«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր առավոտյան հանդիպեցի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Քննարկման առանցքում էր մեկ հիմնարար հարց՝ Հայաստանի հանրային տեղեկատվական տարածքը չպետք է լինի օտար պետության քարոզչության սփռման հարթակ։ Նախարար Հայրապետյանը վերահաստատեց, որ կա հստակ քաղաքական դիրքորոշում և կամք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին արտաքին տարատեսակ տեղեկատվական, քարոզչական հարձակումներից, ընդ որում, սա վերաբերում է և՛ հանրային մուլտիպլեքսին, և՛ ցանցային օպերատորներին։ Սա բխում է ոչ միայն գործող իշխանության հրապարակային հանձնառությունից, այլ նաև Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ինքնիշխանության և ազգային անվտանգության տարրական տրամաբանությունից։
Ռուսական հեռուստաալիքներն իրենց ամբողջ գոյությամբ խախտում են Հայաստանի հանրային կյանքի նկատմամբ հարգանքի նվազագույն չափանիշը։ Այդ ալիքները տարիներ շարունակ տարածել են արհամարհանք, զրպարտություն և խեղաթյուրված պատկերներ մեր պետականության, հասարակության և ինքնության վերաբերյալ։ Նրանք չեն հանդիսանում լրատվամիջոցներ սովորական իմաստով, այլ հանդիսանում են օտար երկրի պետական քարոզչամեքենայի մաս, որի նպատակն է թուլացնել Հայաստանի ինքնուրույնությունը և խաթարել նրա եվրոպական ու ժողովրդավարական առաջընթացը։
Հիշեցնեմ՝ դեռ տարիներ առաջ, Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ արձանագրվել է սկզբունքային պայմանավորվածություն՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում կարող են ընդգրկվել միայն հայկական՝ տեղական հեռուստաալիքներ։ Սա պետության կողմից ձևակերպված սկզբունքային դիրքորոշում է։ Հիմա եկել է այդ դիրքորոշումը գործնականում իրացնելու պահը։
Կարդացեք նաև
Հետևաբար, որևէ տեղ չի մնացել վարանման կամ «տեխնիկական բարդությունների» մասին խոսելու։ Քաղաքական կամքը կա։ Հանրային պահանջը՝ առավել քան երբևէ ուժեղ է։ Մնացյալը պետական պատասխանատվության հարց է։ Հայաստանը չի կարող և չպետք է հանդուրժի իր տարածքում գործել ցանկացող որևէ լրատվամիջոցի ներկայություն, եթե այն ծառայում է ոչ թե հայ հասարակությանը, այլ օտար շահերի։
Տեղեկատվական ինքնիշխանությունը ինքնիշխանության բաղկացուցիչ է։ Եվ ինչպես որևէ երկիր չէր հանդուրժի իր սահմանների վերահսկողության կորուստը, նույնկերպ չպետք է հանդուրժի նաև իր տեղեկատվական տարածքի օկուպացիան։
Այդ իսկ պատճառով՝ Ռուսաստանի պետական հեռուստաալիքների՝ հանրային մուլտիպլեքսից հեռացումը վաղուց հասունացած և անբեկանելի քայլ է։ Այն ոչ թե բարեհաճության, այլ պետական արժանապատվության և ռազմավարական հեռատեսության հարց է և մենք անհապաղ սպասում ենք իշխանության համարձակ վերջին քայլին: