այս նախաձեռնությունը կարելի է ներկայացնել ռուսներին»։

 

Իրանի դերակատարությունը եւս պետք է հաշվի առնել

 

«Հուսանք, որ որոշ ժամանակ անց Իրանը կվերադառնա որպես տարածաշրջանային խաղացող, չնայած նրան, որ ԵԱՀԿ անդամ չէ։ Այն դառնալու է տարածաշրջանային խաղացող, հավանենք դա, թե ոչ»։

Իր խոսքի մեկնարկին եւ ավարտին դիվանագետը շեշտել է այս նախաձեռնության շրջանակներում քաղաքական հավասարակշռության կարեւորությունը։

 

Ի պատասխան՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող, 1998-2008 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիա այցելելու ծրագրեր կան, որից հետո հաջորդ կանգառը տրամաբանորեն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն։

«Դա տեղի կունենա ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ընթացքում, որը լրացուցիչ լեգիտիմություն կհաղորդի Շվեյցարիայի խորհրդարանականների այցին», – նկատեց Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը։

 

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Դոկտոր Ջոն Էյբները նույնպես արձագանքեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին՝ նկատելով, որ նախաձեռնության նպատակն ամենեւին ամերիկյան ազդեցության ավելացումը չէ։

«Մենք պետք է առերեսվենք Ռուսաստանի, այլ վատ դերակատարների հետ, ուզենք դա, թե ոչ։ Մենք պետք է խոսենք նրանց հետ այնպես, ինչպես ցանկանում ենք Ադրբեջանի կառավարությունը խոսի տեղահանված ժողովրդի հետ։ Երկխոսության մերժման ժամանակաշրջանը պետք է ավարտել։ Մենք պետք է սկսենք խոսել», – ընդգծեց Էյբները։

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։

Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։ 

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։ 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031