2018-ին եւ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձներն իրենց բնույթով հեղափոխական էին։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ բողոքի զանգվածային ակցիաների միջոցով տեղի ունեցած Թավշյա հեղափոխության վերջնարդյունքում։ Թե՛ 2018, թե՛ 2019 թվականների ուղերձների սկզբնամասում Փաշինյանը հղում էր կատարում 2018-ի գարնանային իրադարձություններին։
«Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ՝ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է»,-2018-ին հայտարարում էր ՀՀ վարչապետը։
«Ինչ-որ կիսատություն կա»
2020 թվականի շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը կիսվում էր իր զգացողությամբ, ըստ որի՝ «այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս»։
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի՝ ո՛չ Սահմանադրության ընդունման հանրաքվեի, ո՛չ սահմանադրական փոփոխություններ ամրագրած երկու հանրաքվեների «արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից»:
Վարչապետն ընդունում էր, որ սահմանադրական հաճախակի փոփոխությունները «անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը», չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրական դատարանը «հակահեղափոխական» մարմնից «հեղափոխական» մարմնի վերածելու համար իշխանությունը մի ամբողջ սահմանադրական հանրաքվե էր կազմակերպում։ Այն չկայացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ փոփոխությունները կատարվեցին խորհրդարանում։
2020-ի ուղերձն առաջինն էր, որտեղ Փաշինյանը խոսում էր նոր մայր օրենքի անհրաժեշտության մասին. «Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում»:
Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանն իր այս ուղերձում որպես արդեն կայացված որոշում ներկայացնում էր 2021 թվականին սահմանադրական հանրաքվե անցկացնելու միտքը, որով կընդունվեր նոր մայր օրենք։ Բնականաբար, նման հանրաքվե տեղի չունեցավ։ Փոխարենն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն անցկացվեց՝ հանգուցալուծելու համար հետպատերազմյան քաղաքական ճգնաժամը։
«Կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքը
Հաջորդ տարի՝ 2021-ին, Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղում որպես վարչապետի պաշտոնակատար, որը պատրաստվում էր հաջորդ ամիս վերստանձնել վարչապետությունը։
Հատկանշական է, որ ուղերձում Փաշինյանը չէր բացառում Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը։ Դրանից ամիսներ առաջ՝ մարտի 1-ի խոշոր հանրահավաքում, նա հայտարարել էր, որ 2021-ի հոկտեմբերին պետք է հանրաքվե անցկացնել եւ «կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»։
2021 թվականի հուլիսի 5-ի ուղերձում ասվում էր. «Չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարեւորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»։
Շարունակել պահպանել խորհրդարանական համակարգը
2022 թվականի հուլիսի 5-ին վարչապետն արդեն բացառում էր վերադարձը կիսանախագահական համակարգին։
«Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետեւ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»,-նշում էր ՀՀ վարչապետը։
2022-ին Փաշինյանը շեշտում էր նաեւ՝ հայկական «ժողովրդավարությունը պետք է վերածել Հայաստանի անվտանգությունն ապահովող տեւական գործոնի»։
ԼՂ հայության անվտանգությունը
2023-ի տոնական ուղերձում կառավարության ղեկավարը չէր շրջանցում խաղաղության օրակարգը։
«Առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը», -ընդգծում էր ՀՀ վարչապետը։
Ի՞նչն է պետք փոխել
2024 թվականին Նիկոլ Փաշինյանը ուղերձում վերահաստատում էր, որ Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացին իրենը չի համարում։ Սրան զուգահեռ արդեն ամիսներ էր, ինչ թիրախավորվում էր Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը։ Այսօր խաղաղության պայմանագիր կնքելու համար Բաքուն պահանջում է խզել սահմանադրական հղումը Հռչակագրին, չնայած վարչապետ Փաշինյանը հերքում է այդ պահանջի ազդեցությունն իր վրա։
Հատկանշական է, որ Փաշինյանը չէր նշում որեւէ կոնկրետ դրույթ, որը պետք է հեռացվի Մայր օրենքից կամ ավելացվի այնտեղ։ Ուղերձից դուրս նա ասում է, որ իր կարծիքով՝ Անկախության հռչակագրին հղումը չպետք է լինի, բայց այլ փոփոխության մասին խոսք չկա։
Ուղերձում նշվում էր. «Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, եւ տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման եւ ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը…»։
Ուղերձում գործածվում էր նաեւ «Իրական Հայաստան» եզրույթը։
Ուղերձի փոխարեն՝ գաղափարական ելույթ 2025-ին
Այս տարի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական գրավոր ուղերձ չէր պատրաստել։ Սահմանադրության ընդունման երեսնամյակի կապակցությամբ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, պետական պաշտոնյաների, օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ տոնական միջոցառման ժամանակ ներկայացրեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը եւ խաչեց դա Սահմանադրության հետ։
Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը գրվել է «լուրջ մասնագետների կողմից», բայց սահմանադրական բոլոր՝ 1995-ի, 2005-ի եւ 2015-ի հանրաքվեները հարց են թողել՝ արդյո՞ք դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։
«Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված սահմանադրություն»,-արդեն հայտնի դիրքորոշումը կրկնեց Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ հետեւություններ կարելի է անել
Ամփոփելով՝ դժվար է միասնական կարմիր թել գտնել բոլոր ութ ուղերձներում, սակայն ամենահաճախը վարչապետը խոսում է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե 2018 եւ 2019 թվականների ուղերձները լակոնիկ էին եւ հետհեղափոխական տրամադրությամբ, 2020-ից սկսած անդրադարձ է կատարվում նոր Սահմանադրության կարիքին եւ դրա ընդունման հանրաքվեին։ Տվյալ գաղափարը նոր թափ է ստացել 2024 թվականից։
Ակնհայտ է, որ հնարավոր հանրաքվեի դրվող Սահմանադրության նախագիծը պահպանելու է կառավարման խորհրդարանական մոդելը։ Ավելին, դատելով 2024 թվականի ուղերձից՝ հնարավոր է, որ գործող Հիմնական օրենքի էությունը պահպանվի, անգամ եթե հանրաքվե անցկացվի։
Փաշինյանի ամենաարժեքավոր ասելիքը թերեւս 2023-ի ուղերձի եզրափակիչ մասն է։
«Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետեւ շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով»:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.07.2025