«Խնդիրները եւ պրակտիկ, եւ օրենսդրական տեսանկյունից բավականին շատ են: Պետք է ցավով արձանագրեմ, որ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի ներդրման վերաբերյալ, ինստիտուտը գործարկողների հետ դատական պրակտիկայի շրջանակներում լսած կարծիքներից եմ հետեւյալ եզրահանգման եկել, որ համակարգը ձեւական է գործում՝ ուղղակի փաստաթղթերով ցույց տալու համար մարդասիրական վերաբերմունքը»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը:
Նրա խոսքով. «Բազմիցս եւ Եվրոպական դատարանը, եւ ԵԽ-ն հրապարակած բանաձեւերում փաստում են, որ պետությունների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի գործարկման, վերասոցիալականացման ինստիտուտի՝ որպես այդպիսին իրավունքի իրացման տեսանկյունից իրականացվող քայլերը պետք է իրատեսական լինեն՝ համահունչ իրավունքին, այսինքն՝ անձին տրվող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի իրացման հնարավորությունը պետք է առավել քան իրական լինի եւ իրատեսական:
Սա նշանակում է, որ օրենսդրությունը ցանկացած դեպքում փոփոխելիս պետք է պրակտիկայի խնդիրներով առաջնորդվել, իսկ պրակտիկայի խնդիրները մենք արձանագրում ենք դեռեւս դատական պրոցեսներին մասնակցության արդյունքում, օրենսդրության ուսումնասիրության շրջանակներում եւ այլն: Ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ այս ինստիտուտում միանշանակ պետք է բացառել տուժողների կարծիքը հարցնելու պրակտիկան եւ օրենսդրական դրույթը: Ամենայն հարգանքով բոլոր տեսակի արարքներից տուժող անձանց նկատմամբ (ինքս տարիներ շարունակ դատարաններում պաշտպանում եմ տուժողների շահերը), պնդում եմ, որ այս վարույթներում բացառել է պետք տուժողի ներգրավվածությունը եւ կարծիք հարցնելը»:
Իրավունքի զարգացման եւ պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանն անդրադառնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում եղած վերասոցիալականացման ծրագրերին, նշեց, որ տարբեր ՔԿՀ-ներում դրանք տարբեր ծավալներով են՝ ներառյալ մինչեւ դատապարտյալին աշխատանքով ապահովելը: Նա փաստեց, որ վերասոցիալականացման միջոցառումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ դրանց բավարար, իրական լինելու առումով:
Կարդացեք նաև
«Ինչքան էլ օրենսդրական փոփոխություններ անենք, այդ թվում՝ օրինակ, դատարանից պահանջենք, որ պետք է հստակ եւ սպառիչ թվարկի մերժման հիմքերը եւ այլն, սա կարող է հռչակագրային նորմ մնալ, եթե չունենք բացարձակ հայեցողությունը, կամայական մոտեցումները սահմանափակող հստակ եւ օբյեկտիվ չափորոշիչներ, որոնք կդրվեն համապատասխան զեկույցների հիմքում, հետագայում էլ դատարանի համար հնարավորություն կստեղծեն եւ հիմք կտան օբյեկտիվորեն մերժելու կամ բավարարելու միջնորդագիրը»,-ասաց Դավիթ Գյուրջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի