«Սա իրավապահների եւ քաղաքական ուժի միջեւ պլանավորված արշավ է, քաղաքական հետապնդում ընդդիմադիր անձանց նկատմամբ։ Ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ սա ամենեւին էլ կապված չէ ընտրությունների հետ։ Առաջիկայում մեզ սպասվում են պրոցեսներ, որոնք շատ ավելի վատ հետեւանքներ կարող են ունենան։ Խոսակցություն կա, որ հուլիսի վերջին ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի, Բագրատ սրբազանն էլ այդ մասին ասել։ Եվ դրա դեմ ցանկացած ընդվզում այս եղանակներով փորձում են կասեցնել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Սրբազան շարժման» գործին։
Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը հրապարակեց ձայնագրություններ, եւ ոչ մասնագետի համար արդեն ընկալելի է, որ ձայնագրությունները մոնտաժված են։ Նա հիշեցրեց, որ ՔԿ նախագահը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե մնացածը կենցաղային խոսակցություններ են։
«Եթե դրանք կենցաղային խոսակցություններ են, ապա որեւէ անհրաժեշտություն չկա դրանք թաքուն պահելու, հրապարակեք, հասկանանք, թե այս հատվածները, որոնք առանձնացված են, ինչ կոնտեքստից են վերցված, որպեսզի հասկանանք՝ այդ արտահայտություններն ամբողջակա՞ն միտք են պարունակում, թե՞ ոչ։ Դրանք ձեւավորված են նո՞ւյն ժամանակահատվածում, թե՞ տարբեր օրերի խոսակցություններից։ Դրանք ի՞նչ ինտոնացիայով են ասված, արդյոք հումորայի՞ն են, թե՞ չարամիտ դիտավորություն է։ Այն նյութերը, որոնք տրամադրվել են մեզ նախաքննության ընթացքում, որի բովանդակությունը չեմ կարող հրապարակել, դրանց պարզ համադրությունից պարզ դարձավ, որ այնտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլեւ տարբեր հատվածներից ամբողջական նախադասություններ են հավաքել, որոնք եւ տարբեր օրերից են, եւ նույն խոսակցության տարբեր հատվածներից են ու էականորեն աղճատում են բովանդակությունը»,- ասաց նա։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գլխավոր դատախազը, ԱԺ-ում միջնորդագիրը ներկայացնելիս, կատարում էր ակնհայտ սուտ պնդումներ, որպիսիք չէին բխում իր իսկ ներկայացրած նյութերի բովանդակությունից։ «Մասնավորապես, պատասխանելով հարցերին, ասում է, որ գործողությունները պլանավորվում էին 2025 թվականի սեպտեմբերին, սակայն ի պատիվ ընդդիմադիր պատգամավորների, այդ սուտը բռնվեց, եւ ստիպված էր հերքել»,- նշեց փաստաբանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Խուդոյանն ասաց, որ միջնորդություններ են ուղարկելու ՔԿ եւ նախաքննությանը, որպեսզի իրենց թույլ տան հրապարակել նախաքննական գաղտնիք։ Եվ, ըստ Խուդոյանի, այդ տվյալների հրապարակումով հանրությունը շատ հստակ կիմանա՝ ով է մանիպուլացնում, ով է կեղծ տեղեկատվություն ներկայացնում։ «Եվ հրապարակեք այն ձայնագրությունները, որոնք ՔԿ նախագահի պնդումով՝ կենցաղային բնույթ ունեն»,- ասաց նա։
«Ինչո՞ւ եմ ես պնդում, որ իրավապահները թաթախվել են քաղաքականության մեջ, որովհետեւ իրենք շատ ինտենսիվ փորձում են հերքել բոլոր հակառակ խոսքերը, որոնք գալիս են պաշտպանության կողմից։ Բայց երբ ապատեղեկատվություն է գնում իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իսկ ներկայությամբ, օրինակ, ԱԺ-ում, որեւէ հերքող արտահայտություն չեն հնչեցնում։ Օրինակ՝ երբ ասում են, որ «ավտոբուսներ պետք է վառվեին», գործի նյութերում ընդհանրապես նման տվյալ չկա, բայց ՔԿ-ն կամ գլխավոր դատախազությունը գեթ մի նախադասություն չեն ասել, որ այս տեղեկությունն այսպես մի տարածեք, դա իրականությանը չի համապատասխանում։ Կամ երբ գլխավոր դատախազին հարցնում են՝ արդյոք Կաթողիկոսը կարո՞ղ էր որեւէ ձեւով մասնակցություն ունենալ այս ամենին, նյութերում գեթ մեկ նման տվյալ չկա, բայց ինքը, լղոզելով ու շրջանցելով հարցը, փորձում է պահել այդ ինտրիգը, որ, այո, գուցե նաեւ կապված լինի, եթե այդպիսի տվյալներ լինեն թեկուզ կասկածի մակարդակով, կգնանք նրանց հետեւից։ Եվ սրանով սնուցում են այն ագրեսիան, որն այսօր ուղղված է ինչպես Հայ Առաքելական եկեղեցու դեմ, այնպես էլ նրա պաշպանությանն ուղղված ցանկացած անձի կամ խմբի դեմ»,- հավելեց Խուդոյանը։
Լրագրողները հարց հնչեցրեցին՝ «մարդանց գյուլլելու» մասին խոսակցություններն ինչի՞ մասին են, ինչ համատեքստում է ասվել։ «Ինչ էին ուզում անել, դա միշտ հրապարակային է եղել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Ինչ մեթոդներով էին ուզում անել, այստեղ գալիս է հակասությունը։ Ես պնդում եմ, որ բոլոր քննարկումները գնացել են խաղաղ անհնազանդությունների մասին։ Գործողություններ, որոնք նկարագրվում են՝ ծուխ վառել, ինչ-որ բան փչացնել, դրանք քննարկումներ են, որոնք փողոցային պայքարի գործիքակազմ են։ Ապօրինի բան այնտեղ չի պլանավորվել։ Իսկ այդ հարցը քննարկվել է մահապատժի իրավաչափության կամ ոչ իրավաչափության շրջանակներում՝ արդյոք ՀՀ-ում պե՞տք է լինի մահապատիժ, թե՞ ոչ։ Կոնտեքստն ինձ հայտնի չէ ամբողջությամբ, բայց ունեմ տվյալ, որ դա կտրված է կոնտեքստից։ Եթե ամբողջական հրապարակվեր, բոլորս կհասկանանք, որ կամ այս կողմն է սխալ ասում, կամ այն կողմը։ Քննարկում եղել է, ես ունեմ տվյալ, որ դա եղել է ընդհանուր եւ պետական դավաճանների, եւ թմրավաճառների, ընդհանրապես պետությանը սպառնացող վտանգների կանխարգելման, պետություն առողջացնելու գործընթացի շրջանակում։ Դա ներկայացնել, որ պլանավորվում էր այդ գործընթացների ընթացքում մարդ սպանել, մանիպուլյացիա է»,- ասաց Խուդոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ