Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Եթե հարձակում լինի եկեղեցու վրա, ամբողջ ժողովուրդը պետք է այնտեղ լինի, որովհետեւ դրանից հետո Հայաստանի, մեր կենսագրության մասին խոսելն ավելորդ է դառնալու»

Հուլիս 09,2025 15:39

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին ասաց. «Քաղաքական մեծամասնության այդ վայրի կեցվածքը ընդդիմության նկատմամբ ուղղակի ոհմակային հարձակում էր ընդդիմադիր խմբակցության անդամների, պատգամավորների վրա: Պետք է ասեմ՝ երեւի թե պառլամենտական ընդդիմությունը դրա առիթը տվել է: Տղամարդկային ամենավատ, ստոր հատկանիշներից մեկն այն է, որ կարող են 5-10 հոգով մեկին ծեծել: Եվ դա տեղի ունեցավ»:

Նրա կարծիքով, այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ընդդիմությունն ի վերջո նրանց պետք է դաս տար: «Չասեք՝ քաղաքական գործիչն այս ինչի՞ մասին է խոսում: Ինձ համար դա ինքնապաշտպանության ձեւ էր»,-շարունակեց Ռուբեն Հակոբյանը եւ նշեց, որ ինքը իշխանական պատգամավորներին փողոցում գրեթե չի տեսնում միայնակ. «Մի տեղ կա այսօր Հայաստանում: Դա ԱԺ-ն է, թիվ մեկ ամբիոնը, որտեղ հավաքվել եւ իրենց իշխան են զգում»,-ասաց նա:

Անդրադառնալով եկեղեցուն՝ քաղաքական գործիչն ասաց. «Եկեղեցուն սպասվում են վատ օրեր, եթե մենք մեր կեցվածքը շարունակենք այնպես, ինչպիսին հիմա է: Ամեն առավոտ արթնանում, դիտում ես դիմատետրը, եւ անպայման պետք է լինեն գրառումներ վարչապետ կոչվածի կողմից: Երեկվա գրառումը շատ հստակ էր, որ ինքը նախապատրաստում է հարձակում Էջմիածնի վրա: Դա կարող է լինել այսօր, վաղը կամ մի քանի օրվա ընթացքում: Բայց ինքը նախապատրաստում է եւ ասում, որ ինքը կառաջնորդի:

Ասել եմ մեկ անգամ ու հիմա պետք է կրկնեմ ամբողջ պատասխանատվությամբ եւ համոզմունքով, որ երբ Շվեյցարիայում համաշխարհային կրոնական կազմակերպության համաժողովի ժամանակ Վեհափառը խոսեց մեր ցավերի մասին, էթնոզտված, գենոցիդի ենթարկված Արցախի մասին, արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, հենց նույն օրը Ադրբեջանի ռուսալեզու ամբողջ լրատվական դաշտը, որին պարբերաբար հետեւում եմ, հարձակում գործեցին: Հիմնական շեշտը գնում էր մեր եկեղեցու եւ, մասնավորապես, մեր Վեհափառի վրա:

Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց կուսակրոնության մասին: Ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե ոչ Ալիեւը, անպայման Էրդողանը իրեն «խորհուրդ տվել է», ավելի ճիշտ, հրահանգել է, որպեսզի եկեղեցուն իր տեղը դնեն: Եվ ինքը այդ վեհաժողովի հաջորդ օրը սկսեց եկեղեցին քանդելու սցենարն օգտագործել: Նա ներկայացնում է, թե իբրեւ զբաղվում է եկեղեցու բարեվարքության հարցերով, բայց դա իրեն հատուկ ստախոսություն է, գավառական աֆերիստություն է, երեսպաշտություն է: Ինքը պարտավորվածություն է վերցրել թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ, որ պետք է եկեղեցուն զերծ պահի ազգային բոլոր հարցերից: Նաեւ, որ եկեղեցին, որն ազգային միակ լուրջ կառույցն է մնացել, որը կարող է համախմբվել քաղաքացին, պետք է քանդի:

Եթե հարձակում լինի եկեղեցու վրա, ամբողջ ժողովուրդը պետք է այնտեղ լինի, որովհետեւ դրանից հետո Հայաստանի, մեր կենսագրության, մեր եկեղեցու մասին խոսելն ավելորդ է դառնալու: Իսկ եթե վախեցնեն, թե արյունահեղություն կարող է լինել, 35 տարի քաղաքականության մեջ եմ եւ կարող եմ հստակ ասել, որ միշտ ուժային կառույցները, առավել եւս՝ ոստիկանությունը, ուժի կողմն է լինում: Եթե ոստիկանությունը տեսնի՝ ուժ կա այնտեղ, միանգամից կանցնի ժողովրդի կողմը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել