«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի համար միանգամայն կանխատեսելի եւ սպասելի է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՀՅԴ-ին թիրախավորելու վարքագիծը։
«Սա Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների արդյունք է եւ զարմանալի չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ ՔՊ-ականները ջանասիրությամբ կյանքի են կոչում Ադրբեջանի նախագահին տրված խոստումները եւ էլ ավելի ջանասիրաբար, երկրի ներսում պայքարում են այն ուժերի դեմ, որոնք կողմ չեն այդ պայմանավորվածություններին եւ խոստումների իրականացմանը։
Հիշեցնենք, ՀՅԴ անդամների տներում առավոտյան իրականացված խուզարկություններից հետո եւ հայտնաբերված «զենք-զինամթերքից» հետո ՔՊ-ականները, մասնավորաբար պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, խոսում է ՀՅԴ-ի՝ «տեռորիստական» կառույց լինելու մասին եւ այդ հիմքով այն փակելու անհրաժեշտության։
Կարդացեք նաև
Շատերն այս առիթով հիշեցին 1994-ի դեպքերը, երբ Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցվեց։
Մեր զրուցակիցը անալոգիաներ չի անցկացնում․ «1990-ականներին առնվազն իշխանության մեջ կային ազգային նկարագիր ունեցող անհատներ։ Չնայած, այո, կարող է իրավիճակը նման թվալ, բայց միակ անալոգիան, որն այս պահին մտովի հնարավոր է անցկացնել՝ հաշվի առնելով, որ ՔՊ-ն աննախադեպ իշխանությունն է՝ բառի ամենավատ իմաստով, սա ավելի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին է նման։ Օսմանյան կայսրերի եւ երիտթուրքերի իշխանության գործողությունների շրջանին է նման։ Այս արշավը շատ հիշեցնում է ցեղասպանությանը նախորդած արշավին՝ հայկական էլիտայի եւ ազգային ուժերի նկատմամբ»։
Հարցին՝ կարծում եք՝ ԱԺ-ում նախորդ օրը՝ Արթուր Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից հեռանալուն հաջորդած ծեծկռտուքը այս հողի նախապատրաստման համա՞ր էր, ինչո՞ւ այդ օրը սադրանքի գնացին ՔՊ-ականները, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Սա բռնությունների նոր ալիքի մաս է։ Բռնություններ, որոնց ականատես ենք եղել անցնող օրերի ու շաբաթների ընթացքում՝ սկսած ՀԱԵ-ի դեմ արշավից, ազգային բարերարի բանտարկությունից, սրբազանների բանտարկություններից ։ Այդ շղթայի մի մաս է եւ ԱԺ-ում՝ ընդդիմության վրա հարձակումները, եւ ՀՅԴ-ի դեմ այս արշավը»։
Դիտարկմանը՝ հասկանալի է, որ իշխանությունը հետքայլ չի անելու, իրենք ամեն կերպ փորձելու են հասնել իրենց նպատակների կատարմանը եւ այսօր, Աբու-Դաբիում կայացած հանդիպման արդյունքներն էլ այդ մասին են վկայում եւ հարցին՝ այս իրավիճակում, ընդդիմադիրները քննարկում են, քննադատում են, փորձում են իշխանության՝ արդեն վաղուց պատռված դեմքը պատռել, մի մասը 2026-ի ընտրությունների են պատրաստվում, մյուս մասը՝ իմպիչմենտ է փորձում անել՝ չի հաջողվում, հասարակության ապատիան էլ խորանում է, արդյունքում իշխանությունը հաջողում է․ մինչեւ ե՞րբ այսպես, ՀՅԴ-ական պատգամավորն արձագանքեց․ «Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանին զուգահեռ թիրախավորում են ընդդիմադիր ուժերին։ Թող պատմությունն իրենց գնահատականը տա։ Մեր մտայնությունը մեկն է՝ մենք հավատում ենք, որ ՔՊ-ն ում թիրախավորում է, դրանով հանրային մոբիլիզացիա է ապահովում։ Մենք վստահ ենք՝ հանրային մոբիլիզացիայով եւ հանրության հետ ճիշտ աշխատանքով հնարավորություն ունենք այս իրավիճակը շտկելու։ Մենք կենտրոնանալու ենք այդ հարցի վրա։ Մնացածը՝ թող ամեն մեկը պատասխան տա ինքն իր խղճի առջեւ՝ այս օրերին ինչո՞վ է զբաղված ինքը եւ իր գործողություններով ո՞ւմ ծրագրին է նպաստում»։
Հետաքրքրվեցինք՝ ակնարկում եք, որ իմպիչմենտի նախաձեռնողները Նիկոլ Փաշինյանի օրակա՞րգն են սպասարկում, պատասխանը եղավ այսպիսինը․ «Ոչ, ես այդ բառը չօգտագործեցի։ Ես ասում եմ, որ ՀՅԴ-ն շարունակում է մնալ համախմբող ուժ, մենք գիտենք՝ ինչն է մեր կենտրոնացվածությունը, ինչի՞ համար ենք պայքարում։ Մնացածը՝ թող ամենք ինքը հասկանա, թե ի՞նչ նպատակ է դրել եւ ինչի համար է պայքարում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ