Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Այսքան արհավիրքներից, Արցախը հանձնելուց հետո դեռ համարձակվում են իրենց համեմատել երկիր ազատագրած, բանակ ստեղծած մարդկանց հետ. Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող. «Հրապարակ»

Հուլիս 10,2025 10:28

Բագրատ սրբազանին եւ նրա աջակիցներին կալանավորելիս իշխանությունը հայտարարեց, թե իրենց հետեւողական ջանքերի շնորհիվ կանխվել է հերթական «հոկտեմբերի 27»-ը:

Զուգահեռներ անցկացնելով 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ՝ պետք է նշենք, որ 8 պետական գործչի սպանած Նաիրի Հունանյանն ահաբեկչությունից առաջ տարբեր գործիչների հետ էր հանդիպել, օրինակ` զրուցել էր Շանթ Հարությունյանի հետ, իսկ ահաբեկչությունից անմիջապես հետո ԱԺ դահլիճում ասել էր․ «Հրանտին ասեք` տղերքին վերցնի գա»։ Բայց նախաքննական մարմինը ո՛չ Շանթին, ո՛չ Հրանտ Մարգարյանին մեղադրանք չառաջադրեց` հասկանալով, որ Հունանյանի հետ հանդիպելը, նրանց անունները հիշատակելը բավարար չէ վերջիններիս մեղադրանք առաջադրելու համար:

Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող, այժմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում հեգնում է` ինչպե՞ս կարող են պետական դավաճաններն իրենց համեմատել Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի եւ մյուսների հետ. «Երբ առաջին անգամ լսեցի այդ միտքը, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, շոկի ենթարկվեցի: Ինչպե՞ս կարելի է նման համեմատություններ անել: Առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետեւյալն էր. սրանցից ո՞ր մեկն է Վազգեն Սարգսյանը, ո՞ր մեկն է Յուրի Բախշյանը, ո՞ր մի ՔՊ-ականը կարող է լինել Կարեն Դեմիրճյանը, ովքե՞ր կարող է լինել Միրոյանը, Քոթանյանը եւ վերջապես` Լեոնարդ Պետրոսյանը: Սրանք այսքան արհավիրքներից, 5 հազար տղա զոհելուց, Արցախը հանձնելուց հետո դեռ համարձակվում են իրենց համեմատել երկիր ազատագրած, բանակ ստեղծած մարդկանց հետ: Ինչպե՞ս կարող է ՔՊ կուսակցության անդամն իրեն համեմատել ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ: Մարդ, որն իր հայասեր, հայրենասեր, առաքինի եւ ազգայնական տեսակով առաջինն է եղել: Ականատես եմ եղել, թե ինչպես էր Կարեն Սերոբիչը վատացել՝ տեսնելով, որ վառվում է Համալիրը…. Սրանցից ո՞ր մեկը կարող է հավակնել լինել Վազգեն Սարգսյան: Ինչպե՞ս կարելի է այս ամենը համեմատել Հոկտեմբերի 27-ի հետ: Մի կարեւոր դիտարկում. հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանը եղել է Թուրքիայում, նախապատրաստական աշխատանքներ է տարել, ինչից հետո Ղրիմում է որոշակի աշխատանքներ տարել՝ թուրքական ազդեցության տակ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը գալիս է Թուրքիայից: Հարց՝ Հայաստանում ո՞ր քաղաքական գործիչն է այսօր պարբերաբար մեկնում Թուրքիա: Բագրատ սրբազանը կապ ունի՞ Թուրքիայի հետ: Հակառակը՝ Սրբազանը պայքարում է Թուրքիայի դեմ, առհասարակ՝ Բագրատ սրբազանի թիմում բոլորը դեմ են Թուրքիային: Բայց, օրինակ, Նիկոլ Փաշինյանն արդեն քանի անգամ Թուրքիա է մեկնում, եւ այստեղ որոշակի հարցեր են առաջանում: 1999-ի հոկտեմբերի 27-ն այն ժամանակվա իշխանության համար եղել է անակնկալ: Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ գաղտնալսումներ է արել մեկ տարուց ավելի: Եթե իսկապես ահաբեկչություն էր նախատեսել Բագրատ սրբազանը, ինչո՞ւ էիք մեկ տարի հանգիստ նստած սպասում դրան: Այ անողնաշար, սրիկա, պետական դավաճաններ, ինչպե՞ս կարող եք Բագրատին համարել ահաբեկիչ: Ինչքա՞ն ցինիկ եւ անամոթ կարելի է լինել: Նրանք, ի սկզբանե գաղտնալսելով Բագրատ սրբազանին, համոզված են եղել, որ նրա խոսակցություններում ոչ մի հանցագործության հատկանիշ չկա, որոշել են ժամանակ ձգել, որ գա ընտրությունների նախաշեմը, երբ տեսնեն, որ հայ հանրությունը հիասթափվում է իրենցից, իրականացնեն այս շոուն եւ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծեն, որ ընդդիմադիրներն ահաբեկիչներ են: Մենք գիտենք, թե յուրաքանչյուր հայ մարդ ինչպիսի սարսափով է հիշում 1999-ի հոկտեմբերի 27-ը: Այժմ փորձում են խաբել ժողովրդին… Այս իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից: Տեսնելով նրա եւ հոգեւորականների համախմբվածությունը՝ որոշեցին այս ահասարսուռ սուտը հենց հիմա կյանքի կոչել՝ որոշ պրոցեսներ կանխելու համար, ինչպես նաեւ՝ պայքարող մարդկանց վախեցնելու նպատակով»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031