Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դպրոցները

Հուլիս 10,2025 12:30

Սկիզբը՝ այստեղ:

«Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից

… Ամեն անգամ Գերմանիա կատարած իմ այցելություններից հետո, անմոռաց հիշողություններով եմ վերադառնում եւ շտապում՝ թղթին հանձնել դրանք։

Ի տարբերություն նախորդ այցելությունների, այս անգամ մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա այնտեղի դպրոցների որոշ կարգ ու կանոններին։

Խորհրդային դպրոցների ուսումնական ծրագրերն ու ուսումնառության ընթացքը, շատերի պնդմամբ, համաշխարհային կրթության ոլորտի ամենաընդունելին, ամենագնահատվածը, ամենաբարձրարժեքն ենք համարել, եւ որոշ առաջադեմ երկրներում փորձեր են արվել ներդնել խորհրդային ժամանակներում գործող կրթական ծրագրերը։

Գերմանիայի կրթական համակարգը ներառում է նախադպրոցական կրթությունը (մանկապարտեզներ, նախակրթարաններ), որտեղ ընդգրկվում են 1-5 տարեկան երեխաները։ Այնուհետեւ, 6-9 տարեկաններն ուսումնառությունն սկսում են տարրական դպրոցներում (Grundschule)։

Տասը տարեկանից սկսած աշակերտներն, իրենց հայեցողությամբ, միջնակարգ կրթություն են ստանում Ընդհանուր (Hauptschule), Ռեալական (Realschule), Համապարփակ (Gesamtschule), դպրոցներում եւ Գիմնազիաներում (Gymnasium)։

Ընդհանուր եւ Ռեալական դպրոցների աշակերտները հաճախում են Արհեստագործական դպրոցներ կամ տեխնիկական քոլեջներ, որտեղից էլ, գնահատականներին համապատասխան, կարող են ընդունվել Կիրառական Գիտությունների Համալսարաններ։

Համապարփակ դպրոցների եւ Գիմնազիաների աշակերտներն, ըստ գնահատականների, ընդունվում են իրենց ընտրած համալսարանները։

Ապագա մասնագետները թվարկված բոլոր համալսարաններ են ընդունվում  առանց լրացուցիչ քննությունների, որտեղ ուսումնական պրոցեսն անվճար է, բացի այն համալսարանների, որտեղ ընդունելության համար այլ կարգեր են հաստատված։

Սիրանուշին առավոտյան ուղեկցում էի Այգենհայմշտրասսեի կանգառ եւ կեսօրից հետո դիմավորում։ Նա արդեն ընտրել էր իր հետագա ուսումնառության ճանապարհը…

Արեւիկը սովորում էր Տարրական դպրոցի երրորդ դասարանում։ Դպրոցը թեեւ տնից երկու հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում եւ նա, առանց որեւէ կողմնակի  օգնության, գնում ու վերադառնում էր, սակայն, ամեն առավոտ, նրան էլ էի ուղեկցում դպրոց եւ, ինչպես ինքն էր ապսպրում՝ ժամի 16-ին սպասում էի դպրոցի մուտքի մոտ։

Տարրական դպրոցի բակում, առաջինից երրորդ դասարանների աշակերտների համար, կատարված են  գծանշումներ։ Դպրոց եկած առաջին աշակերտը պայուսակը դնում է իր դասարանի համար նախատեսված գծանշման սկզբին, հետո՝ հաջորդը եւ այդպես շարունակ՝ մինչեւ վերջին աշակերտի ներկայանալը։ Անձրեւ կլինի, ձյուն,  թե սառնամանիք, միեւնույն է։ Սա ամրագրված է «գերմանական օրինապահությամբ»։ Աշակերտներն սկսում են դպրոց գալ դասասկզբից կես ժամ շուտ, նշված կարգով գետնին  են դնում իրենց պայուսակներն ու սպասում մինչեւ դասերն սկսվելուց հինգ րոպե առաջ դպրոց մտնելու զանգի հնչելը։ Այդ ընթացքում երեխաները վազվզում, թռչկոտում, զրուցում ու չգիտես, է՛լ ինչեր են անում։ Այս ամենը զարմացնում էր ինձ։ Երբ մի անգամ հարցրեցի, թե ինչո՞ւ են այդքան շուտ գալիս, ավելի զարմացա, քանի որ հայտնեցին՝ կարգն է այդպիսին, ուշացած աշակերտը կնախազգուշացվի…

Դպրոց հասնելուն պես, թոռնուհիս պայուսակը նետում էր գետնին ու վազ տալիս դեպի դասընկերները։ Մեկին բարեւում, մյուսի հետ՝ գրկախառնվում, հաջորդին՝ հեռվից ողջունում։ Նա անմիջապես «մերվում էր» դասընկերների հետ ու «ազատվում պապիկի հոգածությունից»։ Դե հասկանում էի, որ թոռնուհիս արդեն քանի տարի ապրում է «գերմանական մթնոլորտում» ու դաստիարակվում է նրանց «դրվածքով»…

Իսկ տարիներ առաջ, մանկապարտեզ ուղեկցելիս, դժվարությամբ էր բաժանվում ինձանից ու կարոտով ապսպրում.

– Պապիկ, դու շուտ կգաս ինձ տանելու… Այդ պահերն աչքիցս երբեք չեն հեռանում։

Դպրոցում ինձանից հեռանալիս փորձեցի լուսանկարել։ Արեւիկը խիստ տոնով արգելեց.

– Պապի՛կ, առանց իմ թույլտվության այլեւս չնկարես… Ինչպես ասում են՝ «մեռնեմ օրենքին»։ Նկարում էի միայն իր թույլտվությամբ։ Դե դպրոցներում ամեն ինչ սովորեցնում են՝ ինչպե՞ս անցնել փողոցը, ինչպե՞ս եւ որտե՞ղ կարելի է հեծանիվ վարել, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն, ամեն, ամեն բան, ինչն անհրաժեշտ է առօրյա կյանքում։

Դպրոցամերձ տարածքներն անչափ գեղեցիկ են։ Այնտեղ տարբեր գույներով գծանշված են վազքուղիներ, շարային վարժություններ կատարելու նշաններ, թվանշանների ու տառերի գույնզգույն պատկերներ։ Կան նաեւ մի քանի տեսակ ճոճացանցեր, ակրոբատիկայի համար նախատեսված սպորտային սարքեր եւ այլն։ Սպորտային բոլոր սարքերի եւ ճոճացանցերի տակ, հաստ շերտերով, թեփ ու փայտից տաշեղներ են լցված՝ անվտանգության նկատառումներով։

Դպրոցների կահավորանքն աչք է շլացնում։ Դասասենյակները նկարագրելը շատ բարդ է։ Անպայման տեսնել է պետք։ Միջանցքներից սկսած այնքան ուսումնահաճո է դառնում միջավայրը, որ նույնիսկ «օտար աչքը» ոչ մի թերություն չի գտնի։ Աշակերտների հագուստների կախիչները միջանցքներում են, յուրաքանչյուր դասարանի դրսի պատին ամրացված՝ իրենց հասակի բարձրությամբ եւ խիստ համաչափությամբ։ Ամեն կախիչի տակ փակցված է տվյալ աշակերտի փոքրիկ լուսանկարը եւ անունը։ Իսկ ընդհանուր միջանցքի ելքի մոտ, յուրաքանչյուր դասարանի համար, մի մեծ գրատախտակի վրա կպչուն պատկերակներ են կպցված՝ աշակերտների լուսանկարներով ու անուններով։ Դասերի ավարտին աշակերտները մոտենում են գրատախտակին, պոկում իրենց լուսանկարով պատկերակը եւ կպցնում տուն գնացողների համար նախատեսված գրատախտակին։ Այդ կերպ պարզ է դառնում, որ տվյալ աշակերտն արդեն դուրս է գնացել դպրոցից։

Խորհրդային տարիներին աշակերտները կրում էին միանման՝ կոմունիստական կուսակցության կողմից սահմանված հագուստ՝ կարմիր վզկապի պարտադիր առկայությամբ։ Բացի ծնողական ժողովների ժամանակ աշակերտների մասին կատարված դիտողություններից, ուսուցիչները ծույլ ու անկարգապահ աշակերտների տներն էին այցելում, զրուցում ծնողների հետ՝ ուսումնազանց աշակերտին միասնական ջանքերով «կարգի հրավիրելու» նպատակով։

Խորհրդային տարիներին աշակերտների ճնշող մեծամասնությունն ակնածանքով էր վերաբերվում ուսուցիչներին։ Մանավանդ՝ ուսուցչուհիներին, որոնց, թեկուզ էժանագին, բայց վայելուչ հագուստն ու պահվածքը բոլորին «ստիպում էին» անսահման հարգանքով հարաբերվել նրանց հետ։

Գերմանիայի դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները սովորական, առօրյա հագուստներ են կրում։ Նկատել եմ, որ նրանց մի մասն անտարբեր է պերճաշուք  հագուստ կրելու հարցում։ Բավականին մեծ թիվ են կազմում ուսման նկատմամբ անտարբեր աշակերտները։ Որքանով տեղեկացա, ուսուցիչներն այնքան էլ ջանք չեն ներդնում ուսման որակը բարձրացնելու ուղղությսմբ։ Այսինքն՝ եթե աշակերտն այդպես է ցանկանում սովորել, ուրեմն դա նրա որոշումն է։ Ինչպես շատերն են պնդում՝ եթե բոլորը բարձրագույն կրթություն ստանան, ո՞վ է աշխատելու միջին կարգի մասնագիտական պաշտոններում։ Ովքե՞ր են վարելու ավտոբուսները, ովքե՞ր են զբաղեցնելու գոյություն ունեցող հսկայական առեւտրի ու սպասարկման ծառայությունների ոլորտը։ Հիվանդանոցներում միջին բուժանձնակազմի խիստ պակաս կա, Գերմանիայի երկաթուղիների թափուր պաշտոններում աշխատելու  համար մշտապես մարդիկ  են հրավիրվում՝ առանց մրցույթի, մեկ կամ երկու ամիս ձրի ուսումնառությամբ։

Դպրոցականների եւ ուսուցիչների փոխհարաբերությունները հավասարազոր են,  անմիջական, չափազանց անկեղծ, փոխադարձ հարգանքով ու շատ լուրջ։ Այս ամենի հետ, եթե որեւէ աշակերտ անթույլատրելի արարք կատարի, անպայման զանգահարում եւ տեղեկացնում են ծնողին կամ նրան դպրոց հրավիրում։

Այսպիսին են Գերմանիայի դպրոցները վերջին այցելության ժամանակ կատարած իմ որոշ «հետազոտություններով» եւ տեղեկացվածությամբ։

Հրավերիս ժամկետը վերջանում էր արդեն։ Ես հրաժեշտ տվեցի սիրասուն թոռնուհիներիս ու Գերմանիային, ցավով զգալով, որ տխրեցրեցի նրանց։ Բաժանման այդ պահերն ամենածանրն են ու անցանկալին: Ինքս էլ տխրում եմ՝ դառնանում,  հոգուս խորքում լուռ, անարցունք սնքրթում եմ մանկան պես ու…նվաղում է սիրտս…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

Արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
09.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031