Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ի տրամաբանությամբ, երբեւէ ոչ մի ներդրում, աշխատանք պետք չէ թույլ տալ, քանի որ, որպեսզի աշխատանքներ տարվեն, պետք է հոսանքազրկումներ իրականացվեն. «Հրապարակ»

Հուլիս 10,2025 10:10

Նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջին հայացքից տարօրինակ թվացող որոշում է ընդունել՝ մերժելով ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները:
ՀԷՑ-ը դիմել էր, որ ՀԾԿՀ-ն հաստատեր իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի փոփոխությունը, մասնավորապես՝ 2025 թվականի մասով, առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում` նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամի փոխարեն 53.98 միլիարդ դրամ։ Ընկերությունը ներդրումային ծրագրի փոփոխության կարիքը բացատրել է հաստատված ծավալների հստակեցման եւ նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

Առաջին հայացքից թվում էր, թե Հանձնաժողովը պետք է դրական որոշում ընդուներ, մանավանդ որ իշխանությունները հայտարարում են, թե Սամվել Կարապետյանն այս տարիներին ՀԷՑ-ից միայն շահույթ է ստացել, ներդրումներ չի արել, իսկ կայանները մաշվել են, եւ վերջին տարիների հոսանքազրկումներն էլ դրանով են պայմանավորված։ Իրականում, Փաշինյանի հպատակ ՀԾԿՀ-ի երեկվա որոշմամբ իշխանությունը սկսեց ՀԷՑ-ը խլելու գործընթացը, որը սկսվեց Սամվել Կարապետյանի կողմից Եկեղեցուն աջակցելու հայտնի հայտարարությունից հետո։ Ինչ վերաբերում է ՀԾԿՀ մերժմանը եւ ներկայացված փաստարկներին, դրանք, մեղմ ասած, զավեշտի ժանրից են։ Ի՞նչ հիմնավորումներով է ՀԾԿՀ-ն մերժել մոտ 6 մլրդ դրամի ներդրումների առաջարկը․ «Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության կողմից ներկայացված հաշվարկների՝ առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների եւ կհանգեցնի բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման»: Այսինքն՝ Հանձնաժողովի տրամաբանությամբ, երբեւէ ոչ մի ներդրում, աշխատանք պետք չէ թույլ տալ, քանի որ, որպեսզի աշխատանքներ տարվեն, պետք է հոսանքազրկումներ իրականացվեն:

Լսեցինք էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի գնահատականները՝ Հանձնաժողովի փաստարկների մասին։ «Այստեղ հիմնավորում չկա, չէր էլ կարող լինել, քանի որ կա զուտ քաղաքական որոշում՝ ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու մասին։ Եկեք հիշենք, որ նույն Հանձնաժողովն ամեն տարի տալիս է կառույցների, այդ թվում՝ ՀԷՑ-ի մասին իր զեկույց-գնահատականը, որով արձանագրում է, թե ինչպես են կատարել իրենց ներդրումային պարտավորությունները, դրա արդյունքում ինչ տեղաշարժ կա եւ այլն։ Ամեն տարի ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ում կատարվող ներդրումների, կառավարման առումով տվել է դրական կարծիք, իսկ վերջին զեկույցներում հատուկ ընդգծվում է, որ հոսանքազրկումները, հոսանքի կորուստներն ավելի են կրճատվել, աշխատանքում կա դրական տեղաշարժ, եւ հանկարծ այս հանձնաժողովը դեմ է ներդրումների ծավալների մեծացմանը։ Սա աբսուրդ է»,- ասաց փորձագետը՝ շեշտելով, որ ՀԾԿՀ-ն քաղաքական տեքստ է հրապարակել։ Նրա գնահատմամբ՝ հնարավոր չէ իսպառ խուսափել հոսանքազրկումներից․ «Դա մի համակարգ է, որը պարբերական ներդրումներ է պահանջում, եւ եթե դու մեկ տարի չանես, ամբողջ համակարգը կփլուզվի։ Հիմա, երբ ՀԷՑ-ը խլեցին, գողացան, իրենք երկու խնդրի են բախվելու․ առաջին՝ պետք է փոխհատուցեն, ինչպե՞ս են փոխհատուցելու` մեր եւ ձեր գրպաններից։ Երկրորդ․ իրենք պետք է այդ ներդրումներն ապահովեն, ո՞նց են ապահովելու` պետական բյուջեում այդ գումարները չկան, նշանակում է՝ արտաքին պարտքն են ավելացնելու։ Իսկ վաճառել ՀԷՑ-ը՝ չեն կարող, որովհետեւ «Տաշիր գրուպ»-ն արդեն մտել է միջազգային արբիտրաժային դատարան, եւ քանի դեռ գործը քննվում է այնտեղ, դա վաճառել կամ մեկ ուրիշին հանձնել չեն կարող, պետք է պետական կառավարման ներքո մնա: Իսկ հաշվի առնելով, թե պետությունը վերջին 7 տարվա ընթացքում ոնց են կառավարում, չզարմանաք, որ ձմռանը մենք լրջագույն խնդիրների առաջ կանգնենք, եւ անջատումները ոչ թե լինեն հազվադեպ, այլ՝ մասսայական»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031