Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 7 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերվեցին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ Գորիսում «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոն կառուցելու համար։
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Մենք, ըստ էության, խոսում ենք ոչ ֆորմալ կրթության ստեղծման հնարավորության մասին Սյունիքի մարզի Գորիս համայնքում, որը քննարկվել է ԵՄ հետ ՀՀ համագործակցության շրջանակներում։ Այս աշխատանքը մենք սկսել ենք արդեն մի քանի տարի։ Ստեղծվող հնարավորությունները մի քանի հազար երեխաների համար են՝ սկսած 3 տարեկանից։ Նախատեսվում են ծառայություններ չափահաս երիտասարդների համար։ Մի քանի ուղղություններ են միանգամից ներառում, մասնավորապես, ուղղված են ինչպես տարբեր տեխնոլոգիական հմտություններին, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացմանը, այնպես էլ այնպիսի կարեւոր ուղղությունների, ինչպիսին է գյուղատնտեսության բլոկը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կառավարությունն այսօրվա նիստում մեկ այլ որոշում ընդունեց, որը վերաբերում է Սյունիքի ենթակառուցվածքների զարգացմանը։ Հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք» ծրագրի «ԿԶԵՀ+ հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը։ Կառավարության նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը եւ մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներով թույլատրելի չէ իրականացնել։
«Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետեւանքներին: Այն կներառի Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կամ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կամ իրենք են վերականգնվում հակամարտության հետեւանքով կրած վնասներից»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։
Դավիթ Խուդաթյանն ասաց, որ 25 մլն եվրո նախատեսված է Սյունիքի մարզում թվով 55 բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի բարելավման համար։ Մյուս 25 մլն եվրոն կրթական եւ առողջապահական բաղադրիչների համար է նախատեսված։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Սա ֆինանսավորման մասին չէ, այլ այն կարեւորության, թե ինչ նշանակություն ունի Սյունիքում՝ հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների որակյալ վիճակը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ