Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չի կարելի հավասարության նշան դնել

Հուլիս 10,2025 10:00

1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի ջարդեր: Մոսկվայի թողտվությամբ եւ Բաքվի խրախուսմամբ մետաղյա ձողերով զինված ոճրագործների ամբոխը մտավ հայկական թաղամաս՝ մի քանի տասնյակ հայեր սպանվեցին եւ դաժան խոշտանգումների ենթարկվեցին: Խորհրդային իշխանությունը ոչ միայն նորմալ չքննեց այդ հանցագործությունը, այլեւ քարոզչության մակարդակով պահպանեց «պարիտետը»: Գլխավոր միտքն այն էր, որ հայերն ու ադրբեջանցիները հավասարապես են պատասխանատու այդ իրադարձությունների համար, եւ նույնիսկ հայկական կողմը մի քիչ ավելի մեղավոր է, քանի որ գորբաչովյան «պերեստրոյկան» հասկացել են որպես սահմանների վերաձեւում, եւ ընդհանրապես ղարաբաղյան խնդիրը բարձրացրել են մի խումբ արկածախնդիրներ եւ ծայրահեղականներ: (Հետաքրքիր է, որ այդ ձեւակերպումները սրտամոտ են Հայաստանի ներկայիս իշխանություններին):

Այդ «պարիտետային» մոտեցումը ինձ մի քիչ հիշեցնում է մեր ներքաղաքական բախումների որոշ «չեզոք» մեկնաբանների դիրքորոշումը՝ երկուսն էլ մեղավոր են: Դա հատկապես բնորոշ է «հ/կ-ական» հատվածին, ինչն, իհարկե, ունի իր «բացատրությունը». այո, մահակներով մարդկանց գլուխները ջարդելը, ցուցարարների դեմ «Զարյա» կիրառելը, կամ ՔՊ-ական «տղերքի խմբով» ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելը վատ է, բայց քանի որ ներկայիս ընդդիմությանը «ռուսամետ է», «ուզում է Հայաստանը գուբերնիա դարձնել», ապա այդ ամենն այնքան էլ վատ չէ:

Իրականում չի կարելի է հավասարության նշան դնել կողմերի միջեւ: Դա կարելի է ցույց տալ հենց վերջին խորհրդարանական ծեծկռտուքի օրինակով: Ենթադրենք, երկու կողմից հնչել են հավասար չափի հայհոյանքներ ու տրվել են հավասար քանակի «աքացիներ»: Էականն այն է, թե ո՞ւմ կողմից է «զորքը»՝ ոստիկանությունը, անվտանգության աշխատակիցները, ում մեջքի հետեւից են «ասլան տղերքը» կռիվ անում: Եթե այդ ծեծկռտուքն իրավական հետեւանքներ ունենա, ապա ո՞ւմ դեմ է քրեական հետապնդում իրականացվելու:

Չկա հավասարության նշան նրանց միջեւ, ում ձեռքում մահակ կա (ուժայինների, դատախազության եւ դատարանի տեսքով) եւ նրանց, ում ձեռքում այդ մահակը չկա: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ մահակն ամեն օր օգտագործվում է քաղաքական եւ անձնական հաշիվներ մաքրելու նպատակով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031