«Ենթադրում եմ, որ դա այն համատեքստի մեջ է, որ Աբու Դաբիի հանդիպման ընթացքում հասարակությունների երկխոսության մասին է խոսվել և շեշտվել դրա կարևորությունը։ Տվյալ դեպքում Մոսկվան՝ նախկինում Ադրբեջանում բնակված Միխայիլ Գուսմանի դեմքով փորձում է նախաձեռնություն հանդես բերել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանն առաջարկել է համաժողով անցկացնել «լրատվամիջոցների զարգացման գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դերի մասին» այն դեպքում, երբ միջազգային կազմակերպություններն ահազանգում են, որ Ադրբեջանում անգամ մեկ անկախ լրատվամիջոց չի մնացել։
Նրա կարծիքով՝ ՌԴ-ն այն երկիրը չէ և ՏԱՍՍ-ն այն լրատվամիջոցը չէ, որ նման միջոցառում պետք է անցկացնի կամ նախաձեռնի․ «Կարծում եմ, որ ինչպես ընթանում են բոլոր գործընթացները հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ երկկողմանի ձևաչափով, այնպես էլ դա պետք է երկկողմանի ձևաչափով լինի՝ առանց առավել ևս ՌԴ միջամտության։ Իսկ թե ով, որքանով այստեղ կարող է կառուցողական և ազատ լինել, դա կերևա գործընթացում»։
Հետաքրքրվեցինք՝ ռուսական կողմը նման հայտարարություններով փորձում է Աբու Դաբիի բանակցությունների ֆո՞նն ապահովել, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Այո, և ուզում է ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ այս գործընթացում։
Հատուկ օգտագործվել է Միխայիլ Գուսմանի անձը, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանում՝ հուսալով, որ այդ գործոնն այստեղ դեր կխաղա։ Ես կարծում եմ, որ դա որևէ հեռանկար չպարունակող նախաձեռնություն է, քանի որ մինչ այսօր եղել են լրագրողների և մտավորականների փոխանակման հետ կապված ՌԴ-ի նախաձեռնությունը՝ Միխայիլ Շվիդկոյի կողմից։ Մենք տեսել ենք, որ դա որևէ արդյունք չի տվել, որևէ կերպ չի նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը»։
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ կառավարությունը որդեգրել է բանակցությունների՝ ոչ թափանցիկ լինելը և հաճախ պայմանավորվածությունների, օրակարգային հարցերի մասին տեղեկանում ենք ադրբեջանական աղբյուրներից և հարցին՝ Դուք է՞լ ունեք այդ տպավորությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Մենք հասկանում ենք, որ բարդ դիվանագիտական հարաբերություններում շատ դեպքերում այդ խորհրդապահությունն ապահովվում է կողմերի կողմից։ Բայց այն, որ Ադրբեջանը կարծես թե ավելի բաց է խոսում նման նախաձեռնությունների մասին, դա ակնհայտ է։
Մենք հասկանում ենք, որ անորոշությունները շատ էին և′ Աբու Դաբիի հանդիպումից առաջ, և′ նախորդ նման հանդիպումներից առաջ, բայց քանի որ Ադրբեջանը երևի ավելի արդյունավետ է օգտագործում դիվանագիտական խողովակներով և ավելի մեծ ազդեցություն ունի քննարկումների օրակարգի վրա, նաև կարող է իրեն թույլ տալ ավելի շատ բան ասել, քան հայկական կողմը։ Դա որոշակի մտահոգություններ առաջացնում է։ Մենք կցանկանայինք, որ օրակարգի ձևավորման տեսանկյունից և համապատասխանաբար նաև ավելի թափանցիկ աշխատելու տեսանկյունից հայկական կողմն ավելի ակտիվ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Մեր այն հարցին՝ այսինքն՝ ստացվում է, որ հայկական կողմն ազատություն չունի՞ որոշելու իր տեղեկատվական քաղաքականությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց․ «Եթե ամեն ինչ շատ անորոշ է, նախապես որևէ բան ասելու, նաև հանդիպման արդյունքում էլ վստահ ասելիքի առիթ չկա։ Դա է պայմանավորում երևի հայկական կողմի՝ ավելի փակ լինելը։ Եթե նախաձեռնողականություն լիներ և օրակարգ թելադրող լիներ հայկական կողմը, միգուցե մենք ավելի շատ բան կիմանայինք հենց մեր պաշտոնյաների կողմից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ