Կարելի է պնդել, որ Խորհրդային Հանրապետութեան փլուզումից ի վեր կազմաւորուած Հայաստանի իւրաքանչիւր կառավարութեան պետական կառոյցներն օգտագործել է որպէս ահաբեկելու զէնք: Սակայն քչերն են դա արել ինքնապահպանման համար այնպիսի դաժանութեամբ, ինչպէս այս վարչախումբը: Հարկային հետաքննութիւններից մինչեւ օրէնսդրական առաջարկներ, «խափանարարութեան» (sabotage) անորոշ մեղադրանքներից մինչեւ կաթողիկոսի հրապարակային նուաստացումը, ուղերձն անհերքելի է` կամ հերթ կանգնէք, կամ ճանապարհից դուրս եկէք: Փաշինեանի պատերազմը Եկեղեցու դէմ հասաւ գագաթնակէտին, երբ նա մեղադրեց Եկեղեցուն պետութիւնը խարխլելու գործում` բառամթերք, որ ուղղակիօրէն վերցուած է խորհրդային թատերագրքից:
Դա պատահական չէ: Խորհրդային Միութիւնը լաւ գիտէր այս բեմագրութիւնը: 1930-ականներին, Ստալինի վարչախումբը սպանեց Խորէն Ա. կաթողիկոսին, փակեց եկեղեցիներն ու քրէականացրեց հաւատքի հրապարակային դրսեւորումները: Խորհրդային քարոզչութիւնն ամրապնդեց ուղերձը` հոգեւորականներին ներկայացնելով որպէս դաւաճաններ եւ ազգայնականներ` քայքայիչ գործունէութիւն ծաւալողներ, ովքեր քօղարկուած էին վեղարներով: Շարժապատկերները, ինչպէս օրինակ` «Սեւանի Ձկնորսները» (1939), առաջ մղեցին այն գաղափարը, որ քահանաները ոչ այլ ինչ էին, քան Դաշնակցութիւն կուսակցութեան գործակալներ, ժողովրդի թշնամիներ, որոնք ծպտուած էին որպէս Աստծոյ ներկայացուցիչներ: Վարչապետը, կարծես, պարզապէս մաքրում է փոշին հին ժապաւէնների վրայից եւ կիրառում է գործածուած փոխաբերութիւններ:
Աւելի՞ անհանգստացնող: Նրա խօսքն այժմ Ադրբեջանի տեսակէտների արձագանգն է: Տարիներ շարունակ ադրբեջանական վարչախումբը հայոց եկեղեցին անուանել է ազգայնականութեան եւ ծայրայեղականութեան ինկուբատոր (incubator՝ թխսարան): Նրանք մեղադրել են հոգեւորականներին` ատելութիւն հրահրելու համար, եւ եկեղեցին ներկայացրել են որպէս խաղաղութեանը սպառնացող վտանգ: Այժմ, Բաքուի տարբեր սրահներից հնչող այդ ուղերձը համընկնում է Երեւանի գրասենեակներում հնչող խօսքերի հետ, այն է` ապաօրինականացնել եկեղեցին, վարկաբեկել նրա առաջնորդներին եւ հեռացնել ժողովրդից:
Այս գործողութիւններով, Փաշինեանը թուլացնում է կենսականօրէն կարեւոր հոգեւոր հաստատութիւնն ու ջուր է լցնում թշնամական հարեւանի ջրաղացին` աշխուժօրէն աշխատելով հայկական ժառանգութիւնն ամբողջութեամբ վերացնելու ուղղութեամբ: Այն, ինչին Ադրբեջանը ձգտում է ջնջելով եւ ժխտելով, Փաշինեանը համարձակւում է իրականացնել օտարացման եւ ներքին փլուզման միջոցով: Կարելի է ենթադրութիւններ անել, թէ ինչ է հոգեւորականների եւ եկեղեցու առաջնորդների դէմ այս հանրային թշնամանքի հիմքում, բայց դա ստիպում է մտածել, թէ ինչու է այս ռազմավարութիւնն այդքան համահունչ այն ամէնին, ինչ Բաքւում գործակալները փորձում են անել աշխարհի ամենահին քրիստոնէական հաստատութիւններից մէկը վարկաբեկելու համար:
Կարդացեք նաև
Բայց, թերեւս, առաւել հրատապ հարցն այն չէ, թէ արդեօք Հայ Եկեղեցին կարո՞ղ է դիմակայել այս յարձակմանը, այլ այն, թէ արդեօք մենք Սփիւռքում ոտքի կը կանգնենք եւ կը դիմակայենք: Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է աւելին, քան պարզապէս կրօնական հաստատութիւն. այն մշակոյթի, պատմութեան եւ ինքնութեան անօթ է, որը միաւորել է հայերին ժամանակի եւ մայրցամաքների միջով: Եթէ Հայաստանի պետութիւնը շրջւում է դէպի ներս, ապա Սփիւռքի պատասխանատուութիւնն է դառնալ միմեանց եւ այն Եկեղեցու կողմ, որը կենդանի է պահել մեր լեզուն, մեր ծէսերը եւ մեր հաւաքական յիշողութիւնը:
Արտաշէս (Արդի) Քասախեան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում: