Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական ծեծողների շարքում էր նաեւ Դավիթ
Կարապետյանը։
– Բայց տեսանյութերից երեւում է, որ հարվածում էիք Արգիշտի Գեւորգյանի գլխին, ապա շիշ նետեցիք։
– Հայհոյանք եղավ` շիշ նետեցի, ես բոլոր դեպքերում միշտ բաժանում էի։
– Ի՞նչ գնահատական կտաք այս միջադեպին․ թե՛ մարդկային, թե՛, առավել եւս՝ տղամարդկային տեսանկյունից նորմա՞լ եք համարում, որ կալանքի գնացող մարդու հետեւից ռեպլիկ անեն, ինչպես Ձեր գործընկերները, ապա փորձեն խփել, կռիվ հրահրել, իսկ Վահե Ղալումյանն էլ տեղից ցատկելով` հարվածի։
Կարդացեք նաև
– Ընդհանուր առմամբ, շատ վատ եմ գնահատում նման երեւույթները, բայց պետք է հասկանալ, թե ինչից սկսվեց։ Ինչ վերաբերում է այս միջադեպին, հավանաբար, նյարդերի լարվածության հետեւանք էր, դուրս գալուց, հավանաբար, հայհոյանք տվեց Արթուր Սարգսյանը, պատասխան եղավ, ու այդպես ․․․ Իմ ինֆորմացիայով՝ այդպես է եղել․ կա՛մ հայհոյանք, կա՛մ ռեպլիկ է բաց թողել, որի արդյունքում միջադեպը սկսվել է։
– Անգամ չեք կողմնորոշվում` հայհոյա՞նք է հնչել, թե՞ ռեպլիկ: Մինչդեռ ընդդիմադիրներն ասում են, որ ՔՊ-ականներիդ դուր չի եկել, որ Արթուր Սարգսյանը հեռանում է, եւ ռեպլիկ են արել հետեւից, հետո, կարծեմ, Հակոբ Արշակյանն էլ ասաց, թե ինչու էր գնում, թող մնար` պատասխաներ մեր հարցերին։
– Ճիշտ է ասել, ես էլ եմ ասում՝ հարցեր կային, պիտի մնար ու պատասխաներ։ Տղամարդկությունից խոսեցիք, ասում եք՝ ինչքանո՞վ էր տղամարդավարի․․․ դե, թող ինքն էլ տղամարդավարի կանգներ եւ պատասխան տար։
– Վահե Ղալումյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման ագրեսիվ պահվածքով, սադրում է ընդդիմադիրներին, ձեռքերին ազատություն տալիս, դուք եք այսպիսի վիճակ ստեղծում։
– Վահե Ղալումյանն ադեկվատ մարդ է, չի կարող ուղղակի տեղից թռչի ու ինչ-որ բան անի, ամեն ինչ լինում է մինչեւ դա, ես ասի` դուրս գալուց, հավանաբար, ռեպլիկ է եղել։
– Իսկ տարօրինակ չէ՞, որ հենց Վահե Ղալումյանն է պարբերաբար այդ իրավիճակներում հայտնվում։
– Երեւի իր նստած տեղից է` դահլիճի դռան մոտ է նստում՝ ընդդիմության հարեւանությամբ, ու լսում է՝ ինչեր են ասում։
– Եթե բաժանում էիք, ինչո՞ւ էին հայհոյում։
– Ես չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է իմ ակտիվությանը, ես գործում ակտիվ եմ, իսկ իրականում շատ կռվարար եմ եղել, բայց ստեղ շատ-շատ փոխվել եմ։